Հայաստանյան մամուլն աչքի է ընկնում իր ազատությամբ, սակայն շատ հաճախ այդ ազատությունը չարաշահվում է: Օրինակ, շատ հաճախ որևէ իրավաբան կարող է հարցազրույց տալ լրատվամիջոցներից մեկին ու բացի իր բուն մասնագիտական խոսքից՝ ամեն ինչից խոսել՝ քաղաքականությունից, կենցաղային խնդիրներից, մշակույթից, հասարակությունից և այլն, միաժամանակ տեղի ունեցող զարգացումները գնահատել տարբեր դիտանկյուններից և միայն վերջում իրավական տեսանկյունից: Այսպիսի հարցազրույցներ կարող են տալ նաև որոշ «պարապ» փաստաբաններ, որոնցից հիշատակման արժանի է թերևս փաստաբան Հարություն Բաղդասարյանը:

Նման որակի հարցազրույցները մամուլը լցնում են պատկերավոր ասած «կենցաղային աղբով», որոնք ոչ մի հետաքրքրություն չեն առաջացնում նույնիսկ միջին ինտելեկտուալ զարգացում ունեցող քաղաքացու մոտ, քանի որ էժան մեկնաբանություններով հնարավոր չէ գրավել քաղաքացիների ուշադրությունը: Դիլետանտների կողմից արված վերլուծությունները հասարակության մոտ, ի վերջո, ապատիայի են արժանանում:

Մամուլն այսօր որակյալ վերլուծությունների և մեկնաբանությունների կարիք ունի, որտեղ ոլորտների պրոֆեսիոնալներն իրենց խոսքը կներկայացնեն, ինչի արդյունքում հասարակ քաղաքացին չի մտածի, թե ինքը դարձել է դեղին մամուլի «զոհ»: Այլ կերպ ասած՝ մամուլը պետք է մաքրել «վնասատուներից», և եթե ինչ-որ խնդիր դուրս է որևէ մասնագետի ուսումնասիրության ոլորտից, ապա ավելի նպատակահարմար է լռել:

Ի վերջո, պետք է հասկանանք, որ մամուլն այն տեղը չէ, որ պետք է լցնել «Գյուլնազ տատի հեքիաթներով»: Հետո էլ ասում են՝ հասարակությունը փչանում է, եթե այսօրվա ԶԼՄ-ի վիճակը նման ողբերգական աստիճանի է հասած, տրամաբանական է, որ հասարակությունը կհանդիսանա լրատվամիջոցների հայելին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել