Հայ բանագիտությունը - մեր բանավոր գրականության գիտությունը երեք լեռ է ծնել – եռագագաթ զորություն: Մանուկ Աբեղյան – Արամ Ղանալանյան – Սարգիս Հարությունյան: Լեգենդներ են այս անունները, այլևս անբաժան են, և թվում էր, թե նրանք երեքն էլ Հոգևոր Հայաստանի վերին ոլորտներում են – ուրիշ որտե՞ղ կարող են լինել: Բայց ո՜վ զարմանք – նրանցից վերջինը՝ Սարգիս Հարությունյանը, այդ առասպելը, նաև մեզ հետ է:

Մի քանի օր առաջ էր: Ինչ-որ ծանր տագնապ էր տարել - իսկ երկու օր հետո 87-ամյակն էր: Մաշկը՝ բարակ ու չոր է, բարակ ու անպաշտպան – սրբազան լավաշի նման, աչքերը աղոտ լույս են տալիս, ձայնը խուլ է և գալիս է էն բարձր, էն կորուսյալ լեռներեն… Բայց երբ հնչում է կուռ, տրամաբան խոսքը, երբ ցոլանում է ցոլակերտ միտքը, երբ խոսք է գնում Վեպի – Սասնա Ծռերի մասին – հասկանում ես, որ Հայաստան աշխարհում մեկը կա, որ հայրություն է անում երկրին: Ծփում է գիտությունը, հիշողությունը, ճշմարտությունը – ոչ մի րոպե մեզ չի հանձնում զրույցի թելը, - մեկ Պարույր Սևակին կգա, մեկ ասացող Աբաջենց Սեթոյից կխոսի, մեկ Մոգերի ցեղի մասին կպատմի… Ասում եմ՝ Մշո բարբառը առավել խորն է խոսում հայի սրտի հետ, այդ բարբառով նյութեր եմ ընտրում ձեռնարկի համար: «Այո՜, այո՜» ,- խուլ որոտում է ձայնը: Հիմա էլ ինքն է զարմանում, թե էս բժիշկը… Բժիշկներին չի սիրում և ասում է. «Խլում են մարդու ազատությունը…»: Ինձ առանձին մխիթարում է. «Լավ մարդ ես, ափսո՜ս, որ… բժիշկ ես»: Չխրոխտանամ, բայց ասեմ – երկրում իր զրուցակիցները պակասել են – ես ու որդիս գոհություն ենք տալիս խստաշունչ սրտին – ՀԱՍԿԱՆՈՒՄ ՈՒ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆՔ իրեն: Իր անձի ու իր գիտության ազնվականությունը: Եվ զարմանում ենք: Եվ քանի որ զարմանում ենք – Սարգիս Հարությունյանի էությունից քաղում ենք գիտության ու ազնվության Բրաբիոն Ծաղիկը…

Առանց զարմանքի կյանքի զարգացում հնարավոր չէ; Առանց զարմանքի երկիր կառուցել չի լինի: Առանց զարմանքի իրար սիրել ու ներել չի լինի: Առանց գնահատանքի ու զարմանքի չենք քաղի Նոր Երկրի բրաբիոն ծաղիկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել