Երեկ լրատվական կայքերում շրջանառվեց «ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» միջազգային խորհրդատվական ընկերության նախնական որոշումն էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ: Դրանից մի քանի ժամ անց Տաշիր ընկերությունների խումբը պաշտոնապես հաստատեց, որ գնում է ՀԷՑ-ը, և առնվազն մեկ տարի չի փոխվի սակագինը:
ՀՀ Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Կարող ենք փաստել, որ սակագները հիմնավորված են, և դրանք փոփոխության ենթակա չեն»: Հ.Աբրահամյանը նաև նշեց, որ թեմայի վերաբերյալ զրուցել է Սերժ Սարգսյանի հետ, և եկել են այն եզրակացությանը, որ բնակչության նորմալ կենսագործունեության ապահովման համար էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը խոչընդոտ չպետք է հանդիսանա:
Կառավարության նիստում Հովիկ Աբրահամյանը նաև տեղեկացրեց, որ այս իրավիճակում հրամայական է ոլորտում նոր ժամանակակից կառավարման համակարգի ներդրումը, և հետևաբար հաշվի առնելով Տաշիր խմբի երկարամյա փորձն էներգետիկ համակարգում, որոշում է կայացվել այն վաճառել Տաշիր գրուպին: Հ.Աբրահամյանը շեշտեց, որ Սամվել Կարապետյանին ՀՀ իշխանություններն են խնդրել գնել ՀԷՑ-ը: Կարապետյանն էլ չի մերժել: