Այս շաբաթ ողջ մարդկությունը պատմական իրադարձության ականատեսը դարձավ: ՆԱՍԱ-ն հայտարարեց, որ Մարս մոլորակի վրա հոսող հեղուկ ջուր է հայտնաբերվել: Սա թույլ է տալիս ենթադրել, որ շուտով կստանանք նաև տասնամյակներ շարունակ մարդկությանը հուզող հիմնական հարցի պատասխանը՝ արդյո՞ք Մարսի վրա նաև կյանք կա: Թեկուզ մանրէների տեսքով:
Մասնագետները կանխատեսում են՝ առաջիկա շաբաթներին և ամիսներին գիտական շրջաններում շատ թեժ վիճաբանություն է ծավալվելու սկզբունքային հարցի շուրջ՝ արդյո՞ք անհրաժեշտ է «Քյուրիոսիթի» մարսագնացն ուղղել դեպի այն վայրը՝ հայաստանյան Գառնի բնակավայրի անունը կրող խառնարանը, որի լանջերով, ինչպես պնդում են գիտնականները, ամռանը ջուր է հոսում: էստեղ չափազանց լուրջ խնդիր կա: Նույնիսկ երկու խնդիր: Առաջին՝ եթե «Քյուրիոսիթին» մանրէներ հայտնաբերի, արդյոք մենք կարող ենք վստահաբար պնդել, որ դրանք մարսյան ծագում ունեն, այլ ոչ թե հենց մարսագնացի՝ Երկրից բերած մանրէներն են: Եվ երկրորդ՝ արդյո՞ք Երկրից բերված մանրէները, ջրի հետ շփվելով, այսինքն ընկնելով բարենպաստ միջավայր, չեն վարակի ողջ մոլորակը, և ի՞նչ հետևանքներ կարող է դա ունենալ: Ունի արդյո՞ք մարդկությունն այդ իրավունքը՝ վարակել ողջ տիեզերքը և այդ վտանգավոր գործընթացը սկսել Կարմիր մոլորակից:
էստեղ ուրիշ շատ ուշագրավ հանգամանք կա՝ զուտ երկրային: Մարսի վրա հեղուկ ջրի առկայության մասին լուրը շատ հմտորեն մատուցվեց՝ ինտրիգի ձևով: Մի քանի օր առաջ ՆԱՍԱ-ն հաղորդեց՝ երկուշաբթի օրը շատ կարևոր հայտարարություն ենք անելու, բացահայտելու ենք Կարմիր մոլորակի գաղտնիքներից մեկը: Այսինքն՝ բոլորը լարված սպասում էին, սպասում էին նաև մեկ այլ պատճառով՝ այս ուրբաթ մեծ էկրան է դուրս գալու աշխարհահռչակ ռեժիսոր Ռիդլի Սքոթի «Մարսիացին» ֆիլմը, որին նույնպես հանդիսատեսն անհամբերությամբ է սպասում: Ինչպես տեսնում եք, ամեն ինչ արվեց, որպեսզի մարսյան ջրի մասին լուրն իսկապես սենսացիոն լինի և հնարավորինս մեծ հետաքրքրություն ու լայն արձագանք առաջացնի հասարակությունում, իսկ այս շաբաթն իրոք մարսյան շաբաթ դառնա:
Երկու խոսք այդ կինոնկարի մասին: Դժվար թե Հայաստանում կգտնվի գեթ մի մարդ, որը չի դիտել օսկարակիր ռեժիսոր Ռիդլի Սքոթի նկարահանած «Գլադիատորը», որտեղ հնչում է Ջիվան Գասպարյանի դուդուկը: Օսկարի դափնեկիր է նաև նոր ֆիլմի գլխավոր հերոսի դերակատար՝ ամերիկացի հայտնի դերասան Մեթ Դեյմոնը:
Սյուժեն այսպիսին է: Երկրից արշավախումբ է ժամանում Մարս, ահավոր փոթորիկ է սկսվում, տիեզերագնացները հասկանում են, որ չեն կարողանալու կատարել իրենց առաքելությունը և շտապ հեռանում են՝ Մարսի վրա թողնելով իրենց ընկերներից մեկին, հաստատ համոզված լինելով, որ նա մահացել է: Բայց պարզվում է, որ Մեթ Դեյմոնի հերոսը չի մահացել: Ու միայնակ մնում է հեռավոր մոլորակի վրա՝ մոտավորապես Ռոբինզոն Կրուզոյի կարգավիճակով: Ճիշտ Ռոբինզոն Կրուզոյի նման, որն ինչ-որ բաներ էր հասցրել հանել խորտակված նավից, այս տիեզերագնացն էլ ունի ջրի և սննդի մի քանի ամսվա պաշար, բայց դա ակնհայտորեն բավարար չէ, որովհետև հաջորդ արշավախումբը կարող է Մարս հասնել միայն 4 տարի հետո: Ու սկսվում է գոյատևման համար պայքարը: Եթե ջուր ունենաս, կարող ես նաև ջերմոցային պայմաններում բույսեր աճեցնել, սերմերը կան, սնունդ կստանաս, բայց ամենակարևորը՝ ջուրն է բացակայում Մարսի վրա:
Պարադոքսալ իրադրություն ստացվեց: Ուրբաթ օրը Ամերիկայի մոտ 4000 կինոթատրոններում առաջին անգամ ցուցադրվելու է սպասված ֆիլմը, որի սյուժեն հիմնված է այն ենթադրության վրա, որ Մարսի վրա ջուր չկա, իսկ դրանից ընդամենը մի քանի օր առաջ գիտնականները հայտարարում են՝ Մարսի վրա ջուր կա: Գիտե՞ր արդյոք ռեժիսորը այս մասին: Այո, գիտեր: «Նյու Յորք Թայմս»-ին տված հարցազրույցում Ռիդլի Սքոթը խոստովանել է՝ «Դեռ երկու ամիս առաջ՝ ամռանը, ինձ հրավիրեցին ՆԱՍԱ և ցույց տվեցին այն լուսանկարները, որոնք ապացուցում են, որ Մարսի վրա ջուր կա»:
Մինչև պրեմիերան դեռ ժամանակ կար, կարելի էր փոխել սյուժեն: Բայց ռեժիսորը չդիմեց այդ քայլին: Որովհետև ֆիլմի գաղափարն էր աղճատվելու: Կինոնկարի գլխավոր թեման սա է՝ մարդու ոգին անպարտելի է, ուժեղ մարդը ելք կգտնի նույնիսկ անելանելի իրավիճակներից: Իսկ եթե ֆիլմի հերոսը ոչ թե ինքնուրույն հայթայթեր ջուրը, այլ գտներ այն, համաձայնեք, լրիվ այլ բան էր ստացվելու:
Շատերը կարող են ասել՝ «Լավ, բայց լուրջ գիտնականներին սազակա՞ն է նման բան անել՝ նախօրոք իմանալ, որ Մարսի վրա հոսող ջուր կա, բայց դիտմամբ հրապարակել այդ լուրը Մարսի մասին կինոնկարի շնորհադեսի հենց նախօրեին»: Նման հարցադրում անելիս չպետք է մոռանալ, որ գիտությունը հսկայական գումարներ է պահանջում, և այդ գումարները ստանալու համար հարկավոր է նաև հասարակությանը համոզել, որ փողն անհրաժեշտ է բարենպաստ տրամադրվածություն ստեղծելու հասարակ մարդկանց շրջանում: Այնպես որ, ամերիկացի գիտնականների պահվածքը արդարացում ունի:
Ինչո՞ւ են Հայաստանում խղճուկ գումարներ հատկացվում գիտության զարգացմանը: Այո, իշխանավորներից շատերը չեն գիտակցում դրա կարևորությունը, դա էլ կա, բայց խոստովանենք՝ մենք էլ ենք մեղավոր՝ հասարակական պահանջ չկա գիտությունը զարգացնելու համար, գիտության դերի գիտակցումը չկա:
Հիշենք Իսրայելի 10-րդ նախագահ, 92-ամյա Շիմոն Պերեսի խոսքերը՝ «Մենք երազում էինք մեր հողի մասին, բայց այն հողը, որը մենք ստացանք, երազելու բան չէր: Այնտեղ կար երկու լիճ՝ մեկը մեռած, մյուսը՝ մեռնող: Կար հանրահայտ մի գետ, բայց մեջը ջուր չկար: Այսինքն՝ ջուր չունեինք ընդհանրապես: Եվ մենք մտածեցինք: Բնության մեծագույն հարստությունը մարդն է: Մարդիկ հարստացրեցին հողը, այլ ոչ թե հողը՝ մարդկանց: Մենք բոլորս գիտնականներ դարձանք: Իսրայելում յուրաքանչյուր ֆերմեր սկսեց մտածել՝ ինչպես զարգացնել գյուղատնտեսությունն առանց ջրի, առանց հողի: Եվ մենք սկսեցինք զարգացնել դա: Դա աշխարհում առաջին գյուղատնտեսությունն էր, որը հիմնված էր բարձր տեխնոլոգիաների վրա: Ջուրը սովորաբար գտնում են, չեն հայթայթում: Իսկ մենք սկսեցինք հայթայթել, ստեղծել ջուրը: Եվ հաջողության հասանք»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.dulyan/posts/989519121110116
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել