GalaTV.am-ը գրում է.
«Չնայած Ռուսաստանի գործունեությանը Սիրիայում, անվտանգության հարցերով մի շարք ռուսաստանցի փորձագետներ վստահ են, որ Մոսկվայի ռազմատենչ նկրտումները կզսպի ռուսաստանյան հասարակական հոգեբանության մի կարեւոր առանձնահատկություն՝ «աֆղանական սինդրոմը»,- նշում է Ֆրեդ Ուեյրը The Christian Science Monitor-ում: -Այդ սինդրոմն ունի մոտավորապես նույն ազդեցությունը, ինչպիսին ունեցավ ամերիկյան հասարակության վրա պատերազմը Վիետնամում: Նախկին ԽՍՀՄ-ի ցավագին միջամտությունն աֆղանական ներքին գործերին 1979-1989 թթ.-ին 15 հազար խորհրդային զինվորի կյանք արժեցավ, վախեցրեց ռուսաստանցիների մի ամբողջ սերնդի, եւ հավանաբար մոտեցրեց այդ երկրի վախճանը»:
«Ռուս ժողովուրդը չի ուզում, որ մեր բանակը մասնակցի ակտիվ ռազմական գործողությունների, որտեղ էլ դա լինի, վերջ»,- պնդում է Ռուսաստանում միակ հանրային կարծիքի ուսումնասիրման Լեւադա կենտրոնի փոխտնօրեն Ալեքսեյ Գրաժդանկինը»,- ասվում է հոդվածում:
«Հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ ռուսաստանցիների մեծ մասն աջակցում է Մոսկվայի պաշտոնական քաղաքականությանն Ուկրաինայի հանդեպ, մասնավորապես, կամավորությունը եւ ուկրաինական ապստամբներին օգնություն ցուցաբերելու այլ ձեւերը: Սակայն նույնիսկ այս դեպքում Կրեմլը մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի թաքցնի զորքերի մասնակցությունը ռազմական գործողություններում, որոնք տեղի են ունեցել վերջին մեկ տարվա ընթացքում, այդ թվում գաղտնի հուղարկավորում է անխուսափելի զոհերին»,- հաղորդում է Ուեյրը: «Հարցումները ցույց են տալիս` ռուսաստանցիները չեն ցանկանում, որ Ռուսաստանը զորքեր ուղարկի Ուկրաինա,- ասում է Գրաժդանկինը: – Սիրիա զորքեր ուղարկելու որոշման հանդեպ եւս վերաբերմունքը բացասական կլինի»:
«Ռուսները պատվում են Երկրորդ համաշխարհայինի վետերաններին եւ բարձր են գնահատում ԽՍՀՄ-ի դերը նացիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակում, սակայն նրանք, ովքեր կռվել են Աֆղանստանում, հասարակության տեսանկյունից իրենց ավելի վատ են դրսեւորել,- ասվում է հոդվածում: – Այս հակամարտությունը ծանոթացրել է խորհրդային մարդկանց այլ տեսակի պատերազմի հետ, որի նպատակներն անհասկանալի էին թվում: Այն Երկրորդ համաշխարհայինից երկու անգամ ավելի տեւական էր, որը վերածվեց արյունոտ ճահճի եւ ավարտվեց նվաստացուցիչ պարտությամբ»:
«Իհարկե, մենք մտանք Աֆղանստան ոչ հանուն պատերազմի: Մենք ուզում էինք օգնել այդ ժողովրդին վերականգնել քաղաքացիական համաձայնությունը, պաշտպանել իրենց հարավային սահմանը,- Ուեյրը մեջբերում է Սվերդլովսկի տարածաշրջանի Աֆղանստանի վետերանների կազմակերպության փոխնախագահ Օլեգ Տիխոնովի խոսքերը: – Դա ճիշտ կլիներ մեծ քաղաքականության տեսանկյունից»:
«Սակայն տանուլ տված այդ պատերազմի դասերն ամուր արմատավորվել են ազգային հոգեբանության մեջ»,- նշում է Ուեյրը: «Հանրային կարծիքը երբեք չի աջակցի Ռուսաստանի ռազմական միջամտությունը Սիրիայում: Երբեք»,- վստահ է Տիխոնովը: