Աստիճանաբար կարծես ավելի պարզորոշ է ուրվագծվում սահմանադրության փոփոխությունները մերժող ուժերի ու գործիչների շրջանակը, այսպես ասած՝ «Ոչ»-ի ճակատը:
Ճիշտ է, սահմանադրության փոփոխությունների կամ, ինչպես մերթ ընդ մերթ ասվում է՝ «նոր սահմանադրության» նախագիծը դեռ հանրաքվեի չի դրվել, անգամ հանրաքվեի օր էլ չի որոշվել, բայց «Ոչ»-ականների փաղանգն արդեն ընդհանուր գծերով պարզ է:
Այստեղ, իհարկե, առաջին շարքերում է ՀԱԿ-ը, որն էլ հենց համարվում է «Ոչ»-ի ճակատի գաղափարաքաղաքական լոկոմոտիվը: Համենայն դեպս, ՀԱԿ փոխնախագահ ու խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այդպես է ներկայացնում և լրատվաքարոզչական դաշտում էլ այդպես է ընկալվում:
Չնայած այստեղ ի սկզբանե կան նրբերանգներ, քանզի որոշակիացման կարիք ունի այն, թե ՀԱԿ անվան ներքո ովքեր են, որ գործիչները: Մինչ այս էլ, օրինակ, ՀԱԿ խմբակցության կազմում ամեն ինչ այդպես հարթ ու սահուն չէր, բայց հիմա ավելի է խճճվել:
Փորձենք կողմնորոշվել: ՀԱԿ-ն այսօր ամենից առաջ Լ.Տեր-Պետրոսյանի ու դեռևս նրա կողքին մնացած փոքրաթիվ զինակիցների համախումբն է: Այս շարքում է նաև ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:
Ինչ վերաբերում է «Ազատություն» կուսակցության ղեկավար ու նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, ապա նա վաղուց արդեն ընկալվում է որպես միայն «դե յուրե» ՀԱԿ խմբակցության անդամ, իսկ «դե ֆակտո» անկախ պատգամավոր է: Չնայած Հրանտ Բագրատյանը, հասկանալի է, մտադիր է համալրել «Ոչ»-ի ճակատը:
Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող ու ԱԺ այս գումարման առավել ակտիվ պատգամավորներից Նիկոլ Փաշինյանին, ապա նա առհասարակ այլ մոտեցման կողմնակից է: Նա, ինչպես հայտնի է, սահմանադրության փոփոխությունների գործընթացն արհեստական օրակարգ է համարում՝ նշելով, որ կենտրոնացած են առաջիկա խորհրդարանական ընտրությունների վրա:
ՀԱԿ-ի առումով պատկերն էլ ավելի խճճվեց վերակազմավորյալ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի վերջին հայտարարություններից ու նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո: Դժվար է ենթադրել, որ Լյուդմիլա Սարգսյանն ու ՀԱԿ-ը կշարունակեն ընթանալ նույն ուղով:
Ամեն դեպքում, դա իրենց «խոհանոցային» գործն է: Տվյալ դեպքում այսքան մանրամասնում ենք, քանի որ անխուսափելիորեն հարց է ծագում. ի՞նչ կարգի «լոկոմոտիվ» կլինի մի քաղաքական կազմավորում, որի ներսում այս 2-3 տարիներին նկատված միակ բանը բաժանման նորանոր ճաքերն են եղել:
«Ոչ»-ի ճակատում պայմանականորեն նկատելի մյուս ուժերը «Հիմնադիր խորհրդարանն» ու «Ժառանգությունն» են: Բայց առաջինի հնարավորությունների և ռեսուրսների, մեղմ ասած, սահմանափակ լինելը պարզորոշ երևաց գարնանը, երբ իշխանափոխական նախաձեռնություններ դրսևորեցին: Իսկ «Ժառանգության» պարագայում իրավիճակը նույնիսկ ավելի խայտաբղետ է, քան ՀԱԿ խմբակցության պատգամավորների տարամետ մոտեցումներն են:
Համենայն դեպս ակնհայտ է, որ ներկայումս ո՛չ «Հիմնադիր խորհրդարանը», ո՛չ էլ «Ժառանգությունն» իրենցից ծանրակշիռ ուժ չեն ներկայացնում, իսկ նրանց կազմակերպած միջոցառումներն էլ ավելի շատ լուսանցքայինի տպավորություն են թողնում:
Կարելի է հիշատակել նաև «Հայազն» կազմակերպությունը, Անդրիաս Ղուկասյանին և էլի մի քանի անձանց: Այս շարքում հաճախ հիշատակվում է նաև նախկին ԱԳ նախարար և նախկին ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը, որը, սակայն, ըստ շրջանառվող լուրերի, այժմ ավելի շատ կենտրոնացած է կուսակցաշինական գործունեության վրա:
Որպես սահմանադրական փոփոխությունների հակառակորդ վերջին օրերին ակտիվ շոշափվում է նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը: Բայց այս դեպքում թերևս ճիշտ կլինի սպասել նախկին նախագահի խոստացած հարցազրույցին: Միաժամանակ «Ոչ»-ականներից շատերն արդեն իսկ հայտարարում են, որ ոչ մի պարագայում, այսպես ասենք՝ պատրաստ չեն նախկին նախագահի հետ համագործակցության:
Ամեն պարագայում ակնհայտ է, որ չնայած անվանումների բազմությանը, այդ թվում, օրինակ, «Չեք անցկացնի» անվամբ նախաձեռնություն ձևավորելուն, սահմանադրության փոփոխությունների հակառակորդները, առնվազն այսօրվա դրությամբ, իրենցից դեռ լուրջ ու կազմակերպված ուժ չեն ներկայացնում:
Հետաքրքիր է նաև, թե հետագայում նրանք ինչպես են փորձելու համախմբել իրենց ջանքերը: Վերջին հաշվով, ինչ էլ ասվի, հակաքարոզչական գործունեությունը ևս ծախսեր ու նյութական ռեսուրսներ է պահանջում, հաճախ ավելի շատ ռեսուրսներ, քան քարոզչության պարագայում:
Պարզ ասած՝ ո՞վ է ֆինանսավորելու «Ոչ»-ի այս ամբողջ շարժը: Սա տեղին հարցադրում է, որովհետև ընդամենը ամիսներ առաջ հասարակությունն ականատես եղավ, թե ինչ անօգնական տեսք ունեին «եռյակային» ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», երբ նրանցից առանձնացավ այն ժամանակվա ԲՀԿ-ն: Առաջին երկուսի ամբողջ եռանդն ու հեղափոխական պաթոսը ուղղակիորեն մարեց:
Հիմա ԲՀԿ-ն նախ ինքն է որոշակիորեն փոխվել՝ որպես քաղաքական կազմակերպություն, և երկրորդ, այդ կուսակցության պաշտոնական ներկայացուցիչներն ընդգծել են, որ «Ոչ»-ի ճակատում չեն լինի:
Առհասարակ հարցական նշան կարելի է դնել հենց «ճակատ» ասվածի վրա: Բանն այն է, որ այստեղ տեսականորեն միավորվելիք այլազան ու նաև փոքր կազմակերպությունների ներկայացուցիչները չափից շատ ու չափից հաճախ են մեկը մյուսի հասցեին ինչ ասես ասել, որպեսզի այսօր կողք կողքի նստեն՝ հարց քննարկելու համար, էլ չենք ասում՝ կողք կողքի կանգնեն:
Այս ամենը հետաքրքիր է այն առումով, որ ցանկացած քարոզչական (հակաքարոզչական) գործունեություն ենթադրում է դրանով զբաղվողների կազմակերպված համատեղ աշխատանք, ինչի կարևոր նախապայմաններից մեկն այդ աշխատանքում ներգրավվածների վստահությունն է: Այնինչ պարզորոշ երևում է, որ «Ոչ»-ական ուժերը, մեղմ ասած, այնքան էլ բարյացակամ չեն տրամադրված մեկը մյուսի հանդեպ: Շատ մեղմ ասած: