...ավելի ճիշտ կաներ, շարունակեր իր շախմատային կարիերան:
Օրերս Սիրիայի զարգացումներին վերաբերվող մի օրիգինալ, ես կասեի՝ նույնիսկ էքսկլյուզիվ հրապարակման եմ հանդիպել: Խոսքս աշխարհի շախմատի չեմպիոն Գարի Կասպարովի արտահայտած դիրքորոշմանն է վերաբերում, ըստ որի՝ վերջերս Ռուսաստանի Դաշնությունն իսկական պատերազմ է սկսել Սիրիայում, որպեսզի տարածաշրջանում քաղաքական ու տնտեսական ճգնաժամն էլ ավելի սրի: Ամբողջ խնդիրն այն է, պնդում է հայտնի շախմատիստը, որ պաշտոնական Մոսկվան նման կերպով ուզում է համաշխարհային շուկայում նավթի գները բարձրացնել, քանի որ Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցների պատճառով Ռուսաստանի տնտեսությունը շատ անմխիթար վիճակում է հայտնվել, իսկ էներգակիրների գների անկումն էլ ավելի է սրում այդ տենդենցը:
Որքանով է Կասպարովի տեսակետն իրականությանը համապատասխանում թե քաղաքական, թե տնտեսական առումով, ասել չեմ կարող: Թող մասնագետ– վերլուծաբանները կողմնորոշվեն ու հետևություններ անեն: Ես միայն մի բան կնշեմ՝ ուղղակի էլեմենտար տրամաբանությունից ելնելով:
Սիրիայում պատերազմական գործողությունները ոչ այսօր են սկսվել, ոչ էրեկ, ոչ էլ մի ամիս առաջ: Արդեն որերորդ տարին է, որ այդ երկրում քաղաքներ են ռմբակոծվում, մարդիկ, խաղաղ բնակչություն է զոհվում, մի շարք ահաբեկչական կազմակերպություններ են գործում: Ու կխնդրեմ հաշվի առնել, որ Սիրիայի քաղաքներն ու գյուղերը հենց Արևմուտքն է ռմբակոծում: Ու Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպությանը, օրինակ, նույն Արևմուտքն է զինում, իսկ հակակառավարական «Ֆրոնտ ան Նուսրայի» կազմակերպության զինյալներին հենց ամերիկացի հրահանգիչներն են պատրաստել: Իսկ Թուրքիան, օրինակ, որն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համատեղ Բաշար Ասադի բանակի դեմ պատերազմական գործողություններ է վարում, արդեն բավականին երկար ժամանակ է՝ նույն ԻԼԻՊ-ի ղեկավարության հետ առևտրական կապեր է հաստատել ու գրավյալ տարածքներից էժան գներով նավթ է գնում…
Ու այդ պարագայում իմ տրամաբանությունը մի բան է թելադրում: Իսկ միգուցե հենց Արևմո՞ւտքն է է Սիրիային բերել հասցրել այդ իրավիճակին։ Դե որպեսզի նավթի գները միջազգային շուկայում հնարավորինս գցի, իսկ Ռուսաստանին թե քաղաքական, թե տնտեսական առումով հնարավորինս ծանր իրավիճակի առաջ կանգնեցնի։ Համոզված եմ, ասածս դժվար թե մի լուրջ փորձագետի տեսանկյունից բարձր գնահատականի արժանանա քաղաքական մեկնաբանության տեսանկյունից: Սակայն համոզված եմ նաև նրանում, որ Կասպարովի քաղաքական մեկնաբանության մակարդակը հենց նույն շարքից է:
Կարծում եմ, հարգանքի արժան բազմակի չեմպիոնն ավելի ճիշտ կաներ՝ շարունակեր իր շախմատային կարիերան: Քաղաքական մեկնաբանությունն ու վերլուծությունը մի տեսակ նրա մոտ շատ ավելի վատ է ստացվում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10207482267717633&set=a.2994858033268.2160692.1316705738&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել