
![]() |
Թորոս Ռոսլին
XIII դարի 2-րդ կես
Ծննդյան և մահվան
թվականներն անհայտ են:
Դիմանկարը` Հրաչյա Ռուխկյանի
(1980-ական թթ.)
|
XIII դարի 2-րդ կեսի մանրանկարիչ և գրիչ Թորոս Ռոսլինը Կիլիկիայի մանրանկարչության դպրոցի խոշորագույն ներկայացուցիչն է: Որպես բազմաշնորհ անհատականություն՝ բացառիկ տեղ ունի միջնադարյան արվեստի պատմության մեջ՝ Արևելքի և Արևմուտքի լավագույն գեղանկարիչների կողքին:
Թորոս Ռոսլինն ստեղծագործել է Կիլիկիայում՝ Հռոմկլայի դղյակին կից գրչատանը, աշակերտել նշանավոր մանրանկարիչներ Կիրակոսին և Հովհաննեսին: Ռոսլինի ստորագրությամբ պահպանվել են 7 շքեղ պատկերազարդված մատյաններ, որոնցից 1256 թ-ի «Զեյթունի Ավետարանը» և 1268 թ-ի «Մալաթիայի Ավետարանը» պահվում են Մատենադարանում, 1262 թ-ի «Սեբաստիայի Ավետարանը»՝ Բալթիմորի Ուոլտերս պատկերասրահում, մնացած երեքը և 1266 թ-ի Մաշտոցը՝ Երուսաղեմի Սբ Հակոբյանց վանքի մատենադարանում: Ռոսլինին են վերագրվում նաև 3 անստորագիր ավետարանների (Վասակ իշխանի, Հեթում Ա-ի և 1250/51 թ-ի Ավետարանի) մանրանկարները: Ավետարանները բացվում են շքեղ խորաններով, որտեղ, բացի XII դարի և XIII դարի սկզբի կիլիկյան մանրանկարչության դպրոցի մոտիվներից, առկա են նաև նոր երևույթներ:
Ռոսլինի ավետարանիչների պատկերներում երբեմն զգացվում է և՛ XI դարի Անիի, և՛ XII դարի կիլիկյան գրքարվեստի ազդեցությունը: Նա հայ գրքարվեստը հարստացրել է բազմաթիվ թեմաներով, վերականգնել արքայական տան անդամների պատկերներով ձեռագրերը զարդարելու ավանդույթը:
Պահպանվել է Լևոն Գ թագավորի 2 դիմանկար. մեկը՝ պատանեկան տարիքում, մյուսը՝ տիկնոջ՝ Կեռանի հետ: Թորոս Ռոսլինը, թեև հաճախ, սակայն միշտ նորովի է անդրադարձել ավետարանական նույն պատմությանը: Խորապես իմանալով անտիկ արվեստը, հատկապես քանդակագործությունը, իր գործերում օգտագործել է դասական երկերի գեղարվեստական արտահայտչամիջոցներ: Ռոսլինի զարդագրերը նրբագեղ են և ճոխ. մասնավորապես «Զեյթունի Ավետարանում» կան ոչ միայն առանձին զարդագրեր, այլև մարդագիր «Ե»-ն միավորվում է լուսանցանկարի հետ և, մի ամբողջություն կազմելով, ներկայացնում «Ավետումը»: Զարդագրերի այս ձևը նորություն էր հայ գրքարվեստում:
Թորոս Ռոսլինին հովանավորել և ձեռագրեր են պատվիրել Կիլիկիայի Հեթում Ա և Լևոն Գ թագավորները, Կոստանդին Ա Բարձրբերդցի կաթողիկոսը և ուրիշներ: Ռոսլինի ձեռագրերում պահպանվել են 200-ից ավելի պատկերներ, որոնք բացառիկ արժեք ունեն XIII դարի գեղարվեստական ժառանգության մեջ:
Նյութի աղբյուր՝ http://nakhshkaryan.blogspot.com/2012/11/blog-post_4132.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել