Նվագում է հոգիս, մեղմ իրար տալիս մոլորված մեղեդիներս անքուն, գիշերվա գրկում արտացոլում քնքուշ մենակություն, լռություն է անվերջ նվագում: Ա՛խ ինչպես եմ սիրում ապրել լուռ մեղեդու նման, մոլորված մեղեդու նման, մոլորված լռության մեջ, մոլորված անսահմանության մեջ, ուր կարոտից պոկված մի ծաղիկ անվերջ շնչահեղձ է լինում, սակայն չի մեռնում:
Հեռու մի անկյունում` մի սառը քարին, ինքս ինձ պատմում եմ մի ինչ-որ պատմություն, սակայն անվերջ է պատմությունս թվում... Ա՛խ սիրելիս, իմ պատմությունը լուռ է, լռություն, միայն շշուկն եմ զգում քո շնչի՝ մեկ շուրթերիս, մեկ ուսերիս, կարծես հպվելով սիրում ես կրկին, ա՛խ, բայց շշուկդ անգամ ցավեցնում է, ցավեցնում է հոգիս…
Հեռուներից եկող հեռու, մի կորած հեռու, որտեղ արտասվում են խոսքերս, կաթիլ առ կաթիլ արտասվում ցավից, ո՞վ է ունկդիրս, ա՛խ ոչ ոք, ո՞վ կհասկանա իմ լռությունը խոր, երբ չեն հասկանում աչքերս մոլոր, և ո՞վ կհասկանա իմ շշուկն անգամ, երբ խուլ է աշխարհը, խլացել է ինչ-որ աղմուկից. գուցե մեր սերն է լուռ աղմուկ, որ խուլ է հնչում, որ ոչ ոք չի լսում…
Ցավում են շուրթերս` մեկ առ մեկ արտասանելով բառեր, ցավում են վերքոտ իմ շնչից, որ հպվում է: Ա՛խ շուրթերս ճաքել են, անապատ դարձել, անգամ եթե հպվես նորից, վերջ, նրանք մերկ քարի նման փշուր առ փշուր կմնան շուրթերիդ, բայց վերջին անգամ ուզում եմ շոյվել քո շուրթերից, ա՛խ մարմինս անգամ մերկ քարի նման ճաքել է արդեն, չորացել ցավից, դե հպվիր, հոգիս, վերջին անգամ թող քո մարմնին խորը հառաչով ես փլուզվեմ, փշրվեմ ցավից ու մի քիչ էլ, վերջին մի քիչով էլ փշրված ավազի նման, ա՛խ, մարմնիդ անապատ դառնամ, ծածկեմ թարմությունդ, իմ ներսում պահեմ, թաքցնեմ հոգիդ ու անմարմին մի սիրո նման քեզ անվերջ սիրեմ ու գուրգուրեմ: Ա՛խ, իմ մենություն, չի հպվում սերը դառը մարմնիս, որ վերջին անգամ սիրո սիրով ես փլուզվեմ, անճաք է միայն իմ սերը, որ ա՛խ ներսումս վառվում է ու ինձ մոխրացնում, անճաք է միայն, ա՛խ, միայն սերս... Ո՞ւմ նվիրեմ այդ թանկությունը, ո՞ւմ նվիրեմ, որ էլ երբեք, ա՛խ էլ երբեք չքարանամ, ոչ թե ցավից, այլ այդ սիրուց, որ մենակ չմնամ ինչ-որ մի հեռվում, որ էլ չփախչեմ ինքս ինձանից:
Քո շուրթերին մի պատմություն ունեմ, որ մնացել է քեզ մոտ, քո շուրթերին ես սեր ունեմ պահած թաքուն, ա՛խ, քո շուրթերին ես ասելիք ունեմ, մի չսպիացած պատմություն ունեմ… Ուզում եմ՝ շուրթերիդ ամեն մի գիծը մեղմ կարոտ լարի, ուզում եմ՝ քո շուրթերի ամեն գույնը խառնվի անգույն իմ շուրթին, ա՛խ ինչ ասեմ, եկ քեզ համբուրեմ, գրկեմ շուրթերդ ամուր ու պատառոտեմ պատմությունս հին, պատառոտեմ քո շուրթերին` մեկ մեղմ քամու նման շոյեմ զեփյուռով, մեկ ահարկու փոթորկի նման ավերեմ: Լռեցրու իմ այն պատմությունը հին, որ մնացել է իմ շուրթերին, լռեցրու լեզուս քո անուշ հոգով, թո՜ղ, թո՜ղ իմ մենությունը, թող որ շուրթերիդ պատմեմ, ախ, պատմեմ չսպիացած մի պատմություն, ու թողած հետքերս՝ գրկեմ-հեռանամ, թող որ վերջին անգամ շուրթերդ ապրեմ..
Պատել է հոգիս, պատել է մշուշը քո… Քո մշուշից խոնավությունը լվանում է աչքերս, քո մշուշը` տաքացնում սառնությամբ, մի օթևանի պես մի աշխարհ ստեղծում կյանքից հեռու, ու քո մշուշը, ա՛խ պարում է, պարում է մարմնիս, խլացնում ձայները հեռվում, լռեցնում աշխարհի տնքոցը, ա՛խ քո մշուշը ինչ-որ մի մեղմ շոյանքով պատում է հոգիս ու տրվում ինձ` մեկ գրկում սիրում, մեկ նեղացած հեռանում ու փոթորկի նման կարոտից վազում` մեկ առաջ, մեկ հետ, սիրուց նա կմկմում է, բայց վերջում նորից իմ գիրկն է գալիս: Մեկ ուզում է սիրել, մեկ ուզում է ստել, ա՛խ, քո մշուշը, որ պատել է հոգիս ու բաց չի թողնում, մեկ գրկում է, մեղմ սեր արտասանում, մեկ կարոտ ու կույր աչքերով հոգիս բանում, մեկ նեղանում-հեռանում, բայց վերջում, ա՛խ, քո մշուշը վերջում նորից ինձ է պատում …
Կար մի անուշ սեր, որ հեռվում մնաց, ու հասցեագրված հեռուներում անտուն իմ սերը մոլորվեց կյանքում, հասցեներ թողեց, թողեց պատուհաններիս, թողեց աչքերիս, բայց այդ հասցեները լոկ գրություններ էին... Ա՛խ, իմ սերը, որ հեռացավ ու ինչ-որ մի տեղում ինձանից գաղտնի թաքուն մահացավ, լոկ անգամ հետքերը մնացին ծածկված, ոչ մի հետք ու ոչ մի հասցեով ես կայնքում էլ նրան չգտա: Ա՛խ, սեր, մի՞թե նեղացել ես իմ սրտից, չէ՞ որ ցավը այնքան է ծածկել սիրտս, որ չկարողացա ցավի ծանրությունից քեզ էլ վերցնեմ ուսերիս, ա՛խ սեր, ի՞նչ անեմ, ասեմ, մի՞թե հեռվում առանձին, առանց իմ հոգու կարող ես ապրել, չէ որ աշխարհդ ես եմ.. Բայց ուր էր թե մի սիրուն ճամփա քեզանով գծեի, փակեի դռներս, ուրիշ, շատ ուրիշ աշխարհում ապրեի...
Շուրթերդ բեր, շուրթերիս թանաքը գրվել է ուզում, գրվել մի ինչ-որ դատարկ էջի վրա, բեր կույս շուրթերդ, թող անիրավ մնացած իմ անապատը լոկ ծակի այն, բե՛ր, ա՛խ, բեր, իմ սիրելի, թող որ իրոք կարոտ շուրթերով ու վերջին անգամ շուրթերիդ ապրեմ, գրկեմ շուրթերդ, գրկեմ ու սառչեմ, մոռացվեմ, լոկ մի պատմություն դառնամ ու գրվեմ քո շուրթերին:
Ասելիքս կավարտվի, երբ անապատ իմ մարմինը կփլուզվի, փոշին կծածկի հոգիդ, փոշին կպատի սիրտդ, ու կպչուն կյանքի նման կհավերժանամ լոկ քո մարմնին, ա՛խ անիծված, ա՛խ քո աչքերը` հոգուդ հայելին, որի մեջ ես եմ ինքս ինձ տեսնում, բայց կողպել ես աչքերդ լուռ, մենությանը տրվել ու լոկ մենության ծովում խորտակված նավի նման ամայացել: Արի դառնամ քո նավապետը, շարժեմ մարմինդ ու լող տանք միասին, այս անհույս ծովում, նավակ հոգումդ ես ինչպե՞ս տեղ անեմ, երբ միայն իմ սիրտն է տեղավորվում, զարմանում եմ ինչպե՞ս կարելի անսահման սրտով փոքրիկ սիրո մեջ տեղավորվել, իսկ փոքրիկ մարմնով` ոչ մի տեղ: Ա՛խ այս կյանքը … տեսնես ո՞վ է տերն ամենի, ա՛խ գուցե մենք էլ մի նավակ ենք`անսահման ծովում խորտակված նավակ, բայց ո՞վ է մեր նավապետը, ինչո՞ւ երջանկության ուղով չի տանում, դժվա՞ր է միթե ղեկը շարժել ու անհուն երջանկությանը տրվել:
Բայց ես լռում եմ, հեռու-հեռվում թողնում ինքս ինձ, այս ծովում խորտակվում ... Ա՛խ, ես չգիտեմ` ինչու եմ ապրում, ո՞րն է պատճառը, ու ո՞րն է հարցը. բազում հարցերից ես շատ եմ հոգնել, լոկ պատասխան գտնելու համար ավելի լավ էր՝ ինքս հարց դառնայի: Ա՛խ, այս աշխարհը... Տեսնես՝ ո՞րն է պատասխանը, որ ոչ մի հարցին չի հասցնում հանգրվանել... Սուտ է, հարցը ինքը պատասխանն է. հարցը ինքը լոկ պատասխան է: Մշուշ եմ ուզում` շինված քո բույրով, թող քեզանից մահանամ, այլ ոչ թե մահով, դու՜ եղիր մահը ու կյանքը, չէ՞ որ քեզանով եմ լցրել աշխարհը… Եղիր շունչս, մարմինս, հոգիս, մի թող քո սերը աշխարհը տանի, դու՜ եղիր իմ աշխարհը, իմ մարմնով ու իմ սրտով:
Թող ասելիքս ասեմ շուրթերիդ...Ասելիքս լոկ մեկ համբյուր է, լոկ մի քնքշություն, միայն դու վստահ եղիր, շունչս միայն պահել եմ թաքուն, որ վերջին շնչով քեզանով ապրեմ, ես ուրիշ այլ շունչ չունեմ... Ես լոկ կասեմ համբյուրի խոսքը, լոկ կնվիրեմ քեզ իմ վերջին շունչը: Թող իմ պատմությամբ պատեմ հոգիդ, դարեր ապրեմ, լոկ սառած քո մարմնին ու շուրթերին թևածեն անտուն մի համբույրի պես ու գամ սոսնձվեմ ես քո շուրթերին:
Ախ իմ էություն, քեզանից միայն մշուշ եմ ուզում, հեռու աշխարհից ու կյանքից այս ցուրտ, ուզում եմ մշուշը քո հոտը բերի, քո բույրով ինձ անվերջ ծածկի:
Թող ասելիքս շուրթերիդ թողնեմ ու հեռանամ, թող որ չորությունս քանդեմ շուրթերիդ: Ա՛խ, իմ էություն ու մի մեծ քնքշություն...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել