Ինչպես հավանաբար տեղյակ եք, երեկ հեռուստահաղորդավար Կարեն Քոչարյանը հանդես էր եկել հրապարակային խնդրանք-առաջարկով՝ ուղղված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որը կայանում էր նրանում, որ Էրեբունի-Երևան տոնակատարությունները չեղյալ հայտարարվեն, իսկ դրանց համար նախատեսված բյուջեն ուղղվի հրետակոծություններից տուժած սահմանամերձ գյուղերին և դրանց բնակիչներին աջակցելուն։ Շատ բարի, դրական ու կառուցողական առաջարկ է ըստ իս։
Սակայն այս առաջարկը հրապարակելուց անմիջապես հետո աչքս ծակեց մի մեկնաբանություն, որտեղ մարդը կանխագուշակում էր, թե ինչպիսին է լինելու քաղաքապետարանի պատասխանը. «Տոնակատարությունները պետք է անենք, որ թշնամուն ցույց տանք, որ չենք ընկճվում»... Սա զավեշտ է, բայց մոտավորապես հենց այդ բովանդակության պատասխանով էլ հանդես եկան երիտհանրապետական Արմեն Գևորգյանը և քաղաքապետարանի ներկայացուցիչն այսօր։ Դեռ մի բան էլ ավելի դրամատիկ։ Տպավորություն էր, որ ըստ երիտհանրապետականի՝ եթե տոնակատարությունները չարվեն, ապա բանակը խուճապահար կլինի ու կկազմաքանդվի, և թուրքերն առհասարակ կներխուժեն Երևան։
Հիմա եկեք հասկանանք, թե ինչ է կատարվում իրականում, ու ինչու Տարոն Մարգարյանն այսքան շուտ մոռացավ դեռ այս տարվա հունվարի դասը, երբ ի վերջո ստիպված եղավ չեղյալ հայտարարել պլանավորված ամանորյա միջոցառումներն Ավետիսյանների աղմկահարույց սպանության պատճառով։ Այն ժամանակ էլ էսպես համառում էր, բայց վերջը չդիմացավ հանրային ճնշմանը և զիջեց։ Եթե նա դա աներ հենց սկզբից, ապա ոչ միայն դրական կընկալվեր, այլև «հերոսական» իմիջով հանդես կգար, ու դա շատ դրական փիառ կլիներ նրա համար։
Հիմա էլ նման իրավիճակ է։ Տարոն Մարգարյանն իրականում կարող է շատ հզոր դրական փիառ վաստակել, ընդ որում, ամենևին պարտադիր չէ միջոցառումներից լրիվ հրաժարվել, կարելի է պարզապես բյուջեի մի մասը հատկացնել գյուղերին, իսկ միջոցառումներն անել ավելի սեղմ ու ավելի փոքր մասշտաբով։ Առավել քան վստահ եմ, որ ոչ մեկ չի մեղադրի քաղաքապետարանին դրա համար, դեռ մի բան էլ կգովեն ու հարգալից կարտահայտվեն նման որոշման հանդեպ։
Կարծում եք՝ Տարոնը սա չի՞ հասկանում։ Իհարկե հասկանում է, բայց... բայց մենք ապրում ենք Հայաստանում, ու բացի փիառից՝ այս հարցում կա ևս մի կողմ, որն ավանդապես ավելի է կարևորվում մեր չինովնիկների, այդ թվում նաև Տարոնի կողմից։ Փող։ Լիքը փող, որը կարելի է ատկատներով ու ստվերային եղանակներով ևս-ևս անել։ Եթե չեմ սխալվում, միջոցառումների անցկացման համար ամեն տարի հարյուր միլիոնավոր դրամներ են հատկացվում ինչպես բյուջեից, այնպես էլ մասնավոր հովանավորների կողմից։
Այս գումարներն ուղղվում են տարատեսակ դեկորացիաներ ձեռք բերելու, բեմեր հավաքելու, արտիստներ վարձելու, հրավառություն կազմակերպելու այլ նմանօրինակ բաներին։ Ու այս բոլոր ծառայությունները համապատասխան վարձատրության դիմաց անում են ինչ-որ մասնավոր ընկերություններ։ Հիմա ուզում եմ մի հռետորական հարց տալ. ո՞ւմ են պատկանում այդ ընկերությունները, որքա՞ն ատկատ են տալիս տենդեր շահելու համար, և ի վերջո ո՞ւմ գրպանում և ինչքա՞ն փող է հանգրվանում այս բոլոր մանիպուլյացիաների արդյունքում...
Այսինքն՝ իրավիճակն այսպիսին է. կշեռքի մի նժարին դրված է լավ արարքն ու դրանից բխող դրական փիառը, իսկ մյուս նժարին՝ ավանդական կեցվածքն ու փողը։ Դատելով Տարոնի համառությունից՝ ինքը թքած ունի առաջին նժարի վրա ու ամեն կերպ կառչել ա փող աշխատելուց։ Սակայն կրկնում եմ, նա կարծես մոռացել է հունվարի դասը։ Վախենամ, որ էլի կոտրած տաշտակի մոտ հայտնվի ու ի վերջո ստիպված լինի ենթարկվել հանրային ճնշմանը, բայց այդ ժամանակ արդեն ոչ մի դրական փիառի մասին խոսք լինել չի կարող, որովհետև պահը վաղուց բաց թողած կլինի։