Ես աղոթում եմ քեզ համար, մա՛մ: Ես ամեն գիշեր աղոթում եմ… Երբեմն նույնսիկ գերուժի գոյությանը չհավատալով եմ աղոթում, որովհետև ինձ համար գերուժ այս աշխարհում դու ես: Դու ես գոյության միակ ապավենն ու երաշխավորը, մա՛մ: Հարյուրավոր խնդիրներով կիսվում եմ քեզ հետ, հազարավորների միայն մի մասն եմ լուսաբանում ու միլիոնավորներն էլ  գաղտնի եմ պահում հոգուցդ:

Մա՛մ, պարզապես քո զավակն էլ այսպիսին է` երբեմն չգնահատող, իրեն միշտ ճիշտ կարծող ու հաճախ նաև առանց քեզ իր կյանքը կառուցող: Բայց դու, մա՛մ, բայց դու ինձ հետ ես ամեն անգամ`  մի՜շտ:  Նույնիսկ երբ պոռթկման պահին բղավում եմ քո սխալականության մասին: Ների՛ր ինձ, մա՛մ, թո՛ղ որ համրանամ այն պահին, երբ կփորձեմ հանդիմանել քեզ, երբ կփորձեմ քննադատել մայրական երկյուղանքն ու հոգատարությունը, չափազանցված քնքշությունն ու քեզ զոհելու պատրաստակամությունը: Թո՛ղ կուրանամ այն վայրկյանին, երբ կտեսնեմ քո հիասթափությունն ինձ հետ կապված, քո ներելու ու սիրելու կարողությունն հիասթափվելուց հետո: Թո՜ղ, մա՛մ, թո՛ղ այսօր ծնկի իջնեմ քո առաջ ու լաց լինեմ, լուռ լաց լինեմ այն ամեն վիրավորանքի համար, որ հասցրել եմ, ամեն մի հանդիմանության, դեմքիդ հայտնված ամեն մի կնճիռի համար, թո՛ղ որ արցունքներով փորձեմ գնել անգին հոգիդ… Մա՜մ, ների՛ր ինձ: 

  Ես եմ պատասխանատու կոշտացած ձեռքերիդ, անքուն գիշերներիդ, իմ երջանիկ ապագայի մասին հույսեր կապելու համար: Ե՛ս եմ պատասխանատու քո ամեն լավ ու վատ վայրկյանի համար, մա՜մ: Սիրում եմ քեզ, գիտեմ, որ հազվադեպ եմ ասում դա` հաճախ հաղորդագրություններով կամ ծննդյանդ օրերին, բայց, մա՛մ, նման հզոր զգացմունքի մասին խոսել ես չեմ կարողանում: Թո՛ղ այսօր համբուրեմ մատներդ, մա՛մ, համբուրեմ ու սրբեմ արցունքներդ այտերովս, թո՛ղ ինչ-որ չափով գոնե վերագտնեմ երիտասարդությունը, այն անգին երիտասարդությունդ, որը ծախսել ես ինձ ծնելու, մեծացնելու ու պիտանի անհատ դաստիարաելու վրա: Գիտեմ, որ չես զղջում, մա՛մ, գիտեմ, որ ամենամեծ երջանկությունդ եմ, քո անմար ճրագը, քո հույսն ու ապավենը, քո ապագան, քո շարունակությունը, քո մասնիկը… Բայց միևնույն է, մա՛մ, թույլ տուր քո փոխարեն ինձ վերցնեմ այն բազում վերքերի գոնե մի մասը, որոնք հասցրել եմ քեզ իմ` զավակին հատուկ անխնամությամբ: Գիտեմ, որ հոգիդ անդունդ է. այնտեղ միշտ էլ ներում կգտնվի, բայց մա՜մ, ների՛ր, որ այժմ ստիպված եմ ներում հայցել…
  Թույլ տուր քեզ արժանի դառնալ, քեզ ձեռքերիս վրա տանել ու ամեն վայրկյան աղոթել քեզ համար. քեզ համար ու քե՜զ աղոթել` իմ միակ անաղարտ էակին այս աշխարհում ու աշխարհից դուրս: Թո՜ւյլ տուր ինձ վերցնել ցավերդ ու պայքարել աչքերիդ լույսը միշտ վառ պահելու համար: Թո՜ւյլ տուր, մա՛մ…
  Սիրում եմ քեզ, մա՛մ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել