Ներկայումս հանրությանը հուզող թիվ մեկ խնդիրն էլէներգիայի թանկացման հարցն է: Հասարակությունն ուշի ուշով հետևում է ոլորտում տեղի ունեցող ցանկացած զարգացման՝ հատկապես այն պարագայում, որ տևական ժամանակ է, ինչ տեղեկություններ են շրջանառվում ՀԷՑ-ի վաճառքի վերաբերյալ:
Նախօրեին «Տաշիր» ընկերությունների խմբի լրատվական ծառայությունը տեղեկացրել է, որ «Տաշիր» ընկերությունների խումբը և «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը համաձայնագիր են ստորագրել՝ ՀՀ-ում էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի վերաբերյալ։ ««Տաշիր» ընկերությունների խումբը ամբողջությամբ իր վրա է վերցնում ՀԷՑ-ի կառավարման գծով պարտականությունները», – հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը։
Հարկ է նշել, որ «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը մի քանի տարի առաջ ձեռք բերելով՝ ՀԷՑ-ը ոչ արդյունավետ կառավարման և ներդրումներ կատարելու բացակայության պայմաններում համակարգը կանգնեցրել է կրախի առաջ, ինչն էլ պատճառ դարձավ, որպեսզի ընկերությունը 17 դրամով էլէներգիայի թանկացում սահմանելու հայտ ներկայացնի ՀԾԿՀ, որը բավարարվեց մասնակի: էներգետիկ ոլորտի առողջացման նպատակով նախատեսված թանկացումը ոչ միայն անընդունելի է հասարակության համար, այլև իր մեջ լուրջ բացասական տնտեսական ազդակներ է պարունակում:
Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ ՀԷՑ-ում աուդիտ անցկացնող խորհրդատվական «Դելոյթ և տուշ» ընկերությունն իր ներկայացրած եզրակացության մեջ հիմնավորված է համարում էլէներգիայի թանկացման մասին ՀԾԿՀ որոշումը: Այսպիսի պայմաններում ՀԷՑ-ի վաճառքը «Տաշիր» ընկերությունների խմբին պետք է դիտարկել առաջին հերթին այն տեսանկյունից, թե ի վիճակի՞ է «Տաշիր» ընկերությունների խումբը ՀԷՑ-ը դուրս բերել ճգնաժամային իրավիճակից:
Նախ, նշենք, որ «Տաշիր» ընկերությունների խումբը նոր չէ մուտք գործում էներգետիկ ոլորտ: Բանն այն է, որ «Տաշիր գրուպի» մեջ մտնում են մոտ 200 տարբեր ոլորտներում գործող ընկերություններ: Սակայն այդ խմբի մեջ իրենց ուրույն դերն ունեն հենց էներգետիկայի ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունները, որոնք ներառված են «Կասկադ էներգոհոլդինգ» ընկերությունների խմբում: Մասնավորապես, դրանք են «Կասկադ-էներգո», «Կասկադ-էներգոսբիտ», «Կասկադ-էներգոսետ», «Կասկադ տեխ-էքսերգո» և այլն:
Հետաքրքիր է նաև, որ «Տաշիր գրուպի» մաս կազմող էներգետիկայի ոլորտում գործող ընկերությունները հիմնադրվել են 2005-ին և արդեն 2007-ից դրանք գործունեություն են ծավալում Ռուսաստանի մի շարք տարածքներում, այդ թվում նաև՝ մայրաքաղաք Մոսկվայում: Շրջանառվում են տեղեկություններ այն մասին, որ «Տաշիր գրուպ»-ին են պատկանում նաև մերձբալթյան երկրների էներգետիկ համակարգի որոշ ենթակառուցվածքներ:
Այս ամենով հանդերձ՝ էներգետիկ ոլորտում «Տաշիր» ընկերությունների խմբի գործունեության ընդլայնումը և 2007թ-ից սկսած ունեցած հաջողությունները վկայում են ոլորտում «Տաշիր»-ի ունեցած մենեջմենթի արդյունավետության մասին:
Ուստի այս հանգամանքը հաշվի առնելով` կարող ենք նշել, որ ընկերությունը հնարավորություն ունի ՀԷՑ-ում իրականացվող մենեջմենթը հասցնել նոր որակի: Բացի այդ, «Տաշիր» ընկերությունների խումբը, գործունեություն ծավալելով տարբեր ոլորտներում, լուրջ ֆինանսական ռեսուրսների է տիրապետում, հնարավորություն ունի ՀՀ էլցանցերում ներդրումներ անել և համակարգը դուրս բերել ստեղծված բարդ իրավիճակից:
Ամփոփելով նշենք, որ ՀԷՑ-ի վաճառքը «Տաշիր» ընկերությունների խմբին Հայաստանի էներգետիկ ոլորտի առողջացման նախադրյալներ է ստեղծում, իսկ ինչպես կզարգանան համակարգում տեղի ունեցող գործընթացները, տևական ժամանակի հարց է, քանի որ ՀԷՑ-ը կուտակել է հսկայական քանակությամբ պարտքեր և ոչ արդյունավետ կառավարման պարագայում կրել է վնասներ: