Պատմաբանները Ստալինին են վերագրում մի հայտնի արտահայտություն. «Кадры решают все»: Հիմա կարդում եմ ՀԷՑ-ի վաճառքի մասին լուրն ու մասնավորապես այն, որ այն ձեռք են բերել, ըստ որոշ տեղեկությունների, միանգամից 4 հայ մեծահարուստներ. Տաշիր Սամոն՝ 50 տոկոսը, իսկ մնացած 50 տոկոսը՝ գազի Կարեն Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանն ու Հարություն Փամբուկյանը:
Հիմա փաստորեն ինչ էլ լինի, Ռուսաստանն՝ ի դեմս Ինտեր ՌԱՕ-ի, ձեռքերը լվացել է ՀԷՑ-ի հետ կապված պատմություններից, և ողջ պատասխանատվությունը մնում է այն ձեռք բերած հայ գործարարների ու մեր հայրենի կառավարության վրա: Ու հենց այսստեղ էլ ի հայտ է գալիս հիմնական խնդիրը, որը մասնավորապես կայանում է նրանում, որ ի հեճուկս որոշ պարզամիտների ունեցած կարծրատիպերի՝ ո՛չ Պուտինն էր թալանում ՀԷՑ-ը, ոչ էլ անգամ Ինտեր ՌԱՕ-ի ղեկավարությունը, իսկ ոչ արդյունավետ, վնասներով աշխատող ու համատարած թալանի սկզբունքով գործող համակարգը հիմնել ու գործարկում էին ընկերության կադրեր, որոնք առավելապես հայեր էին, իսկ համակարգի ֆունկցիոնալությունը հնարավոր էր դառնում մեր ազգանվեր կառավարության թողատվությամբ, եթե չասենք ուղղակի մասնակցությամբ:
Հիմա ինտրիգը նրանում է, թե կոնկրետ ինչ կերպ կվարվեն ընկերությունը ձեռք բերած 4 օլիգարխներն իրենց նոր սեփականության հետ: Ըստ էության, նրանք ունեն գործողությունների երկու տարբերակ.
1. Ընկերությունը ոտքից գլուխ թափ են տալիս, կազմաքանդում են ստեղծված արատտավոր համակարգն ու սկսում են կառուցել նորը, որով ընկերությունը կկարողանա եկամուտ բերել՝ առանց հավելյալ բեռ ստեղծելու բնակչության համար: Սա նշանակում է, որ լիքը մարդիկ, այդ թվում՝ իշխանության վերին օղակներում, առնվազն զրկվելու են հսկայական եկամուտներից, ու հնարավոր է անգամ առաջանա լարվածություն ՀԷՑ-ը ձեռք բերած գործարարաների նկատմամբ:
2. Ոչ մի բան էլ չեն փոխում, ուղղակի արատավոր համակարգի փողաբեր որոշ պաշտոններից ազատում են «չուժոյ պախմելներին» ու նրանց փոխարեն նշանակում են իրենց մարդկանց, որ հիմա էլ մի քիչ իրանք բիբինություն անեն:
Հաշվի առնելով մեր գաղջ իրականությունը՝ ես կարծում եմ, որ 1-ին տարբերակը մանկական հեքիաթների շարքից է, այնպես որ, պատրաստվենք կոտրած տաշտակի հեռանկարին բախվելուն: