Մարդը ծնվում է կյանքի առաջին իսկ օրերից երջանիկ լինելու համար:
Բայց…
Իր կյանքի առաջին իսկ վայրկյանից հարված է ուտում հետույքին` բղավելու համար:
Հետո բարուրում են ձեռքերն ու ոտքերը` սահմանափակելով շարժումները:
Եվ երբ մայրական կաթը չի բավարարում, ստիպում են հանդիպել առաջին ստին` բերանն են խցկում ռետինե ծծակն ու ասում` կե´ր, ապրի´ր երջանիկ, մեծացի´ր, ստեղծագործի´ր:
Կյանքի պատերազմում հարկավոր է համբերությամբ սպասել, երբ Կյանքն ինքը կհպվի քեզ անհրաժեշտ պահին` նուրբ ու հաճելի…
Փորձի´ր զգալ Նրան` լեզվի ծայրով, շուրթերով: Եթե ոչինչ չստացվի, փորձի´ր մատներիդ բարձիկներով հպվել…
Սկզբից կզգաս հեռավոր կայծակի պայթյուն, հետո` ասես աշնան տերևների լուռ սոսափյուն, իսկ վերջնականապես` տաք մի զեփյուռի գրկում կմոռանաս ամե՜ն- ամե՜ն ինչ… Հեռվից կլսես քեզ կանչող մի երաժշտություն ու կգնաս…
* * *
Վեր կացավ անկողնուց:
Բնակարանը սառն էր:
Անհրապույր:
Սեփական պաշտոնական իրավունքներին ձեռնահաս ձմեռը ջանասիրաբար կատարում էր իր ցուրտ գործը:
Խալաթը գցեց վրան, փորձեց գնալ խոհանոց՝ սուրճ եփելու, բայց մի պահ կանգ առավ…
Ձմեռն իր սառը ձեռքը մտցրեց ծոցը, սառցե մատներով շոյեց կրծքերն ու փորձեց իջնել ավելի ներքև…
… Արդեն մեկ տարի կլինի, ինչ իրեն չեն շոյել, չեն սիրել տղամարդկային ձեռքեր:
Ամուսին կոչվածը, ինչ բանտից ազատվել, տուն է եկել միշտ կա´մ հարբած, կա՛մ ինչ-որ դեղերի ազդեցության տակ:
Դե, հո ինքն էլ քարից չէ՞, դեռ երեսուն տարեկան չկա: Բայց ի՞նչ անի…
«Թքա´ծ, կդիմանամ»,- մտածեց ու խալաթով ավելի ամուր փաթաթվեց:
Պահարաններում սուրճ կամ շաքարավազ գտնելու բոլոր փորձերն անցան ապարդյուն:
«Էլի ընկերներով հավաքվել են ու…»:
Հարկավոր է խանութ գնալ: Հազար դրամ կա, կհերիքի սուրճի ու շաքարավազի:
Գտավ ծխախոտի մի կիսատ տուփ:
«Ամեն ինչ մաքրել են մորեխների նման: Ինչպե՜ս եմ զզվում այս կյանքից: Ո՞ր մեղքիս համար… Վաղը Նոր տարի է, տունը` դատարկ, մի կոպեկ փող չկա: Ո՞ւր հասա ես…»:
Հիշեց հոր խոսքերը.
- Ի՞նչ գործ ունես այդ ավարայի հետ: Քեզ քանի անգամ եմ ասել` տուն մի´ բեր դրան: Նրա համար մի տիկնիկ ես, որի հետ միառժամանակ խաղալուց կարող է հոգնել ու շպրտել մի կողմ:
- Պա´պ, սիրում եմ, ի՞նչ անեմ: Դե, չի ստացվել կյանքը: Ի՞նչ է, պետք է անպայման բարձրագո՞ւյն ունենա…
- Բարձրագույնն ի՞նչ կապ ունի: Դա նորմալ մարդ չէ, չե՞ս զգում: Աչքերը` ապակյա, ոչինչ չարտահայտող: Կարդացած միակ գիրքն էլ «Սպանված աղավնին» է: Այն էլ, հիշում է, որ տատն է կարդացել իր համար: Իսկ հիշո՞ւմ ես` ինձ ինչ ասաց: Է՜խ, Անի՜, Անի՜, շատ ես հիշելու ինձ…
Իհարկե, հիշում է, այն էլ` ինչպես:
Վառեց ծխախոտն ու մոտեցավ պատուհանին:
Ձյուն էր գալիս:
* * *
Կյանքը միշտ լի է անակնկալներով, հատկապես բացասական և միայն հանրահայտ նկարի քառակուսում չէ սև գույնը գերիշխող, այլ՝ նաև կյանքում:
Ուղղակի պետք է հիշել, որ սևից հետո անպայման սպիտակն է գալիս, հետո նորից սև, նորից սպիտակ…..
Պետք է կյանքի անկյունագծով քայլել, որ անընդհատ լինի սպիտակ, բայց մի՞թե դա հնարավոր է:
* * *
Շենքի տակ գտնվող խանութում իրեն լավ են ճանաչում: Արդեն քանի տարի է, ինչ այստեղից է առևտուր անում:
Առևտուր:
Առածն ի՞նչ է որ` հաց, մի քիչ երշիկ կամ պանիր, ծխախոտ, սուրճ, մի քիչ շաքարավազ:
Իրեն հաճախ թույլ է տալիս որոշ ապրանքներ թաքցնել պայուսակում կամ շորի տակ: Այլ կերպ հնարավոր չէ ապրել: Անվտանգության աշխատակիցները երբեք չեն ստուգում: Նրանցից մեկն էլ տակի հարևանն է` իր հոր ուսանողներից:
Մոտեցավ դրամարկղին:
- Սեդա´ ջան, հաշվի´ր, սուրճ…
- Երեք հազար պետք է ավելացնեմ: Երեկ Գագոն` ամուսինդ, օղի և պահածոներ է վերցրել:
- Բայց մոտս չկա: Մի ուրիշ անգամ կտամ: Ինչո՞ւ եք սպասարկել: Չէ՞ որ զգուշացրել էի:
- Մի այնպիսի տուրուդմբոց սարքեց, որ… Ձեր ներքևի հարևանին էլ, որ մեզ մոտ է աշխատում, ծեծեց, ատամները ջարդեց ու փախավ: Գիտե´ս, որ հաճախ լռել եմ: Բայց հիմա տեսախցիկներ են տեղադրել, արդեն երկու օր է…
- Ի՞նչ տեսախցիկներ, - կարծես սառը ջուր լցրեցին վրան:
- Լա´վ, գնա´, մի ուրիշ անգամ կվճարես:
Խանութից դուրս չեկած` մոտեցավ անվտանգության աշխատակիցը:
Նոր էր:
- Ձեզ խնդրում եմ անցնել այս սենյակ,- ձեռքով ցույց տվեց կողքի դուռը:
- Ի՞նչ է եղել: Ահա´ իմ կտրոնը, ես…
- Գիտեմ, անցե´ք, խնդրում եմ: Պե´տք չէ աղմուկ բարձրացնել: Ձեր օգտին չէ:
Սենյակը դատարկ էր: Մի սեղան էր` վրան համակարգիչ, մի բազկաթոռ:
- Դատարկե´ք պայուսակը, խնդրեմ, թե՞ համակարգչով ցույց տամ Ձեր առևտուրը:
Պայուսակից դուրս եկավ ձեթի մի շիշ, կարմիր գինու մի շիշ, երկու փաթեթ` խոզապուխտով և բաստուրմայով…
- Վե՞րջ - հարցրեց աշխատակիցը:
- Վերջ: Մոռացել էի ցույց տալ դրամարկղում, – գլուխը կախ պատասխանեց ու զգաց, որ ականջներն այրվում են:
- Վերարկուի կոճակնե´րն էլ բացեք:
- Ձեզ պետք է, դուք էլ բացեք:
Տղամարդը մոտեցավ, դանդաղ քանդեց կոճակները, ձեռքով շոշափեց թևի տակ թաքցրած շամպայնի շիշը, վերցրեց դրեց սեղանին:
Նորից մոտեցավ Անիին: Ուղիղ աչքերի մեջ նայելով` հարցրեց:
- Շարունակե՞մ, թե ոստիկանություն զանգեմ: Ես գիտեմ` ինչ է դուրս գալու և քանի հատ:
Ձայն չհանեց ամոթից:
Տղամարդու ձեռքերն սկսեցին շոշափել մարմինը` կոնքերից սկսած:
Երբ ձեռքերը հասան կրծքերին, աչքերը փակեց:
Նույնիսկ այդ դրության մեջ զգաց, թե ինչքան հաճելի է այդ շփումը:
Ոտքերը թուլացան, հայտնվեց տղամարդու ձեռքերի մեջ:
Տղամարդը մի կերպ տեղավորեց նրան բազկաթոռին:
Հետո, ասես երազում, տեսավ, թե ինչպես է անվտանգության աշխատակիցը նորից տեղավորում ապրանքները պայուսակում:
- Կարող ես գնալ, բայց այս խանութ է´լ չմտնես: Կարգին կին ես երևում, ամոթ չէ՞: Ի՞նձ էլ չես հիշում:
Անին ուշադիր նայեց նրան: Չէ՛, չի հիշում:
Ամոթի կարմիր գույնը երևի դեռ չէր լքել իր երեսը, որը տարուբերվեց աջ ու ձախ:
- Ձեր դասարանի Մուննաթն եմ` Վարդանը, հիշեցի՞ր:
Անին ժպտաց:
Իր դպրոցական սերն էր:
* * *
Ձյունը, որ նման չէր ձյան, այլ մոխրագույն, թեթև մոխրի փաթիլների, իջնում էր դանդաղ:
Ձյունը փափուկ չէր, խավոտ էր ու դաժան:
Ձյունը տոնական չէր, այլ դավադիր ու սառը, որ նստելով ուսերին ու գլխին`կապարի ծանրությամբ սեղմում էր նրան` ստիպելով մոտենալ գետնին:
«Ավելի լավ էր գետինը մտնեի: Ի՜նչ լավ է, որ արդեն չկաս, հա´յր: Ու ի՜նչ վատ է, որ անընդհատ պտտվում ես գլխումս»:
* * *
Երբ փորձ արեց դուռը բացելու, զարմացավ:
Լավ հիշում էր, թե ինչպես է բանալիով փակել:
Հրեց, մտավ ներս:
Միջանցքում դրեց պայուսակը, հանեց վերարկուն ու, երբ ցանկանում էր վերարկուն կախիչից կախել, լսեց.
- Դե´, Գագո´ ջան, խմե´նք: Ախպե´ր, քեզնից բան չենք ուզում, բայց, դե, պարտք ես, պետք է տաս, ուրիշ ձև չկա:
- Տիկո´ ջան, երկու օր էլ, ու կտամ…
- Չէ´, հիմա է պետք: Կարո՞ղ է` ես ընտանիք չեմ պահում: Նոր տարի ա, բան ա, երեխեքի նվեր…
- Ճիշտ ա ասում, Գա´գ: Երեք ամիս ա` ֆռռացնում ես, հո մենք թուլա չե՞նք:
- Արա´, Գագո´, լսի´, ուզո՞ւմ ես, երբ Անին գա, մի ժամով մենակ թող ինձ ու իրան: Պարտքի կեսը ջրեմ, ուզո՞ւմ ես :
- Տիկո´, հո չե՞ս ցնդել: Բա մյո´ւս կեսն ինչպե՞ս եմ տալու: Չեղա´վ, ախպե´ր:
* * *
Կարծես ինչ-որ մեկի ձեռքն ամուր սեղմեց սիրտը բռունցքի մեջ:
Կծկվեց, ուսով հենվեց միջանցքի պահարանին:
Սառույցե մի շուն սկսեց լիզել ոտքերից մինչև փորը:
Կրակե մի գորտ փորձեց իրեն կուլ տալ: Բայց ինքը, գլխից մինչև գոտկատեղը սողալով, մնաց կրակե գորտի բերանում:
Զգաց, որ միատեղ ապրած տարիներն իզուր են եղել:
Ապրածն անիմաստ:
Հիշեց. «Պապ, ինչո՞ւ եմ տիկնիկ: Սիրում եմ, ի՞նչ անեմ: Դե, չի ստացվել կյանքը …»:
* * *
Սենյակից նորից լսվեցին ձայները:
- Գնացողի հետևից վատ բան չեն ասում: Լավ էլ տարի էր, օղորմի´ իրեն: Խմե´նք եկող տարվա համար: Գագոյի հասկացողությա´ն համար: Ապրե´ս, ախպե´րս , թասիբի´ մարդ ես:
Լսվեցին զարկվող բաժակների ձայները, որոնք կարծես սգո ղողանջների նման լցվեցին ականջները:
Աչքերի առաջ փայտե սև խաչեր էին ու գերեզմանափոսեր, որտեղից ինչ-որ մեկնված ձեռքեր կանչում էին իրեն:
Ձեռքերից մեկի դաստակին մի հին ժամացույց էր` հոր սիրած ժամացույցը, որ պատերազմից էր բերել տուն:
«Ամեն ինչ կտայի, կուրանայի ամեն մի սրբություն, որ այս ամենը երազ լիներ: Ամեն ինչ…»:
* * *
Առանց վերարկուի դուրս թռավ փողոց:
Չհիշեց` ինչպես, ինչ կերպ հասավ գերեզմանոց:
Չհիշեց` ինչպես է մոտեցել հոր գերեզմանին, ծնկել ձյան վրա, գլուխը հենել տապանաքարին ու լաց լինելուց հոգնած` քնել այդպես:
Մարմնով մեկ դողում էր:
Հետո հասկացավ, որ արդեն մութն ընկնում է ու մի կերպ վեր կացավ:
* * *
Շենքի տակի խանութի լույսերը վառ էին:
Մոտեցավ:
Խանութի տաք օդը հարվածեց դեմքին:
Մարդ չէր երևում:
Անվտանգության աշխատակիցների սենյակից դուրս եկավ Վարդանը:
Վազելով` մոտեցավ:
- Անի՞, այս ինչ օրի ես, ի՞նչ է պատահել:
Անին ընկավ հատակին:
Աչքերը բացեց: Բազկաթոռի մեջ էր` ծածկված պիջակով:
Անտանելի ցանկություն կար ծխելու:
Վեր կացավ, մոտեցավ սեղանին: Միայն կրակայրիչ էր:
Իսկ համակարգչին հենած էր դեղին մազերով, պոչիկներ կապած մի փոքրիկ ժպտացող տիկնիկ:
Շոյեց տիկնիկի գլուխը, ժպտաց:
Վերցրեց կրակայրիչը, մոտեցավ սենյակի անկյունի աղբամանին:
Ձեռքով փնտրեց, գտավ մի կիսատ, հանգցրած ծխախոտ, վառեց:
«Ի՞նչ է կատարվում: Ես` կենսաբանական գիտությունների թեկնածուս, որ օրինակ եմ եղել համալսարանի շատ ու շատ աշխատակիցների համար, այսօր…»:
Ներս մտավ Վարդանը.
- Արթնացա՞ր: Հարձակվե՞լ են վրադ, ո՞ւր է վերարկուդ, ի՞նչ է տեսքդ: Անի´, ի՞նչ է տեղի ունենում, ես քեզ չեմ ճանաչում…
Վազելով մոտեցավ, ձեռքերով փաթաթվեց Վարդանի պարանոցին:
Սկսեց համբուրել խելակորույս` այտերը, շուրթերը…
- Սիրի´ր ինձ, խնդրո´ւմ եմ, սիրի´ր: Ես մահանում եմ, հասկանո՞ւմ ես: Սիրի´ր, ինչպես կամենում ես: Մա՞րդ ես, թե՞ ոչ…
Սկսեց ձեռքերով հարվածել Վարդանի երեսին, մարմնին…
- Ես մա´րդ եմ, հասկանո՞ւմ ես` մա´րդ: Ծնվել եմ` պետք է ապրե´մ, ապրե´մ, ինչ էլ, որ լինի …
* * *
Ծնվել ես` ուզած-չուզած պետք է ապրես:
Եթե կյանքի ծուռումուռ ճանապարհներին հանդիպած մարդիկ բարի լինեն, համեմատաբար հարթ կլինի քո ուղին էլ, որը կանցնես` չհայտնվելով բիլիարդի փոսիկ-ցանցի մեջ, այլ կմնաս սեղանի վրա` չկորցնելով արժանապատվությունդ ու հպարտությունդ, բայց` ամեն վայրկյան սպասելով հարվածի:
Այդպես է կյանքը:
Միշտ պետք է պատրաստ լինել:
* * *
Կյանքի պատերազմում հարկավոր է համբերությամբ սպասել, երբ Կյանքն ինքը կհպվի քեզ անհրաժեշտ պահին` նուրբ ու հաճելի…
Փորձի´ր զգալ Նրան` լեզվի ծայրով, շուրթերով: Եթե ոչինչ չստացվի, փորձի´ր մատներիդ բարձիկներով հպվել…
* * *
Նորից գրկեց Վարդանին: Սեղմեց կրծքին:
Համբուրում էր գլուխը, մազերը:
Կանգ չէր առնում, ձեռքով փակած Վարդանի բերանը` համբուրում էր …
Համակարգչին հենած տիկնիկը ժպտում էր:
* * *
Երբ վերակենդանանում են վաղուց թաղված սրտաբուխ բառերը, կին արարածը հավերժական առեղծվածից վերափոխվում է մի հրաշալի արարածի, որը հանուն սիրո ընդունակ է անհնարին թվացող այն արարքների, որոնց առջև տղամարդն անզոր է:
Սեր`մարդ արարածի նկատմամբ:
* * *
Ձյունն իջնում էր:
Փաթիլները սպիտակ էին, փափուկ:
Ձմեռն իր պարտականությունն է կատարում: Ու ինչքան էլ ցուրտ լինի, եթե կարողանում ես մոռանալ կյանքի սև ճանապարհները, արհամարհել, երկար ես վայելում վերահաս երջանկության զգացողությունը: Ու այդ ժամանակ էլ ամեն մի` «սև» կոչվող իրադարձություն, աղիողորմ լաց լինելով, լքում է քեզ` գլխիկոր հեռանալով, գուցեև` հավերժ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել