Հետաքրքիր է, բայց անողոք փաստ. այսօր մի ռաբիս երգչի՝ «վաստակավոր արտիստի» կոչում ստանալն ավելի ինտենսիվ ու ավելի կրքոտ է քննարկվում, քան, ասենք, սահմանադրության փոփոխությունները, հոսանքի թանկացումն ու սահմանում տիրող իրավիճակը միասին վերցրած:
Նման վիճակ էր երեկ չէ առաջին օրը, նման պատկեր էր և երեկ: Ինչ-որ տեղ նույնիսկ տարօրինակ է, քանզի այդ վիրտուալ աշխուժությանը հետևելով՝ կարելի է թյուր եզրակացության հանգել, թե հասարակությունն ու երկիրն այլ դարդուցավ չունեն, քան այս կամ այն բեմական կերպարին կոչում շնորհել-չշնորհելու հարցն է:
Մյուս հետաքրքիր պահն այն է, որ Արմենչիկ բեմական անունով հայտնի Արմեն Գոնդրաչյանից բացի՝ կոչումներ ու նաև պետական բարձր պարգևներ՝ մեդալներ, շքանշաններ են ստացել նաև բազմաթիվ ուրիշները, օրինակ, մեր պատանեկության ու երիտասարդության տարիների սիրված երգիչներից Հարություն Փամբուկչյանը (Ձախ Հարութ), բայց քննարկող բազմությունը կենտրոնացել է գերազանցապես առաջինի վրա:
Թերևս կարելի է ենթադրել, որ Արմենչիկին կոչում շնորհելուց բորբոքված մեր հայրենակիցները մյուսների պարգևատրումը տեղին են համարում: Եթե այդպես է, ապա՝ կես կատակ, կես լուրջ, բայց դա էլ կարելի է որոշակի առաջխաղացում համարել, այլապես կարող էին «ցուցակով» քննադատել:
Կարծում ենք, այս փաստը և գոնե վիրտուալ դաշտում փոթորկոտ արձագանքը որոշակի մտորումների տեղիք տվեցին: Ու որքան ավելի ես խորամուխ լինում մանրամասների մեջ, ի վերջո հանգում ես ենթադրության, թե գուցե բուն խնդիրը, այնուամենայնիվ, կոչո՞ւմը չէ:
Միանգամայն անկեղծ՝ կյանքում Արմենչիկի կատարումներից լսած չկամ: Երեկ, օրինակ, մի քանի պատառիկ լսեցի՝ ոչ մեկը մինչև վերջը «չձգելով» ու համոզվելով, որ իմը չէ: Հետո՞ ինչ, որ «Վիքիպեդիա» վիրտուալ ազատ հանրագիտարանում նշված է, թե Արմեն Հարպետի Գոնդրաչյանը «Հայաստանի ամենահայտնի երգիչներից է փոփ և ռաբիս ոճերում, բազմաթիվ մրցանակների դափնեկիր»: Դա, ինչպես ասվում է՝ անհատական ընկալման ու ճաշակի հարց է:
Բայց, մյուս կողմից, ի՞նչն է այդպես բորբոքել շատ-շատերիս: Այն, որ կոչում է ստացել ռաբիս երգի՞չը, որի համերգները, ի դեպ, անցնում են լեփ-լեցուն համերգային դահլիճներում: Երբ հետևում ես քննարկումներին, ապա՝ այո, հիմնական բորբոքիչն այդ հանգամանքն է:
Այդ պարագայում, սակայն, հետաքրքիր է, որ եթե այդքան մարդ բորբոքված է, ապա ովքե՞ր են լցնում համերգասրահները ռաբիս երգիչների ելույթների ժամանակ: Եվ արդյոք դա ավելի նախընտրելի կամ ընկալելի՞ երևույթ է, քան թե, ասենք, նրան կոչում շնորհելը:
Վերջին հաշվով, որտեղի՞ց կամ ինչի՞ հաշվին կան այդ բոլոր ռաբիս կամ ուլտրառաբիս երգիչները՝ Ուզբեկ, Թաթուլ, Վլե և ինչ իմանաս՝ է՛լ ով: Իրենց «երգարվեստի» սպառողների հաշվին կան նրանք, ի վերջո։ Ունկնդիր ու լսարան ունեն:
Ռաբիս երգչի կոչում ստանալը շատ մարդկանց վրդովեցրել է: Բայց նույն այդ շատ մարդիկ մի տեսակ չնկատելու են տալիս, որ այդ նույն ռաբիս «երգարվեստն» օրնիբուն քարոզվում է հեռուստաէկրաններից, ռադիոյով:
Չնկատելու են տալիս կամ ուշադրություն չեն դարձնում, որ երթուղային միկրոավտոբուսների ու տաքսիների յուրաքանչյուր երրորդ, եթե ոչ երկրորդ վարորդը հենց այդ կարգի «երաժշտություն» է լսում: Սակայն չէ՞ որ նրանք՝ այդ ունկնդիրներն էլ, մեր հասարակության մի մասն են: Ու կարծես այնքան էլ փոքր մասը չեն:
Մենք չենք ուզում հիշել, իսկ շատերը չգիտեն էլ, որ Երևանում ու Հայաստանի շատ քաղաքներում, գյուղերում, հայ մարդկանց բակերից երեկոյան ժամը 17:30-ից սկսած ադրբեջանաթուրքական «մեղեդիներ» էին հնչում, և լավ է, որ այս տասնամյակներում այդ խայտառակությունից հնարավորինս ազատվեցինք: Հիմա էլ, ի դեպ, մարդիկ կան, որ շատ մեծ հավեսով «բռնում» են թուրքական, ադրբեջանական ռադիոալիքներ և ըմբոշխնում այդ մուղամները: Երևի ինչ-որ բան կանչում է, ի՞նչ իմանաս:
Այժմ կրքոտ քննարկումների մեջ ներգրավվածներս մի տեսակ չնկատելու ենք տալիս այդ նույն ռաբիսությունը, ասենք, քաղաքական կյանքում կամ լրագրության ասպարեզում: Մեզանից շատերը մեծ հաճույքով դիտում են ռաբիս սերիալներ, ռաբիս «հումորային» գռեհկաբանություններ և այսպես շարունակ: Սա՛ է բուն հարցը:
Անկեղծ եմ ասում, չգիտեմ, թե ինչ մակդիրային կոչումներ (վաստակավոր, ժողովրդական և այլն) ունեն, օրինակ, Գոհար Հովհաննիսյանը, Աղասի Իսպիրյանը կամ Ռուբեն Սասունցին: Հնարավոր է՝ ունեն: Շատ ավելի հնարավոր է՝ չունեն: Ինձ՝ շարքային հայ ունկնդրիս, մեր մեջ ասած, դա առանձնապես չի հուզում: Իսկապես չի հուզում:
Որովհետև երբ ես հայերեն ու հայկական երգ եմ ուզում լսել, հաստատ Արմենչիկ կամ Ուզբեկ չեմ լսում: Ունկնդրում եմ Ինգա և Անուշ Արշակյանների, Ալլա Լևոնյանի, «Ակունքի», «Մարաթուկի», Թովմաս Պողոսյանի, մեր ոչ վաղ անցյալի ու ներկայի երգիչների ելույթները և էլի ու էլի շատ-շատերի կատարումները:
Կարևորը, կարծում եմ, ոչ թե նա է, թե ով ունի կոչում, իսկ ով՝ ոչ, այլ այն, թե մե՛նք ինչ երգեր ենք լսում կամ ինքներս երգում: Ամենակարևորը՝ ինչ երգեր ենք սովորեցնում մեր զավակներին, ինչ համերգների ենք նրանց տանում, այլ կերպ ասած՝ ինչ օրինակ ենք ծառայում:
Կա, ի դեպ, ստանդարտ, տարիներով հղկված պատասխան՝ «դե հո հարսանիքի, քեֆի ժամանակ Կոմիտաս չե՞նք լսելու...»: Հարկավ:
Բայց նախ, ամենևին պարտադիր չէ նույն այդ հարսանիքներում ու քեֆերում ամենատարբեր կլկոցախառը բաներ լսել: Եվ հետո, մի՞թե օրնիբուն քեֆերի ու հարսանիքների մեջ եք, մի՞թե այլ ազատ ժամանակ ու հնարավորություն չեք ունենում՝ մեր իսկ ազգայինի ու հարազատ ժառանգությանն առնչվելու համար:
Որ այսքան բորբոքվում-վրդովվում ենք, քանի՞ անգամ ենք մեր զավակների հետ կամ գոնե նրանց ներկայությամբ Կոմիտասի երգերն ու մշակումները կամ որևէ ազգագրական համույթի ելույթն ունկնդրել: Դե, դասական երաժշտության ու հոգևոր երգերի մասին ծպտուն էլ չեմ հանի: Բայց, կներեք, չէ՞ որ դա որևէ մեկին տրված կոչման հարցից հարյուրապատիկ կարևոր է:
Էականը, ի վերջո, կոչումը չէ, այլ վաստակը: Իսկ դա միայն ժամանակի ընթացքում է պարզվում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել