***

… Կյանքն՝ իր ամբողջության մեջ՝ մեծ է, շատ է մեծ։ Կյանքը— տիեզերական կյանքն է, և մարդու կյանքի ամբողջ վեհությունն ու քաղցրությունն էլ հենց էն է, որ իր շրջապատի միջոցով ապրի էն մեծ կյանքով։ Բայց մարդը սովորաբար չի կարողանում ապրել էն մեծ կյանքով, ապրում է միայն նրա մի մասով― մարդկության կյանքով։ Սակայն նույնիսկ դրանով― մարդկության կյանքով ապրելու էլ քչերն են ընդունակ։ Չէ՞ որ կյանքն ինչպես անսահման մեծ է, էնպես էլ փոքր է անսահման։ Եվ ահա ընդհանրապես ապրում են ավելի նեղ ու փոքրիկ կյանքերով։ Կա ազգային կյանք, պետական կյանք, դասակարգային կյանք, կուսակցական կյանք, ավելի ― նեղ թայֆայական կյանք ― թշնամու բանակների պես կանգնած իրար դեմ մինչև էն պստլիկ ես-ը… Էսպես էլ գնալով, գնալով էնքան է նեղանում ու նեղսոտանում, մինչև կտրում է մարդ արարածի ազատ շունչը ու բանն էնտեղ է հասնում, որ նույնիսկ իրար հարազատ մարդիկ զարմանում են, որ կարող են իրար կողքի կանգնել ու միասին ուրախանալ։
Ով ողորմելի ուրախություն, ինչքան ցավալի բաներ ես ասում դու…
Բայց մի՞թե ճշմարիտ է, էդքանն էլ չկա մեր մեջը։ Մի՞թե անկարելի է լինել առանձին կարծիքի ու համոզմունքի և հարգել իրար ու նույնիսկ միասին ուրախանալ։ Մի՞թե դեռ ժամանակը չի հասել, որ կարողանանք լինել ավելի լայն սիրտ, ավելի համբերատար, ավելի ներող ու սիրող, քան թե ենք։ Մենք շատ ենք քարացել չկամության ու չարակամության մեջ, շատ ենք ընտելացել ատելության մաղձի դառնությանը ու դարձել ենք ատելի. մի՞թե խորթ ու անմատչելի պիտի մնա մեզ սիրո պայծառ զգացմունքը, մի՞թե չենք կարող իրար մոտենալ, բարության աչքերով նայել իրար ու տեսնել իրար մեջ մեր լավ կողմերը, քանզի մարդ չկա, որ լավ կողմեր չունենա, ու էսպեսով էլ կյանքը դարձնել քաղցր ու սիրելի։
Մի՞թե դժվար է։

***

Մի երկու խորհուրդ մեր գավառական մամուլին

Էս մի քանի տողով ձեզ, մեր գավառներում լույս տեսնող թերթերին դիմելով, մեր լեզվի ու գրականության առողջ զարգացման համար, ձեր լուրջ ուշադրությունը հրավիրում եմ հետևյալ խորհուրդների վրա։

Առաջինը. դուք ապրելու եք ժողովրդի մեջ, ժողովրդի համար և խոսելու եք նրա հետ։ Ի՞նչ լեզվով եք խոսելու. շատ կարևոր խնդիր է։ Դուք այժմ խոսում եք գրական կոչված լեզվով, էն լեզվով, որով խոսում են Թիֆլիսի ձեր

մեծ քույրերը։ Բայց իմացած եղեք, որ էս լեզուն աղքատ, չոր ու ցամաք բառերի մի տերողորմիա է, անոճ ու անկենդան։ Մի՛ շփոթվեք սրա քաղքենի հավակնոտությունից ու գովասանքից և անտես մի՛ անեք կամ վերևից մի՛ նայեք էն գավառների կենդանի բարբառներին, որոնց մեջ դուրս եք եկել գործելու։ Էդ բարբառներից ամեն մինը ավելի շատ ուժ ու կենդանության ունի իր մեջ, քան մեր եղած գրական լեզուն։ Սա դեռ չի կազմակերպված և չի էլ կազմակերպվելու, մինչև որ մեր ժողովրդի լեզուն իր բոլոր դաշտերից, սարերից ու ձորերից կենդանի վտակներով կգա միանալու սրա մեջ և բոլոր բարբառները հանդես բերեն իրենց գանձերը։ Այժմ դուք փոխանակ էս բնական ու առողջ ճանապարհով գնալու, հակառակ կգնաք և փոխանակ ժողովրդի լավը մեզ տալու, մեր սխալներն ու դատարկ, ողորմելի ֆրազները կտարածեք նրա մեջ։ Ես չեմ ասում զուտ բարբառով գրեցեք ձեր հոդվածները, բայց մեծ իրավունք տվեք բարբառներին, նրանց բառերին, ոճերին ու ձևերին։ Իհարկե, շնորհքի բան է, թե ով ինչքան ու ինչպես կօգտվի էդ կենդանի աղբյուրներից, բայց ինչ էլ լինի ավելի լավ կլինի, քան եղածը։ Եվ էս է ուղիղ ճանապարհը ավելի լավն ունենալու։

Երկրորդ խորհուրդը։ Ուրիշ երկիրներում գիտական ընկերություններ, ակադեմիաներ կան, որ զբաղվամ են իրենց ժողովուրդի հանճարի ծնունդները խնամքով հավաքելով, իրենց մայրենի և ընդհանուր գրականության ու գիտության համար գանձարան ստեղծելով։ Եվ դրանց մեջն է, որ կգտնեք ամեն մի ժողովրդի ճշմարիտ կյանքն ու պատմությունը, բնավորությունն ու աշխարհայացքը, շնորհքն ու հոգին։ Մեզանում չկան էդ տեսակ կարող հաստատություններ և ով գիտի երբ են լինելու։ Մեր Ազգագրական Ընկերության կարևորությունը քիչ է հասկացված և քիչ մարդիկ կան նրա մեջ աշխատող։ Ո՞ւր էր, թե մեր Ուսուցչական Միությունը իր ամեն տեղ ցրված անդամ ուսուցիչների ձեռքով մտածեր հավաքել էդ անգին գանձերը կամ թե մեր Էջմիածինը մի գեղեցիկ կարգադրությունով հրավիրեր ուսուցիչներին ու կանոնավոր գրել իմացող քահանաներին օր առաջ գրի առնել

ու մի տեղ հավաքել էդ բոլորը։ Օր առաջ եմ ասում, որովհետև արդեն մոռացվում ու կորչում են. հին սերունդը իր իմացածը հետը գերեզման է տանում, իսկ նոր սերունդը—չգիտի։

Եվ այժմ, քանի գործն էս դրության է, դուք, գավառական թերթերդ, ահագին գործ կարող եք կատարել։ Ձեր էջերում մշտական տեղ հատկացրեք հայրենի երկրի ժողովրդական բանավոր գրականությանը, նրա ամեն տեսակ ավանդություններին, հեքիաթներին, առակներին, առածներին, հավատալիքներին, սովորություններին, որ հեշտ ու միշտ կարող եք առատ ստանալ ձեր շրջապատից, և ժամանակի ընթացքում մեծ նյութ կդիզեք։ Եվ ձեր շատ բաժինները՝ եթե վաղը չէ, մյուս օրը կկորցնեն իրենց արժեքը, բայց էդ անկյունը քանի գնա, ավելի ու ավելի կարևորություն կառնի, ու ապագա սերունդը, մանավանդ գրականությունը, շնորհակալ կլինի ձեզանից ու ձեր հրատարակությունները կպահի իր գրադարանում լավագույն գրքերի հետ։

Կեղտոտ մամուլ

Խոսքեր ու ձևեր կան, որ իրենց մեջ ամբողջ պատմություններ են պարունակում։ Էդ տեսակ խոսքերը միայն հանճարները կարող են գտնել, մին էլ ժողովուրդները, որ հազար–հազար աչքերով, հազար–հազար ականջներով, հազար–հազար խելքերով երկար տարիների ընթացքում նայում, լսում, քննում ու դատում են կյանքը ու վերջը հանում են մի կարճ եզրակացություն, իրենց որոշումը մի բացակայությունով, մի ածականով, կամ մի դարձվածքով։ Եվ զարհուրելի են դրանք, անողոք ու անմերժելի։

Մեր ժողովուրդն էլ ունի էդ տեսակ կարճ ու խիստ դատավճիռներ։ Ով ուշադրությամբ հետևել է, նկատած կլինի թե նա ի՛նչ ածականով է որակում, երբ խոսում է օր. մեր գրականության, հոգևորականության կամ մամուլի վրա։ Ուրիշ կերպ չի անվանում, եթե ոչ միայն «մեր աղքատիկ գրականությունը», «մեր ընկած հոգևորականությունը», «մեր կեղտոտ մամուլը»։ Եվ սրանցից ոչ մինը չի կարող մերժել իր ծանր ածականը, ամենքն էլ վաստակել են ամենայն իրավունքով, արժանի են։ Եվ իզուր են գրողները գանգատվում, թե մեր գրվածքները չեն կարդում, իզուր են հոգևորականները լաց լինում, թե մեզ չեն հարգում, իզուր է մամուլը հասարակությանը հանդիմանում, թե բաժանորդ չեն գրվում։ Չեն կարդում և չեն կարդալ, քանի որ դուք «աղքատիկ» եք, չեն հարգել և չեն հարգելու, որովհետև դուք «ընկած եք», բաժանորդ չեն գրվում և չեն գրվիլ, որովհետև դուք «կեղտոտ» եք։

Եվ շատ լավ են անում։ Դեռ կարիք կա ավելի խիստ լինելու, մինչև որ զգան, և խոր զգան ու զգաստանան։

Եվ ահա, «Հորիզոնի» էսօրվա համարում, հաճույքով տպագրելով Պետերբուրգի մի խումբ ուսանողների բողոքը, մեր ընթերցողների ուշադրությունն ենք հրավիրում նրա վրա ու խոստանում ենք վերադառնալ էս շատ տխուր խնդրին։

Չար վերաբերմունք

Տարիներ շարունակ հետևելով մեր մամուլին, մենք այսօր ստիպված ենք արձանագրելու մեր մամուլի մի տգեղ սովորությունը՝ նրա վերաբերմունքը դեպի մեր հաստատությունները, դեպի մեր գործերն ու գործիչները, և խղճի ամենայն հանգստությամբ հայտարարում ենք, որ դա եղել է միշտ չար, միշտ աչառու, միշտ թունավոր, միշտ վիրավորական, վնասելու դիտավորությամբ, կուսակցական կրքից, թեև միշտ էլ եղել է անաչառ քննադատության անունով և զանազան նման գեղեցիկ յարլիկներով։ Նրա հալածանքից ու հայհոյանքից չեն ազատվել ո՛չ մեր գրականությունն ու գրողները, ինչքան էլ տաղանդավոր լինեին ու անմեղ, ո՛չ մեր հասարակական հիմնարկությունները, ինչքան էլ նրանք լինեին բարեգործական, հրատարակչական կամ կուլտուրական, ո՛չ մեր գործիչները, ինչքան էլ նրանք լինեին մաքուր ու պատկառելի, մի խոսքով ոչ ոք և ոչինչ։ Փրկվել են միայն նրանք, որոնք եղել են նրան կուսակից ու համախոհ։ Այլևս ոչ մի փրկություն։ Ամեն մի հիմնարկություն նրա աչքում հակառակ է համարվել նրա շահերին, ամեն մի գործչի, նույնիսկ իր սեփական թղթակցի, հռչակն ու հաջողությունը նա վնաս է համարել իր փառքին և միշտ ճգնել է կռվել ամենքի դեմ, հայհոյել, ծաղրել, խանգարել, խեղդել։

Մենք այժմ չենք ուզում խոսել այն մասին, թե ո՛րտեղից է հոգու այդ դաժանությունը, այդ չկամությունը, այլ կարոտով միայն մի բան կկամենայինք, որ փոխվեին մեր բարքերը վերջապես, որ վերանար այդ ավերիչ վերաբերմունքը, այդ գարշելի, բարբարոսական ադաթը մեր մամուլի միջից, տեղի տալով անաչառ, վայելուչ քննադատությանը, լայն ու պայծառ հայացքին և ազնիվ, բարյացակամ վերաբերմունքին դեպի մեր մարդիկն ու մեր հաստատությունները և, փոխանակ սպանելու, քանդելու, ջլատելու, աշխատեինք ուժ տալ ու կենդանացնել։

Դառնացած ժողովուրդ

Մտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտված եք մտածելու, չեք կարող փախչել նրանցից։ Նրանք էն ծանր հիվանդությունների նման են, երբ դուք գիտեք, որ ձեր մարմնի մեջ կրում եք քաղցկեղի խոցը, բարակացավի բացիլները կամ ժանտախտի թույնը։ Չեք կարող անց կենալ ու արհամարհել, կամ նրանք պետք է ձեզ հաղթահարեն ու սպանեն, կամ դուք պետք է մարդկային հանճարի տված ամեն միջոցներով վեր կենաք ցավերի դեմ ու ազատվեք, առողջանաք. իհարկե, եթե էնքան արիություն ու հասկացողություն ունիք։

Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, մեր մարդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության, թե շատ չարություն կա մեր հոգում։

Էսպես են ասում նրանք և ասում են խորը ցավով, ինչ ցավով որ կարելի էր ասել, թե բարակացավի բացիլներ կան իմ կրծքում։

Բայց քիչ են էս տեսակ ազնիվ ու քաջ մարդիկը։ Մեծ մասամբ ախտի գոյությունը ընդունելով հանդերձ, իրենց առողջ են համարում ու միշտ ուրիշներին են հռչակում հիվանդ։ Ամեն մինը ինքը չար չի, կեղծավոր չի, հայհոյող չի, ստախոս չի, թայֆայական չի, էդ ամենը իրենից դուրս ուրիշներն են։

Բայց, իհարկե, սրանց չպետք է հավատալ, ոչ էլ ականջ դնել։ Ճշմարիտը էն է, որ մեր ամբողջությունը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիվանդությունով։

Նայեցե՛ք։

Գյուղացի ռանճպար մարդիկ են, հարևան, միասին մեծացած, իրար հետ օխտը բեռը աղ ու հաց կերած, բայց եթե մեկի արտը լավ է գալի կամ անասունը բազմանում՝ մյուսը նախանձից հիվանդանում կամ ինչպես իրենք են ասում՝ «արնով է ընկնում»։

Վաճառականներ են, առուտուր են անում, թեկուզ մրցակիցներ էլ չեն, բայց մեկը մյուսի հաջողությունը լսելիս քունը կորցնում է ու էնքան էլ իր գործի վրա չի մտածում, որքան նրա հաջողության վրա է դարդ անում, ու տեղն ընկած տեղը ոչինչ չի խնայիլ նրա գործին վնասելու։

Հոգևորական է. ինչքան վարձ ու պատիվ կուզեք տվեք — միշտ դժգոհ է, բողոքում է, գանգատվում է անարդարությունից, և գիտե՞ք էդ անարդարությունը որն է, որ իր ընկերն էլ է նույնը ստանում կամ նա էլ է կարողանում ապրել։

Քաղաքացի թե գյուղացի՝ երկուսը վեճ ունեն իրար հետ։ Ոչ մի դատաստանում չի վերջանում նրանց վեճը, տևում է երկար տարիներ և հաճախ իրենց ամբողջ կյանքն ու կայքը դնում են էդ վեճի վրա, մինչև կարողանում է մեկը մյուսին խեղդել, գետնին հավասարել կամ հենց երկուսն էլ փչանում են։

Մամուլ կա։ Տասնյակ տարիներով ու անհամար դեպքերով փորձված է, է՛լ հայհոյանք, է՛լ զրպարտություն, է՛լ ափաշկարա սուտ, է՛լ չարախոսություն, կեղծավորություն։ Նեղ թայֆականություն հո ոչ մի գյուղում գուցե էնքան անվայել կերպարանք չի առել, որքան սրա մեջ։ Մի հայտնի հրապարակախոս պատմում էր, թե պարզ խոսում էին մեր խմբագրատանը, թե էս կամ էն գրողին, ինչքան էլ լավ գրվածք հրատարակի, միշտ պետք է զարկել, ծաղրել կամ լռել, մի խոսքով ամեն կերպ աշխատել սպանել, միայն նրա համար, որ մեզ հետ չի, մեր թայֆիցը չի։

Էդպես էլ մտեք ազգային, հասարակական, գրական գործիչների մեջ։ Մեկը մյուսի հռչակն ու հաջողությունը տանել չի կարողանում։

Հիմի եկեք ուսուցիչներին տեսեք։ Դասերից ավելի շատ է՛ն աշխատանքի վրա են, որ իրար ոտի տակ փորեն, և շարունակ մի որևէ չնչին դեպք, որ կարելի էր ընկերական շրջանում հեշտ վերջացնել, ազգային հարց դարձրած, տարիներով ձգտում են պաշտոնական ճանապարհով, դատարանով ու մամուլի էջերում մեկը մյուսին անվանարկել, հալածել ասպարեզից ու սպանել բարոյապես… ո՛չ մի մեղմություն, ո՛չ մի ներողամտություն, ո՛չ մի սահման չարությանը։

Ինչո՞ւ է էսպես։

Պարզ հասկանալու համար երևույթի վրա պետք է նայել բնության ու պատմության օրենքների բարձրությունից, էն լայն, խաղաղ ու խոր հայացքով, որ նրանք միայն կարող են տալ։ Ուրիշ ընդհանուր հանգամանքների հետ զարհուրելի ծնող է եղել մեզ համար մեր պատմությունը։ Նա երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ։ Իսկ ամեն կենդանի գոյություն, որ ոտնատակ է ընկնում, եթե չի մեռնում, այլանդակվում է, դառնանում ու փչանում։ Էսպես է բնության օրենքը։

Էն հասարակ վարունկի թուփն ինչ է. հայտնի է, որ եթե նա էլ ոտի տակ է ընկնում՝ էլ նրա պտուղը չի ուտվում, էնքան է դառնանում։ Նրա համար էլ ձեզ թույլ չեն տալ, որ նրա թուփը ոտի տակով անեք։ Էնպես դառնանում ու դաժանանում է և մարդը, նրա հոգին, սիրտը, միտքը, ու ներքին դառնությունը դուրս է տալի, հայտնվում է և՛ աչքերում, և՛ դեմքին, և՛ խոսքերում, և՛ գործերում, ամեն տեղ, ամեն ասպարեզում, ու ամբողջ կյանքը դարձնում է դառն ու դաժան։ Եվ էս տեսակ կյանքը կունենա, այո՛, շատ բան, և՛ «հառաջադիմություն», և՛ «կուլտուրա», և՛ «մամուլ», և՛ «գրականություն», և՛ «դպրոց», և՛ «բարեգործություն», բայց էդ բոլորը ներսից ճիճվի կերած պտուղի նման են, և տառապում են հիմնական պակասություններով, մի ընդհանուր ցավով, որի ճարը դրսից անել չի կարելի։ Էդ տեսակ կյանքը կտա և տաղանդավոր մարդիկ, սակայն նրանք էլ կլինեն դառն ու դաժան։ Բայց նա չի կարող ծնել ազնիվ մարդիկ, բարի սրտեր ու բարձր ոգիներ, հենց է՛ն, ինչը որ դարձնում է մի կյանք գեղեցիկ ու հրապուրիչ և մի ժողովուրդ թանկ ու համակրելի։

Արդ՝ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը։ Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը։

Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած։


Սկիզբը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել