Սերժ Սարգսյանը մեկնում է Տաջիկստան, որտեղ Հայաստանը պետք է ստանձնի ՀԱՊԿ նախագահությունը։ Դատելով Սերժի՝ Մոսկվայում արած հայտարարությունից՝ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում, բացի ֆորմալ պրոցեդուրաներից ու քննարկումներից, նախագահը բարձրացնելու է նաև վերջին շրջանում սահմանային լարվածության ու մասնավորպես Ադրբեջանի կողմից հրետանու գործածության բազմաթիվ փաստերը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ստացվող աջակցության, որն անում են ՀԱՊԿ-ի մեր դաշնակիցներն ու հատկապես Ռուսաստանը։
Սակայն այսքանով դժվար թե սահմանափակվեն քննարկումները։ Այս գագաթնաժողովը կարող է դարակազմիկ դառնալ ՀԱՊԿ-ի պատմության մեջ, քանի որ մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանի միջնորդությամբ ասպարեզ հանվի Սիրիայի հակամարտությանը ՀԱՊԿ ուժեր ներգրավելու հարցը, քանի որ ամեն ինչ գնում է նրան, որ Ռուսաստանը միջամտելու է սիրիական կոնֆլիկտին ու դրան ավելի լեգիտիմ կարգավիճակ ու ծանրակշռություն հաղորդելու համար Ռուսաստանը հաստատ կցանկանա անել դա ոչ միայնակ, այլ ՀԱՊԿ-ի իր դաշնակիցների զորակցությամբ։
Բացի դրանից, հիմա, առավել քան երբեք ակտուալ է դառնում հատկապես կենտրոնական-ասիական ՀԱՊԿ անդամների ներքին անվտանգությունն ու ռիսկերի հակազդեցությունը։ Այսօրվա դրությամբ հայտնի է արդեն, որ Ղրղզստանից ու Տաջիկիստանից հազարավոր կամավորներ են մարտնչում Իսլամական պետության շարքերում, իսկ օրերս Տաջիկիստանում ՊՆ փոխնախարարի գլխավորությամբ իսլամիստական ապստամբություն է սկսվել։
Կենտրոնական Ասիայում անթաքույց գործում են բազմաթիվ իսլամիստական կազմակերպություններ, որոնք զբաղվում են ԻՊ-ի համար մարտիկների հավաքագրմամբ, ինչպես նաև ներքին դեստրուկտիվ գործունեությամբ, իսկ Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերը դուրս բերելու ֆոնին իսլամիստական տարրերի բացասական ազդեցությունը միայն ավելանալու է, ու կտրականապես չի կարելի բացառել, որ հաջորդ պայթյունավտանգ կետերը լինելու են հենց Տաջիկստանն ու Ղրղզստանը։