Երեկ` Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար երգիչ Արմեն Հարպետի ԳՈՆԴՐԱՉՅԱՆԻՆ (Արմենչիկին) ՀՀ նախագահը շնորհեց Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում: Եվ արդեն 2 օր է Ֆեյսբուքում, մամուլում, բոլոլոր կայքերում ու բակերում քննարկում են այդ որոշումը:
Արժանիի կամ անարժանի հարցը շատ սուբյեկտիվ է: Ամեն մեկն իր երաժշտական ճաշակին համապատասխան է մոտենում այդ հարցին: Հարցրեք մեր բակի Կարենչիկին, նրա կարծիքով Արմենչիկից արժանի մարդ չկար էլ, «ես իրա ցավը տանեմ»... հարցրեք Կարեն Քոչարյանին, ըստ նրա նման մարդկանց վաստակավորի կոչում շնորհելով արժեզրկում ենք այդ կոչումը, իջեցնում ժողովրդի սիրո և գնահատականի նշաձողը: Ասեմ, որ ավելի հակված եմ Կարեն Քոչարյանի կարծիքին, բայց մյուս կողմից էլ հետ եմ նայում, ու ցավում, որ սա առաջին դեպքը չէ, երբ այս կամ այն արտիստին վաստակավորի կոչում են շնորհում, 2-3 օր հասարակությունը բորբոքվում է, խոսում, քննարկում, դժգոհում, ու 4-րդ օրը մոռանում, անցնում իր բնականոն կյանքին: Դրա համար էլ ոչ մի խնդիր մեր հասարակության մեջ վերջնական լուծում չի ստանում: Մենք էլ, խնդիրներ առաջացնողներն էլ, մեզ հունից հանողներն էլ գիտեն այդ «4-րդ օրվա» մասին, կխոսենք, կհանգստանանք, ինչպես միշտ:
Ընդամենը մի փոքր էքսկուրս կատարենք «անցյալ» և կհամոզվեք ինքներդ:
2014 թվական, սեպտեմբերի 21
Անդրեին ՀՀ վաստակավոր արտիստի կոչում է շնորհվել
Ինչպես Արմենչիկի դեպքում, այնպես էլ Անդրեի` վաստակավոր արտիստի կոչում ստանալը սվիններով ընդունվեց: Բոլորը հիշեցին Անդրեի ղարաբաղցի լինելու փաստը (դե գիտեք դա ինչպես են հիշում :Ճ), Եվրատեսիլի «ոչ փայլուն» ելույթն ու Դիմա Բիլանին նմանակելու հավերժ արդիական հարցը:
2012 թվական, մայիսի 28
Վաստակավոր արտիստի կոչման է արժանացել երգիչ Արման Հովհաննիսյանը
Երևի մեր Մշակույթի նախարարությունում մեկը ռաբիսի սիրահար է, այլ բացատրություն չունի իրար այսքան նման, հասարակության մեծ մասի համար անընդունելի կլկլոցը վաստակ համարելը:
Նույն ճակատգրին էր արժանացել նաև Զարուհի Բաբայանը: 2014 թվականին, երբ երգչուհին ստացավ վաստակավորի կոչումը, համացանցը էլի ողողվեց ոչ առողջ քննադատությամբ, թե պալատական երգչուհիները վաստակավոր են, նախընտրական արշավներին երգելով է Զարուհին վաստակել այդ պարգևը և այլն...
Հասարակության կողմից անընդունելի վաստակավորների շարքն անվերջ կարելի է շարունակել: Բայց իմաստ չկա, որովհետև մենք դա էլ չենք հիշում, շատ կարճ է մեր հիշողությունը...
Շատ «վաստակավորների» բախտն էլ պարզապես բերել է, որ իրենց կոչում ստանալու տարիներին ֆեյսբուքահայություն չկար, չկային ազատ խոսքի այսքան շատ հարթակներ, և մարդիկ հանգիստ պարգևատրվում, ու «վայելում էին» իրենց կոչումները:
Այս հարցում պետք է պահանջատեր լինել, ու պահանջատեր լինել մինչև վերջ: Ամեն ինչ արժեզրկելով ու էժանացնելով, մենք կորցնում ենք մեր արժանապատվությունն ու բարոյական դիմագիծը: Ու հետո չենք կարող ամեն հարմար առիթով ասել` «Երբ մենք մշակույթ ունեինք՝ մարդիկ դեռ ծառերի վրա էին»...
Այո, նրանք իջան ծառերից ու զարգացան, իսկ մենք նորից այդ ծառերը բարձրացանք...