Անահիտն ու Մարկը ծանոթացան հեռախոսով:
Մարկը զանգահարել էր նրան՝ պատճառաբանելով, որ Անահիտի հեռախոսից իր հեռախոսին զանգ է գրանցվել: Այդպես սկսվել էր նրանց զրույցը, որը տևել էր ժամեր:
«Չէի հասկանում, թե ինչ էր հետս կատարվում: Վերցրի հեռախոսն ու խոսեցինք այնպես, կարծես վաղեմի ծանոթներ էինք: Ամբողջ գիշեր չէի կարողանում քնել, մտածում էի նրա մասին՝ իմանալով միայն նրա անունը: Բայց սպասում էի զանգի», -պատմում է Անահիտը:
Ասում է՝ հաջորդ օրը գիշերը զանգահարել է:
«Սպասում էի նրա զանգին: Սկսեցինք միմյանց հարցեր տալ: Բնավորության այնքան նման գծեր ունեինք: Զրույցի ընթացքում ասաց, որ ծառայում է Հայոց բանակում: Ավելին, նա ծառայում էր այն զորամասում, որտեղ ծառայում է իմ հարազատ եղբայրը:
Պատմում է, որ ապշած էր, որ չէր հավատում, թե այդ զանգը պատահական էր: Չէր հավատում այդպիսի զուգադիպության:
«Նա ամեն կերպ փորձում էր եղբորս անունը իմանալ, բայց ապարդյուն. ես չէի ասում: Զանգահարում էր գիշերները, որ չբռնվեր: Իսկ ես անհամբեր սպասում էի, թե երբ պետք է խոսեմ իր հետ: Մինչ լուսաբաց խոսում էինք՝ չնկատելով, թե ինչպես էին անցնում ժամերը»:
Ասում է, որ ունեին փոխադարձ հետաքրքրություններ, ինչն էլ կապում էր նրանց իրար հետ:
«Խոսում էինք՝ չճանաչելով մեկս մյուսին»:
Պատմում է, որ երբ գնացել էին եղբորը տեսնելու, անցել էին իրար կողքով՝ չճանաչելով միմյանց:
«Այդ օրը մեր առաջին ու վերջին հանդիպումն էր: Ընտանիքով մնալու էինք զորամասի կողքին գտնվող հյուրանոցում: Նա զանգահարեց ինձ և եկավ հյուրանոց»:
Պատմում է, որ շատ շփոթված ու հուզված էր:
«Միմյանց տեսնելով՝ երկուսս էլ խառնվեցինք: Դե՝ ճանաչեցինք միմյանց: Ես փախա», -ժպտում է Անահիտը:
Ասում է, որ 2 շաբաթից նոր զանգահարեց: Իսկ հետո, գնալով զանգերի թիվը պակասեցին՝ հասնելով 1 նույնիսկ՝ 2 ամսի:
«Սկսեցի չպատասխանել հեռախոսազանգերին: Հասկացա, որ միայն այն ժամանակ է հիշում ինձ, երբ անելու ոչինչ չի ունենում:
Պատմում է, որ հիմա արդեն ընկեր ունի, ում շատ սիրում է, ու շուտով պատրաստվում է նշանվել:
«Երկար ժամանակ է, ինչ չի զանգում, ինչի համար շատ ուրախ եմ: Սկզբում կապվածություն էի զգում: Չէր կարող լուրջ զգացմունք լինել հեռախոսային զրույցից կամ մեկ անգամ մի քանի վայրկյան տեսնելուց: Այժմ սիրահարված եմ ու իմ կողքին պատկերացնում եմ միայն մեկ հոգու: Հիմա այդ մարդու նկատմամբ ոչինչ չեմ զգում»…



