Panarmenian.net-ը գրում է.
ՀՀ-ում անցկացվող փորձաքննության արդյունքում տարեկան 3000-4000 մարդ չի ստանում հաշմանդամության կարգ։ Այս մասին սեպտեմբերի 16-ին լրագրողներին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը:
«Նրանցից շատերը հանձնաժողովի որոշման հետ չեն համաձայնվում և բողոքարկում են, որից հետո բավարարվում է մոտ 3-4%-ի բողոքը», - ասել է Սողոյանը, մեջբերում է Panorama.am-ը:
Նրա խոսքով՝ Հայաստանում գրանցված ավելի քան 200.000 հաշմանդամություն ունեցող անձից 136.713-ն անժամկետ հաշմանդամություն ունեցող անձիք են։ Ըստ Սողոյանի՝ տարեկան մոտ 70.000 հաշմանդամություն ունեցող անձ ամեն տարի փորձաքննություն է անցնում և որոշվում է՝ արդյոք անձը կրկին պետք է գրանցվի իբրև հաշմանդամ, թե ոչ։
Սողոյանը նշել է, որ Ռուսաստանի հետ համեմատ, որտեղ կենսամակարդակը ավելի բարձր է, քան Հայաստանում, բնակչության մեջ հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են 10.26%. գրեթե 50%-ով ավելի է Հայաստանի համեմատ։ Իսկ հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը կազմում է ՌԴ բնակչության 1.97%, և այս ցուցանիշը գրեթե երկու անգամ ավելի է, քան Հայաստանում:
«Մեր երկրում հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը բնակչության 1.1%-ն է կազմում», - հավելել է նա:
Վիճակագրական տվյալների համաձայն Հայաստանում գրանցված է 200.401 հաշմանդամություն ունեցող անձ` հանրապետության բնակչության 6.6%-ը: Հաշմանդամություն ունեցողների 48%-ը կին է, իսկ 4%-ը՝ երեխաներ (8.047):



