Եվ երբ Ադրբեջանի արտգործնախարարության ահա արդեն չորրորդ աշխատակիցը՝ Հոլանդիայում այդ երկրի դեսպանության կցորդ Ջաֆարովը, հրաժարվեց հայրենիք վերադառնալ, ադրբեջանական մամուլը և հատկապես մեզ լավ հայտնի նախագահամետ կայքը սթափ դատողություն և նույնիսկ հումոր ցուցաբերեցին և այդ երևույթն անվանեցին «Աշնանային տերևաթափ»: Հոդվածագիր Հասանովն անմիջապես հավելեց, որ ինքը չի զարմանա, եթե չվերադարձող դիվանագետների թիվը շարունակի աճել: «Կարգն է այդպես,- փիլիսոփայորեն եզրակացրել է Հասանովը,- որ դիվանագետների փախուստը սովորաբար համընկնում է հնարավոր հեղափոխություններին՝ անկախ այն բանից՝ դրանք տեղի կունենան, թե՝ ոչ»:
Հոդվածագիրը վայրկյան անգամ չի կասկածում, որ Արևմուտքը ծայրաստիճան շահագրգռված է հեղափոխության ճանապարհով Ադրբեջանի իշխանության փոփոխմամբ: Ի՞նչ կանխատեսում է անում Հասանովը: Նրա կարծիքով՝ խորհրդարանի առաջիկա ընտրության ավարտից հետո կարող են հնչել աշխարհի այս կամ այն երկրում աշխատող ադրբեջանցի դիվանագետների հայտարարությունները, թե «զանգվածային կեղծիք» է կատարվել:
Ադրբեջանցի որոշ «անմաքուր ձեռքերով» դիվանագետներ, որոնք վաղուց և սերտորեն համագործակցում են արևմտյան քաղաքագետների և գործընկերների հետ, ստացել են վերջիններիս հավաստիացումը, թե Ադրբեջանում հեղափոխությունն անխուսափելի է. սրանք նույնպես կդատապարտեն Միլի Մեջլիսի ընտրությունը:
Եվ որպեսզի իր կանխատեսումն առավել հավաստի հնչի, կայքի հեղինակ Աքպեր Հասանովը վկայակոչել է Հայաստանի պատմության նորագույն շրջանի՝ 2008թ. հետընտրական իրադարձությունները: Զարմանալ կարելի է, թե այս հեղինակն ինչ քնքշությամբ է համեմատել երկու հարևան երկրների՝ իր կարծիքով նույնաբովանդակ իրողությունները, երբ Եվրամիության «որոշակի շրջանակները» հայ դիվանագետներին իբր հավատացրել էին, որ իշխանության հեղափոխական փոփոխությունն անպայման հաջողությամբ կպսակվի: Նույն այդ «շրջանակները» կարող են նույն հնարքն օգտագործել՝ այժմ արդեն ադրբեջանցի դիվանագետներին շփոթեցնելու համար: Այս հրապարակումը ևս պետք է դիտարկել Ադրբեջան-Արևմուտք դիմակայության համատեքստում:
Բայց դե Հասանովի ինչի՞ն է պետք բախտակից ներկայացնել այն ժամանակվա հայ և այսօրվա ադրբեջանցի դիվանագետներին, կարելի է միայն կռահել: Սա պարզապես մի լրացուցիչ առիթ է ի ցույց դնել Եվրամիության «որոշակի շրջանակների» մութ մեքենայությունները և մեկ անգամ ևս հիշեցնել, որ Ադրբեջանը բացի եվրաինտեգրումից այլ տարբերակ ևս ունի. նկատի է առնվում ԵԱՏՄ գիրկն ընկնելու հնարավորությունը, որով Ադրբեջանը վերջերս ավելի ու ավելի համառորեն է սպառնում եվրոպական դիվանագիտությանը: Սակայն չի բացառվում, որ այս երկիրն ի վերջո հայտնվի Բուրիդանի ավանակի վիճակում. ինչպես հայտնի է՝ այդ կենդանին սովից սատկում է՝ գտնվելով երկու խոտի դեզերից հավասարաչափ հեռու և չիմանալով, թե որից օգտվի: