Картинки по запросу ղարաբաղ1. Վերջին օրերի պատասխան հրետակոծությունները և նույնիսկ դիրքերի գրավումը հայկական ուժերի կողմից Ադրբեջանի համար Casus belli չեն հանդիսանում:

2. Ռուսաստանի ձգտումները՝ իրավիճակը ապակայունացնել, որպեսզի.
-ռուս խաղապահներ մտցվեն վախեցած Հայաստանի խնդրանքով և իր պայմաններով, 
-կամ հյուծի երկու կողմին, ուժասպառ անի և հետագայում ստիպի այդ թվում նաև Արևմուտքին մասնակցել բանակցություններին ՌԴ բարձր հովանու ներքո և պայմաններով,
-և/կամ կասեցնել նոր Տրանսանատոլյան՝ Շահդենիզ-Վրաստան-Թուրքիա գազատարի կառուցումն անորոշ ժամկետով մինչև Գազպրոմի Ուկրաինան շրջանցող «Թուրքական հոսանքի» կառուցումը,
խանդավառություն չեն առաջացրել Ադրբեջանում, և ուժային ճնշումը սահմանին մնում է կետային և սահմանափակ: Ադրբեջանը չի վստահում Մոսկվային և իր՝ տարիներով կուտակած սպառազինությունը կիսալուծման համար պատրաստ չի վատնել:

3. Նաև նավթային եկամուտների սպառման պայմաններում Բաքվի վարչակարգի կյանքի, գոյության խնդիր է Շահդենիզ-2 գազի արտահանման համար նոր Տրանսանատոլյան գազատարի օր առաջ կառուցումը, ինչը պահանջում է հսկայական ֆինանսական միջոցներ և համեմատական խաղաղություն տարածաշրջանում:

4. Ադրբեջանը պիտի նկատի ունենա նաև իրավիճակի սրման հնարավորությունը ռուս-ադրբեջանական և իրանա-ադրբեջանական սահմանին և զգալի ուժեր պահպանի այդ ուղղություներով: Սակայն այդ ուղղություններն ապահովագրել ռազմական առումով անհնար է:

5. Ադրբեջանի համար Ех tempore, իմ կարծիքով, հանդիսանում է մի քաղաքական իրավիճակ, երբ վստահաբար կարելի է պնդել, որ Ռուսաստանը և Իրանը չեն միջամտի և չեն փախցնի հաղթանակը Բաքվի ձեռքից, այսինքն՝ գրեթե անհնար իրավիճակ: Իրանի սանկցիաներից դուրս գալուց հետո նման իրավիճակի հավանականությունը շեշտակիորեն նվազել է: 
Պատերազմի վերսկսման քաղաքական պատրվակներն այս իմաստով էական չեն, և հարմար պահին կստեղծվեն նույն բախումների միջոցով:

6. Նախորդ կետից հետևում է Ադրբեջանի ռազմավարությունը. հյուծել հայկական կողմին հրետակոծություններով, դիվերսիոն և դիպուկահարների պատերազմով և պարբերաբար բարձրացնել սահմանային լարումը մինչև վերահսկելի դիրքային պատերազմ՝ Առաջին համաշխարհայինի համեմատական անդորրի պահերի մակարդակ, և ստիպել բարոյալքված և քայքայված Հայաստանը կամավոր գնալ զիճումների քայլ առ քայլ: 
Այսինքն՝ պատերազմը հենց այսօրվա իրավիճակն է: 
Եվ այդ ռազմավարությունից ելնելով՝ Բաքուն, չնայած բյուջետային ճեղքվածքին, շարունակում է հսկայական գումարներ ծախսել սպառազինությունների վրա և սպասել հարմար առիթի:

7. Մինսկի խումբը մնում է միայն համանախագահող երկրների Երևանի և Բաքվի իշխանություններին վերահսկելու նպատակով երկխոսության հարթակ, որը, սակայն, այլևս ակտուալ չէ, քանի որ վերջին տարիներին ի հայտ եկավ իրողություն, որը Բաքվի և Երևանի իշխանություններն այնքան ուժեղ են, որ կարող են անտեսել Մինսկի խմբի առաջարկները և իշխանության պահպանման ոչ մի խնդիր չունենան, իսկ համանախագահողների հակասությունները թույլ չեն տալիս խմբին դառնալ գործուն կառույց, իսկ խմբի առաջարկները՝ իրական քաղաքական գործոն: Նման իրավիճակը գնալով ամրապնդվելու է Ղարաբաղյան հարցի դեակտուալացմանը և տեղական վերնախավների ամրապնդման զուգահեռ:

8. Հայաստանի համար խնդիր է հանդիսանում ոչ թե Ղարաբաղյան հարցը, այն լուծում չունի, այլ Ադրբեջանի նյութական և ֆինանսական առավելությունը, որի գագաթնակետն արդեն անցել է և տարիների ընթացքում նվազելու է: Իհարկե, հայկական կողմի քայլերն էական նշանակություն ունեն այդ դիսբալանսի վերացման հարցում:

9. Ադրբեջանի առավելության նվազումը կարող է ապագայում ստեղծել գայթակղություն Բաքվի մոտ՝ ավելի վճռական քայլերի գնալու, սակայն առանց իշխանությունը վտանգելու: Այդ դեպքում Բաքուն պատրաստ կլինի կիսալուծումների, տարածքային առումով միջանկյալ լուծումների, եթե դրանք մեծ արյուն չեն պահանջում և չեն թուլացնի Բաքվի ղեկավարությանը: 
Կիսատ լուծումը, ըստ Բաքվի, ենթադրում է ԼՂՀ կամ ցանկալի է Հայաստանի տարածքի էական նվաճում, որը կարող է հակահայ հանրության համար խաղարարներ տեղադրելու համաձայնության բավարար հիմնավորում հանդիսանալ: Ընդ որում, ԼՂՀ ճանաչումը Ադրբեջանի կողմից և հետագա առճակատման դադարեցումը որևէ պարագայում չի նշմարվում:
Այդ իսկ պատճառով Բաքվի վարչակարգն Ադրբեջանի համեմատական թուլացմանը զուգահեռ դառնում է ոչ թե ավելի բանակցաունակ և զիճումներին պատրաստ, այլ ավելի վտանգավոր: Սակայն այս հարցում կրկին վճռական դեր ունի Հայաստանի վիճակը և հնարավորությունները:

10. Վերը թվարկված հանգամանքներից ելնելով՝ ԼՂՀ միջազգային ճանաչումը տեսականորեն չնչին հավանականությամբ հնարավոր է (բայց ոչ երաշխավորված) միայն Ադրբեջանի ուղղակի հարձակման դեպքում:
Եթե պահանջում ենք ճանաչում, ապա կանխատեսում ենք նաև հարձակում: Սակայն մեր ներկա քաղաքականությունը և ողջամտությունը խուսափել պատերազմից նշանակում է նաև ԼՂՀ ճանաչումից: 
Փորձել Բաքվին սադրել հարձակման արկածախնդիր տարբերակ է, քանի որ ոչ մի երաշխիք ԼՂՀ միջազգային ճանաչման չկա:

11. Սակայն ԼՂՀ միակողմանի ճանաչումը և հանրաքվեով միավորումը Հայաստանի հետ (Ղրիմի նախադեպով) նույնպես չի նշանակում պատերազմի վեսրսկսում, ինչպես նաև բանակցությունների դադարեցում (տես կետ 6): 
Նույն Մինսկի խմբի առաջարկներից՝ ԼՂՀ բնակչության կամարտահայտությունը, իրականացնելով կստեղծի է մի իրավիճակ, երբ համանախագահների այլ առաջարկների՝ ապաշրջափակման, բնակչության վերադարձի և զորքերի դուրսբերման իրականացումն արդեն կապվում է պաշտոնական Բաքվի բնակչության կամարտահայտության ճանաչման հետ: Եթե չկա այդ ճանաչումը (իսկ այն չի լինելու երբեք), ապա Մինսկի խմբի այլ կետերի իրականացումն անհնար է: Բանակցությունների բանաձևը փոխվելու է կամարտահայտության ճանաչում զիճումների դիմաց նախկին՝ անորոշ ժամկետում կամարտայտում իրական զիճումների դիմաց:

12. Նույն Արևմուտքի համար դիլեմը՝ ճանաչել ԼՂՀ-ն, թե՝ ոչ, փոխվելու է՝ ճանաչել Մինսկի խմբի կողմից առաջարկված իսկ բնակչության կամարտահայտությունը, թե՝ ոչ: Դրանում է նաև ԼՂՀ հանրաքվեի տարբերությունը Ղրիմյան նախադեպից:
Մինսկի խմբի երկրների համար սեփական առաջարկի՝ ժողովրդական հանրաքվեի մերժումը քաղաքականապես դժվար է և երկիմաստ: Եվ այդ կամարտահայտության՝ միավորման հանրաքվեի միջազգային ճանաչումը շատ ավելի դյուրին է, քանի որ փաստը վաղ թե ուշ ճանաչվում է, իսկ թույլտվություն-դոբրո ստանալը քայլ անելու՝ ուղղակի անհնար գործ է և ինքնախաբեություն: Սկզբից քայլը արվում է, հետո օրինականացվում, ոչ երբեք համակառը:

13. ԼՂՀ և Հայաստանի հանրաքվեով միավորումը Բաքվի համար հնարավոր պատերազմի վերսկսումը՝ ոստիկանական, ներքին ապստամբության ճնշման օպերացիայից վերածելու է մինչպետական պատերազմի, որի դեպքում Հայաստանի ձեռքերը լիովին ազատ են: Ներկայումս Հայաստանը փաստացի ներգրավված է խնդրի մեջ որպես պատասխանող կողմ առանց միջազգային իրավունքով վերապահված իրավունքների, սակայն Ադրբեջանն ազատ է դիտարկել հարցն իր հայեցողությամբ՝ նաև որպես իր ներքին գործ:

ՀԳ.
Փորձը ցույց է տալիս, որ տարիների ընթացքում իրավական խնդիրները դանդաղ, բայց անշեղորեն հարթվում են, և Հայաստանի հանրապետության միջազգային այլ հարաբերությունները և կապերը թույլ կտան մարսել նման հանրաքվեի իրականացումը: 
Հակառակ դեպքում, առկա ռազմավարությունը հանգեցնելու է վաղ թե ուշ միայն խոշոր պարտության առանց որևէ իրավիճակը վերախաղարկելու զսպանակների և հնարավորությունների: ԼՂՀ-ն համարվելու է Ադրբեջանի մաս, Բաքվի հարձակումը՝ Ղարաբաղի վրա ներքին գործ, իսկ Հայաստանի միջամտելը միայն հիմնավորելու է ԼՂՀ ձևական բնույթը և Հայաստանին է դարձնելու ագրեսոր: 
Սրանք են «սպասել, թե երբ է Ադրբեջանն ընտրելու իր համար հարմար առիթը՝ հարձակվելու համար, որ ճանաչենք ԼՂՀ-ի մնացորդները» քաղաքականության հետևանքները:
Միավորման հանրաքվեն է, իմ կարծիքով, հայկական կողմի դիվանագիտական հասունացած հիմնական քայլը: Իսկ քաղաքականն անկախ դիվանագիտականից չի փոխվում, բնակեցնել տարածքը, ունենալ հզոր միացյալ երկիր և հարցը փակել վերջնականապես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել