Եթե չասեմ, որ ամեն հայ զինվորի մահով ես մահանում եմ, ապա կասեմ, որ մեր երեխեքի ընդհատված Կյանքի հաշվին իմ շարունակվող կյանքի հանդեպ մեղքի զգացումն ամայացնում է ներսս... Ես սգում եմ նաև ադրբեջանցի երեխեքի մահը, իրենց մայրերի արցունքները նաև իմ ներսով են հոսում... Բայց պացիֆիզմ կոչվածը վրիպած վարդապետություն է, երբ կյանքի բեմում այլևս Պատերազմն է...

Պատերազմը պոզով-պոչով չի լինում. մենք հենց պատերազմի մեջ ենք, որ կանք... Իսկ մենք միամտորեն ու միանգամայն հավատացած ձև ենք անում, թե կյանքը շարունակվում է իր սովոր հունով... Բայց շուրջբոլորը Պատերազմ է. ինքը չի ներում, որ մենք մեր զոհերին` լինեն իրենք Զինվորներ կամ խաղաղ բնակիչներ, վերաբերվում ենք, ա՜խ հազար ափսոս, կամ փառք հերոսին (հերոսներով) բարձրականչ ցավուդողով, իսկ ներքուստ` պրոտոկոլային անտարբերությամբ, որովհետև մեր համընդհանուր պահվածքն ուրիշ բան չի վկայում: 
Մեզ հավաքվել է պետք... Ով ոնց կարող է, ով ոնց գիտի, բայց Պատերազմի շուրջ մոբիլիզացվելն ու Պատերազմի օրենքներին ենթարկվելն այլընտրանք չունի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել