Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի ծեծի պատմության մեջ բավականին «մութ» կողմեր կան, որոնք մի շարք հարցեր են առաջացնում:
Խոսեմ փաստերով.
Դեպքից մեկ օր անց՝ սեպտեմբերի 22-ին, Սմբատ Հակոբյանը հայտարարեց, որ իրեն ծեծել է Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեցի թիկնապահներից ոմն Տիգրան, ով նաև Հայրապետյանի սանիկն է: Նույն օրը Հայրապետյանը մի քանի կայքի հետ զրույցում հերքեց իր մասնակցության մասին լուրերը՝ կատարվածը որակելով որպես քաղաքական պատվեր: Իսկ Սմբատ Հակոբյանն իր հերթին հայտարարեց, որ ոչ ոք իրավունք չունի ասելու, թե Ռուբեն Հայրապետյանը կամ ինչ-որ մեկն է կազմակերպել, հետաքննություն է գնում:
Հակոբյանի ազատամարտիկ ընկերները ժամանակ տվեցին ոստիկանությանը՝ զգուշացնելով, որ եթե 3 ժամից հանցագործին չբռնեն, Լինչի դատաստան են կազմակերպելու, ոստիկանությունը խոստացավ մաքսիմալ արագ հայտնաբերել հանցագործին:
Սեպտեմբերի 23-ին «Հայկական ժամանակ»-ը գրեց, թե նախագահն ու ոստիկանապետն են հետարքրքվել Սմբատ Հակոբյանի առողջական վիճակով, իսկ ինքը՝ Հակոբյանը, հաստատեց լուրը: Նաև ասաց, թե ինքն ու ոստիկանապետը 88-ից ընկերներ են, և «Աստված հեռու պահի, եթե նրա մատն էլ փուշ մտնի, ես էլ պիտի անհանգստանամ: Ես ոստիկանապետին վստահում եմ ու վստահ եմ, որ գործը կբացահայտեն»: Նույն օրը կայքերը գրեցին, որ Սմբատ Հակոբյանի ծեծի պատճառն անձնական է. նա մեծ պարտքեր ունի, հայհոյել է պարտատիրոջը, վերջինս էլ հաշվեհարդար է տեսել:
Մի ուշագրավ հանգամանք. էն դեպքում, երբ Հանրապետականները դատապարտում էին ազատամարտիկի ծեծը, ընդդիմադիր ՀԱԿ-ի ներկայացուցիչները ֆեյսբուքում քարկոծում էին ծեծված ազատամարտիկին, թե լավ են արել, նա ժամանակին Նեմեցին ու Լիսկային է պաշտպանել: Է, հետո՞ ինչ, դուք էլ եք ժամանակին շատերին քննադատել, հետո «ախպերացել» հետները, ոմանցից բաժանվել եք, ոմանց դեպքում էլ, մոռանալով «սրտի պարտքի» մասին, շարունակում եք համագործակցել:
Սա իմիջիայլոց:
Քիչ առաջ, երբ քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ ազատամարտիկի ծեծի գործով 3 հոգի է ձերբակալվել, Սմբատ Հակոբյանը հայտարարեց, թե «այդ միջադեպը հասարակական-քաղաքական գործունեության հետ է կապված»:
Բայց, ներեցեք, ի՞նչ քաղաքական գործունեություն: «Հայազնի» հետ 30 հոգով դեպի ՀՀԿ գրասենյակ երթ անելը քաղաքական գործունեությո՞ւն է համարվում: Եթե այո, ապա Հայաստանի բնակչության 70 տոկոսը քաղաքական գործիչ է: Կամ իշխանության ինչի՞ն էր պետք մարդ ծեծելն ու նոր խնդիրներ ստեղծելը: Տրամաբանական չի: Իսկ լրատվամիջոցները շարունակում են պնդել, որ ծեծը պարտքի պատճառվ է, իսկ Սմբատ Հակոբյանի ազատամարտիկ ընկերներն, իմանալով դրա մասին, հրաժարվել են միջամտել կատարվածին:
Չգիտեմ՝ էս մութ պատմությունն ինչ հանգուցալուծում կունենա, բայց եթե պարզվի, որ ազատամարտիկ լինելու փաստը շահարկվել է իրականությունը թաքցնելու համար, շատ տխուր հետևանքներ կլինեն ոչ միայն բարոյական տեսանկյունից, այլև իրավական: Հատկապես, երբ «Human Rights Watch»-ը կատարվածը որակել է «խաղաղ ցուցարարի դեմ» կիրառված բռնություն ու դատապարտել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել