Լեհական Վրոցլավ քաղաքում սեպտեմբերի 16-ից 5 երկրի 10 ուժեղագույն շախմատիստուհիների մասնակցությամբ ընթացող երկրի 9-ակի չեմպիոնուհի Քրիստինա Հոլուժ-Ռադիկովսկայի՝ կանանց շախմատի հոբելյանական՝ 5-րդ գրոսմյաստերական միջազգային հուշամրցաշարը, որի մրցանակային հիմադրամը 12 հազար լեհական զլոտի (1 զլոտին հավասար է 127,68 դրամի) է, մոտեցել է ավարտին:
Հուշամրցաշարին արդեն 3-րդ անգամ հրավիրվել և մասնակցում է նաև Հայաստանի կանանց ուժեղագույն գրոսմայստերից մեկը՝ տղամարդկանց միջազգային վարպետի կոչում կրող Լիլիթ Մկրտչյանը: Նա 10 մասնակիցների մեջ ունի 3-րդ անհատական վարկանիշը (2440) և հաղթողի գլխավոր հավակնորդների մեկն է համարվում:
Եվրոպայի լավագույն շախմատիստուհիների շարքին դասվող Մկրտչյանն երեկ 7-րդ տուրում սպիտակներով ուժերն էր չափում լեհուհի Կարինա Շեպկովսկա-Հորովսկայի հետ և 37-րդ քայլում ոչ-ոքի խաղաց մրցակցի հետ:
Ստուգատեսում վերջապես առաջին հաղթանակը տոնեց լեհուհի Մոնիկա Սոչկոն, ով սպիտակներով առավելության հասավ մրցաշարի հետնպահ ռումինուհի Ադելա Ֆոյշորի նկատմամբ:
Լեհ շախմատիստուհի Յոլանտա Զավադսկայի սպիտակներով տոնած հաղթանակն իր հայրենակցուհի Յոանա Մայդան-Գաժևսկայի նկատմամբ, թույլ տվեց նրան հավասարվելու իր ակտիվում 5,5 միավոր գրանցած առաջատարին՝ ռուսաստանցի Ալինա Կաշլինսկայային, ով այս տուրում միավորը կիսեց իր համերկրացի Օլգա Գիրյայի հետ: Ռումինիան ներկայացնող Իրինա Բուլմագան էլ սևերով պարտության մատնեց ուկրաինուհի Իննա Գապոնենկոյին ու հավասարվեց Մկրտչյանին: Հուշամրցաշարի ավարտից 2 տուր առաջ Լիլիթ Մկրտչյանը թեև 2 առաջատարներից ետ է մնում արդեն 1,5 միավորով, սակայն իր օգտին գրանցած 4 միավորով դեռ պահպանում է 3-րդ հորիզոնականը: Նա հիմա 3-4-րդ տեղերն է կիսում ռումինուհի Իրինա Բուլմագայի հետ:
Այսօր՝ Լեհաստանի ժամանակով ժամը 16-ին սկսվող նախավերջին՝ 8-րդ տուրում Լիլիթը սևերով կմրցի 2 միավորով Մոնիկա Սոչկոյի հետ մրցաշարային աղյուսակը եզրափակող՝ 9-10-րդ տեղերը բաժանող Ադելա Ֆոյշորի հետ:
Այս տուրում հանդիպելու են նաև հետևյալ զույգերը՝
Գիրյա-Զավադսկա, Կաշլինսկայա-Շեպկովսկա-Հորովսկա, Մայդան-Գաժևսկա-Գապոնենկո, Բուլմագա-Սոչկո:
Պարտիաների ընթացքին ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել հետևյալ հղումով՝ wgmradzikowska.pl/?page_id=1245:
Հուշամրցաշարի 1-5-րդ տուրերի հանդիպումներն անցկացվել են Վրոցլավի շախմատի ակումբում, իսկ 6-9-րդ տուրերն ընթանում են քաղաքի կենտրոնում գտնվող B&B հյուրանոցում: Հուշամրցաշարում մրցանակային են 1-5-րդ տեղերը: Ստուգատեսի հաղթողին բաժին կհասնի 4 հազար, 2-րդ տեղը գրավողին՝ 3 հազար, 3-րդին՝ 2 հազար, 4-րդին՝ 1500, իսկ 5-րդին էլ՝ 1000 զլոտի պարգևավճար: Բացի այդ, նախատեսված է նաև լավագույն պարտիայի համար սահմանված հատուկ մրցանակ՝ 500 զլոտի պարգևավճար:
Շրջանաձև մրցակարգով ընթացող հուշամրցաշարում հանգստյան օր նախատեսված չէ: Հաղթողը հայտնի կդառնա վաղը՝ սեպտեմբերի 24-ին՝ 9-րդ տուրի ավարտից հետո:
Հիշեցնենք, որ Լիլիթ Մկրտչյանն այս հուշամրցաշարի 3-րդ խաղարկությունում՝ 2013թ-ին, 10 մասնակիցների պայքարում 9 հնարավորից վաստակած 4,5 միավորով 5-6-րդ տեղերն է կիսել Թուրքիայի պատվիրակ, գրոսմայստեր Եկատերինա Աթալիկի հետ: Անցած տարի՝ 2014թ-ին՝ 4-րդ խաղարկությունում, Լիլիթը վաստակած 5 միավորով երկու քայլ առաջադիմել և 3-4-րդ տեղերն է կիսել բելառուսուհի Նաստյա Զազյուլկինայի հետ:



