Ուղիղ եթերն էի նայում Բաղրամյանի ցույցի, ու պետք է խոստովանեմ, որ բացի դառը հիասթափությունից՝ ուրիշ ոչ մի էմոցիա չունեցա: Սա այն չէր, ինչին մենք ականատես եղանք հուլիսին: Սա ավելի շատ նման էր ՀԱԿ-ի կամ էլ Հիմնադիր խորհրդարանի հերթական ակցիայի, որի լի է ագրեսիայով, չարությամբ, ապակառուցողականությամբ ու ինքնանպատակ է ավելի շուտ, քան միտված ինչ-որ խնդիր լուծելու:
Ո՞րն էր հուլիսյան Բաղրամյանի հաջողության բանաձևը: Թերևս այն, որ այնտեղ ամեն ինչ հիմնված էր սիրո ու կառուցողականության վրա, հուլիսյան Բաղրամյանն ապակուսակցականացված էր ու հայտնի իմաստով՝ ապաքաղաքականացված:
Իսկ ո՞րն է սեպտեմբերյան Բաղրամյանի առանձնահատկությունը: Այն ի սկզբանե ագրեսիայի վրա է հիմնված ու անհանդուրժողականության: Այս մի Բաղրամյանում ոչ միայն չեն կասեցվում ագրեսիվ ու երբեմն էլ լկտի դրսևորումները, այլև խրախուսվում են ու դառնում են վանկարկումների առարկա: Տպավորություն է, որ երիտասարդներին թվում է, թե իրենք ինչ էլ անեն՝ լավ են անում, իսկ իրենց դեմ խաղ տվող դեռ չի ծնվել: Մինչդեռ անգամ այս պահին ոստիկանների թիվը շատ ավելի շատ է, քան ցուցարարներինը, ու եթե խնդիր դրվի ցրել հայհոյախառը այս շաբաշը, դա կարվի մի քանի րոպեի ընթացքում: Ու չեմ կարծում, որ դա չեն հասկանում նաև կազմակերպիչները:
Ասեմ ավելին՝ հասկանում են, ու մոտս տպավորություն կա, որ դիտավորյալ են գնում դրան, որովհետև պատրանք ունեն, որ եթե ոստիկանությունն ուժ կիրառի, ապա կկրկնվի հուլիսյան էֆեկտը, ու հազարավոր քաղաքացիներ կմիանան իրենց: Մինչդեռ դա լոկ պատրանք է, քանի որ այն անգամ քաղաքացիները ոտքի ելան, որովհետև ուժ կիրառվեց իրոք խաղաղ ու բարի ակցիայի հանդեպ, այլ ոչ թե պայքարիստական վանկարկումներով ու հանդուգն կեցվածքով ինչ-որ խառնամբոխի:
Ափսոս, հազար ափսոս, բայց մենք չարեցինք ճիշտ հետևություններ, ու պետք է ցավով խոստովանեմ, որ այնպիսի Բաղրամյան, ինչպիսին հուլիսյանն էր, մենք էլ չենք ունենա: Համենայն դեպս՝ այս անգամ։