Մի անգամ գրել եմ այս մասին, բայց կարծում եմ՝ պետք է մի քիչ ավելի ընդարձակ անդրադառնալ: Գյուղատնտեսությունը Հայաստանում, համեմատած նույն ոլորտի հետ, Վրաստանում միանշանակ ավելի զարգացած է: Կարող ենք նայել թե՛ վերամշակող ձեռնարկությունների քանակով ու որակով, թե՛ ոլորտի ընդհանուր աճ ցուցանիշներով:
Սակայն այժմ Վրաստանում շատ լավ նախադրյալներ են ստեղծվել հասնելու և անցնելու Հայաստանի ցուցանիշներին հատկապես գյուղատնտեսության ոլորտում: Սա չեմ ասում նախանձից, թե իբր պետք է զարգանանք, որ Վրաստանը Հայաստանից չանցնի ու նման հիմար բաներ: Խնդիրն այլ է՝ ներքին պահանջակի բավարարումը հատկապես առաջին անհրաժեշտության գյուղմթերքի մասով, ինչպես նաև այլ բնագավառներում արտահանման զարգացումը, ռիսկերի գնահատումը, հատկապես ռուբլու արժեզրկման ֆոնին: Դե մեր գյուղմթերքի հիմնական սպառման շուկան ՌԴ-ն է:
Հայաստանում, եթե չեմ սխալում, պետական ծրագրով գյուղատնտեսական վարկերը տրամադրվում են մոտ 13%-14%-ով: Միգուցե մի երկու տոկոս ավելի քիչ: Իսկ գիտե՞ք Վրաստանում ահռելի գումարներ պետական ծրագրով, այն է՝ սուբսիդավորմամբ, ի՞նչ տոկոսադրույքով են տրամադրվում գյուղացիներին՝ գյուղատնտեսական կարողություներ զարգացնելու համար: Դե բռնվեք. տրամադրվում է ազգային արժույթով մինչև 1 մլն լարի, մեկ-մեկ հլա ավել, մինչև 7 տարի մարման ժամկետով ու 1%, 2%, 3% տարեկան տոկոսադրույքով: Բացի այդ, առաջին 18 ամիսը հնարավորություն է տրվում մարդկանց չմարել վարկը:
Իրականում այնտեղ այդ վարկերը բանկերը տրամադրում են 15%ով տարեկան, իսկ պետությունն Իվանիշվիլու ֆոնդի հետ միասին սուբսիդավորում է մոտ 14%-ը: Այսպիսի բաներ: Սա է կոչվում երկար փողեր տնտեսության, հատկապես՝ գյուղատնտեսության մեջ: