Մենք բոլորս համացանցում բացառապես Մոցարտ ու Բիլի Հոլիդեյ ենք տարածում, վատագույն դեպքում vevo-ի հերթական հարյուր միլիոն դիտում ունեցող, էժանագին մաստակի արագությամբ համը կորցնող երգը, բայց բոլորս էլ «կմախքներ ունենք մեր պահարաններում»։ Հավատացեք, ձեր ճանաչած նույնիսկ ամենալուրջ մարդը ժամանակ առ ժամանակ համացանցում փնտրում է Անժելա Սարգսյանի մերկ լուսանկարները, և յութուբում Լիլիթ Հովհաննիսյանի անունը նրա մոտ մանուշակագույն տառերով է գրվում:)
Ուզում եմ առանձնացնել երգիչների և երգչուհիների, ում բոլորը լսում են, բայց երբեք չեն խոստովանում։ Նրանք վատ չեն երգում, ամբողջովին մեր մենթալիտետի մեջ են, բայց նրանց լսելը «զապադլո» է։
Արմենչիկ
Արմենչիկ լսողը հին ոսկոր է։ Նա սիրել է Արմենչիկին, երբ վերջինս դեռ փոքրիկ թմբլիկ տղա էր, և հիմա էլ Արմենչիկի տեսահոլովակները յութուբում «աչքով են անում», երբ ուզում է հերթական անգամ լսել «Լուսնի սոնատը»։ Արմենչիկը բավական հզոր, մաքուր ձայն ունի և ռաբիս ոճի այն եզակի երգիչներից է, ում երգերում բացակայում է «մուղամ» ասվածը։ Նրա վերջին շրջանի երգերը, իհարկե, բոլորն էլ նման են իրար, և տեսահոլովակում կատարվող անցուդարձն ու կիսամերկ աղջիկները միշտ չէ, որ համապատասխանում են «անգին յար»-ի մասին երգերին, բայց նրա տեսահոլովակների դիտումների, մեկնաբանությունների քանակից երևում է, որ նրան լսողները, մեղմ ասած, քիչ չեն։
Լիլիթ Հովհաննիսյան
Նրան ծաղրում են, պայքարում են նրա դեմ, մինչև աքաղաղի կանչը 3 անգամ պնդում են, որ չեն լսում նրա երգերը, բայց մեկ է՝ լսում են :) Լիլիթի երգերը միշտ չէ, որ խորը փիլիսոփայական իմաստ են պարունակում, իր ունկնդրին կրթելու կամ հոգու նուրբ լարերին դիպչելու միտում ունեն. ավելի հեշտ կլինի ասել, որ ընդհանրապես իմաստ չեն պարունակում, ինչն էլ ավելի հեշտ է դարձնում դրանք լսելը, երբ ստիպված չես կենտրոնանալ բառերի վրա՝ երգի իմաստը հասկանալու համար, որովհետև այն պարզապես չկա, կարող ես ուղղակի միացնել background-ում և զբաղվել քո գործերով։
Մարտին Մկրտչյան
Մարտինի վիլվետի կոստյումները՝ կրծքին յուր անվան առաջին տառը խորհրդանշող մեծ M նշանով, հուշում են, որ չարժե միջավայրում գլուխ գովել, որ լսում ես նրա երգերը: Բայց գաղտնիք չէ, որ ծնունդների և հարսանիքների գլխավոր հիթերը նրանն են։ Եվ ոչ միայն հարսանիքներին, նրա երգերը դուրս են սահում քաղաքի՝ մգեցված ապակիներով արտաճանապարհային մեքենաների պատուհաներից, լսվում են բոլոր տաքսիներում և երթուղային տաքսիներում։
Արտաշ Ասատրյան
Արտաշի ոչ այնքան սպորտային տեսքը հուշում է, որ բուսակերները պետք է իրենց սերը թաքուն պահեն հասարակությունից, փոխարենը պետք է սովորել մի քանի երգի անուն, որոնք ստիպված կլինեն տալ ի պատասխան «ո՞րն է քո սիրած երգը» հարցին։ Չնայած քիչ չեն այն մարդիկ, ովքեր անթաքույց ընկնում են մելանխոլիայի գիրկն Արտաշի տխուր երգերից և ինքնամոռաց պարում նրա ուրախ երգերի տակ խնջույքներին։ Ինձ մոտ կոնկրետ Արտաշն ասոցացվում է խորովածի հետ, իսկ ինչպես գիտենք՝ հայերս խորոված շատ ենք սիրում, ինչն էլ միգուցե բացատրում է սերը նրա երգերի հանդեպ։
Սիլվա Հակոբյան
Սիլվայի անմեղ, մարզից եկած հասարակ աղջկա կերպարը չի թողնում լայն մասսաներին՝ գլամուրի ու պճնամոլության այս դարաշրջանում տարածեն նրա երգերը, հայտարարեն, որ նա իրենց սիրած երգչուհին է, կամ որ թեկուզ սիրում են նրա երգերը։ Այդ գործը կարծես ավելի շատ մնացել է ավագ սերնդի ուսերին, ովքեր իրենց աղջկա պես սիրում են Սիլվային և միտք չունեն անգամ ամաչելու դրա համար։