Չեմ սիրում, երբ կարոտում են մարդկանց, երբ զգում են նրանց կարիքը, երբ շնչասպառ են լինում, երբ սրտնեղում են, լալիս, երբ… Իսկ եթե լուրջ՝ չեմ սիրում, երբ կարոտում եմ մարդկանց, երբ զգում եմ նրանց կարիքը, երբ շնչասպառ եմ լինում, երբ սրտնեղում եմ, լալիս…
Իսկ ես հիմա գիտակցում եմ լիաթոք շնչելու անկարողությունս, անզորությունս եմ գիտակցում ու … կարոտիս առկայությունը: Ես ուժասպառ եմ լինում այդ կարոտից, թևաթափ եմ լինում, … ու դրա հետ մեկտեղ անասելի շքեղ փայլով են լցվում աչքերս, որովհետև ես կարոտում եմ`ուրեմն ես կամ: Երևի նկատած կլինեք, որ մոտ երկու ամիս է՝ չեմ գրում. ո՛չ մի հրապարակում, ո՛չ մի միտք, ո՛չ մի զգացմունք… Բացարձակ ու ընդարձակ դատարկություն: Ինչո՞ւ… Երևի թե սպասում էի, որ այս փոքրիկ սատանան հոգումս մեծանա, հասունանա, որ  սնվի ինձնով, սնվի քո բացակայությամբ, որ մի բուռ դառնա` սեղմված ու լարված մի ափ, որ թեմա դառնա գրելու, որ լիքը լինի, լիքը լինի ու անկեղծ, որովհետև իմ կարոտը քո հանդեպ անկեղծ է այնքան, որքան որ ես եմ անկեղծ գրելիս: Իմ կարոտը քո հանդեպ գեղեցիկ է` մուգ աչքեր ունի, թավ հոնքեր, մի քիչ էլ հիմար ժպիտ, անսիրտ հոգի ունի ու անհոգի մարմին: Իմ կարոտը քո հանդեպ ծարավի է նման` անհագ ծարավի, քո հանդեպ կարոտը չի հագենում: Քեզնով-առանց քեզ, քո կողքին, թե անջատ՝ այդ կարոտը կա, այն մեծանում է իմ ներսում: Մեծանում այնքան, որ ստիպում է լաց լինել, երբ մենակ եմ, որ ստիպում է ժպտալ, երբ  տեսնում եմ քո փոքրիկ կանաչ լույսն իմ համակարգչի էկրանին: Իսկ կարոտն այժմ  վիրտուալ է մի խաղ է դարձել, կարոտն այժմ հագենում է լուսանկաներով, նամակների պատմությունը քրքրելով: Իսկ կարոտն այժմ կիսատ է…
Բայց իմը, ա՜խ, իմ կարոտը՝ մի բուռ կարոտը կարծես մարմնանում է ձեռքումս, սեղմվում, կծկվում ու այդ կծկումից չանչերս վնասում են մաշկս այնպես, ինչպես կարոտդ սիրտս է վնասում: Ու ես կրկին սեղմում եմ բռունցքս, սեղմում ուժգնորեն ու հետևում երակներիս բարձրացմանը մակերես, ոսկրերիս ուռճանալուն, ձեռքիս ջրապատվելուն: Ես հետևում եմ լուռ ու մտահոգ` կարոտս սպանել եմ ուզում. խեղդել ու նետել եմ ուզում: Կարոտս առնել ու պատառոտել եմ ուզում: Իսկ հետո՜… Հետո ուղղակի թեթևանալ եմ ուզում:
…իսկ հետո՝ երկար պայքարից հետո նա ինձ է նայում քո մուգ բիբերով. անզորանում եմ, կոտրվում ու հարմարորեն տեղավորում նրան ափիս երկայնքով. կարոտիս էլ է հանգիստ հարկավոր:
Մի բուռ կարոտս… Սիրում եմ նրան, որովհետև քեզ սիրելու ոչ մի հիմք չունեմ… Բացատրություն չունեմ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել