«Ֆուլ հաուսի» 3-րդ եթերաշրջանի մասին շարունակ հնչում են տարբեր քննարկումներ և կարծիքներ։ Ընդ որում, կարելի է նկատել, որ կարծիքները գրեթե միշտ սուբյեկտիվ բնույթի են և «հավանում եմ»-«չեմ հավանում» ֆորմատից դուրս չեն գալիս։ Ի վերջո, փորձենք հասկանալ՝ որքանո՞վ է այն հաջողված։
Նախ՝ դերասանական կազմի մասին։ Նախկին եթերաշրջանի դերասանները բավականին սիրված են հանրության կողմից։ Այն հիմնական դերասանական «կորիզը», որն ապահովում էր սիթքոմի մասսայականությունը, պահպանված է այս եթերաշրջանում, ինչի շնորհիվ «Ֆուլ հաուսը» նույնքան հաջողված կլինի նաև այս դեպքում։
Սցենարիստ և պրոդյուսերական աշխատանք. սցենարն աչքի է ընկնում բավականին որակյալ հումորով։ Ընդ որում, այդ հումորը երբեմն բավականին «նուրբ» է մատուցվում, ինչպես օրինակ՝ «Ինչպես կասեր Աշոտյանը՝ մազից պրծանք...»։ Պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, այս ոլորտում բավականին փորձ ունի և՛ որպես դերասան, և՛ որպես պրոդյուսեր։ Նրա կերպարի վերադարձը նույնպես կարող է որոշակի թարմություն մտցնել, քանի որ Մենչը շատերի կողմից սիրված կերպար է։ Նոր եթերաշրջանի սցենարը խոստանում է բավականին հետաքրքիր լինել. տիկին Թամարայի տեղափոխությունն ու Մուշեղի «կնոջ» կերպարի մեջ հանդես գալը, նոր վարձակալների «հայտնությունը» դեռ նոր անակնկալներ կմատուցեն հեռուստադիտողներին։
Նկարահանումներն ինչպես միշտ շատ ստացված են. գեղեցիկ նկարահանման տաղավար, որակյալ տեխնիկա, «տաք գույներ»... այն ամենը, ինչ պետք է հնարավորինս «թեթև» նայելու և դրական լիցքեր ստանալու համար։
«Ֆուլ հաուսը», միանշանակ, այսօրվա լավագույն հումորային սերիալն է, որը լուրջ մրցակից չունի դաշտում։ Իսկ սիթքոմը խիստ քննադատողները չպետք է մոռանան, որ «Ֆուլ հաուսից» կինեմատոգրաֆիական միջազգային չափանիշներին համապատասխան ակնկալիքներ ունենալն առնվազն իրատեսական չէ, այն խնդիր ունի կազմակերպելու հեռուստադիտողի ուրախ ժամանցը, ինչն էլ բավականին հաջող իրականացնում է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1622332561366015&id=100007678606149¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել