Մառախուղ էր, մի քանի մետր էր տեսանելիությունը: Մարտական հերթափոխը կատարվել էր 16:00-ին, և արդեն 10-15 րոպե սահմանագոտու տվյալ հատվածի պատասխանատուն ես էի՝ շարքային Հայկ Հակոբյանս: Առաջին անգամ չէի դիրքեր բարձրանում, իմ ամեն անգամվա պարտականություններն էի կատարում և ներքուստ հանգիստ էի: Խրամատում կանգնած մտորում էի: Մտքովս հազար ու մի բան էր անցնում՝ կարո՞ղ է արդյոք հակառակորդը առաջխաղացման փորձ կատարել տվյալ տեղանքում, նման բան նկատելիս ի՞նչ է պետք անել և այլն: Մառախուղը մի փոքր հետ քաշվեց: Դիտարկում էի կատարում և զմայլվում գեղեցիկ բնությամբ. ամպի քուլաները կախվում էին լեռների գագաթներից, ապա դանդաղ իջնում դեպի ձորակը, մեկ էլ սրընթաց շարժվում էին տարբեր ուղղություններով, խառնվում իրար, անթափանց շղարշով պատում հսկա լեռը: Նման գեղեցիկ ներդաշնակություն շատերը միայն ֆիլմերում են տեսել: Եվ այդ ներդաշնակության մեջ ինչ-որ օտար և ավելորդ բան նկատեցի: Մի պահ լարվեցի, սակայն ոչ մի շարժ չկար: Ավելորդ խուճապ չէի ուզում բարձրացնել, բայց զգոնությունս չթուլացրի ու շարունակեցի ակնդետ շուրջբոլորը նայել: Եվ հանկարծ նոսրացող մառախուղի մեջ հստակ տեսա երեք շարժվող կետ: Փորձում էին մառախուղից օգտվելով՝ աննկատ առաջ գալ: Բավական մոտեցել էին մեր դիրքերին: Ինձ համար ամեն ինչ միանգամից վերացավ. միայն այդ երեք կետերն էին: Հաջորդ վայրկյանները չափազանց երկար թվացին, մի ամբողջ հավերժություն: Ի՞նչ անել, պետք էր որոշում կայացնել: Եթե օգնություն կանչեի և սպասեի, միգուցե հակառակորդը հասցներ փախչել կամ էլ՝ ավելի վատ, հարմար բնագիծ զբաղեցնել դիվերսիոն-հետախուզական ջոկատի հիմնական ուժերի առաջխաղացման համար: Մի տեսակ ավելի էի կենտրոնացել: Ինձ համար անսահման երկար, բայց իրականում վայրկյաններ տևած որոշման ընդունումից հետո սեղմեցի տագնապի ազդանշանը, գնդացրովս նշան բռնեցի և կրակեցի: Ձեռքս չէր դողում, բայց ինձ ավելի վստահ զգացի, երբ տեսա, որ հենց առաջին կրակոցիցս մեկն ընկավ: Մյուս երկուսը միանգամից հետ քաշվեցին, վիրավոր էին, թե՝ ոչ, չգիտեմ: Շարունակում էի կրակել ու նոր թիրախ փնտրել: Ուշքումիտքս մի բան էր՝ թույլ չտամ ինձ շրջանցել, կարողանամ պաշտպանել ընկերներիս: Հանգիստ շունչ քաշեցի միայն այն ժամանակ, երբ տղաները օգնության հասան: Ուրեմն, ամեն ինչ կարգին է. կարողացել էի կանխել հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձը:
Հակառակորդը սկսեց կրակել մեր դիրքերի ուղղությամբ: Փորձում էին ապահովել իրենց դիվերսանտների նահանջը: Փոխհրաձգություն սկսվեց: Մեր կողքի հենակետերն էլ կրակով աջակցեցին մեզ: Մի քանի րոպե անց ներքևի ձորակից երկու պայթյունի ձայն լսվեց. փախչող թշնամին, մեր գնդակներից խուսափելով, հարկադրված մտել էր ականապատ դաշտ և… Մինչև երեկո չէինք թողնում՝ առաջ գան, իրենց զոհերին կամ վիրավորներին վերցնեն: Մութն ընկնելուն պես կիրառեցինք նաև գիշերային տեսանելիության սարքեր: Մառախուղը շատ էր խանգարում, բայց ավելի շատ՝ հակառակորդին: Ավելի ուշ լույսեր նկատեցինք. որոնողական աշխատանքներ էին կատարում, իրենց զինվորներին անուններով էին կանչում: Փորձեցին նույնիսկ անօդաչու սարքեր կիրառել, բայց մեր տղաներն արգելափակող կրակով խանգարեցին: Գիշերը նկատեցինք, որ նրանց հենակետին բուժծառայության մեքենաներ են մոտեցել: Հավանաբար, գտել էին իրենց «հերոսներին»…
Տագնապի ազդանշանից հետո դիրքի ամբողջ անձնակազմն անցավ շրջանաձև պաշտպանության, յուրաքանչյուրն զբաղեցրեց իր խրամաբջիջը, սահմանված կետը:
Թշնամին հետ էր շպրտվել: Մենք այլևս անպարտելի էինք:
Հիմա արդեն կարող էի հանգիստ շունչ քաշել…
Հակառակորդի զինված ներթափանցման փորձից օրեր անց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայրենիքի սահմանը պաշտպանելիս ցուցաբերած քաջության համար շարքային Հայկ Հակոբյանին անձամբ պարգևատրել է «Անդրանիկ Օզանյան» մեդալով: Ավելի ուշ քաջարի զինվորը «Անդին» ամսագրի մրցանակաբաշխության ժամանակ պատիվ ունեցավ ներկայացնելու տարվա մրցանակին արժանացած հայ զինվորի ընդհանրական կերպարը:
Տպագրության պատրաստեց Արսեն ԱՂԵԿՅԱՆԸ։