Սոց.ցանցերի, բլոգերի, լրատվական կայքերի արժեքը գնալով նվազում է դրանց թվի աճի հետ մեկտեղ։ Ուզում ես արժեզրկել խոսքի ազատությունը, տուր այն բոլորին անխտիր։ Ուզում ես արժեզրկել մեդիա դաշտը, տուր բոլորին հանրային կերպով ներկայանալու հնարավորություն։ Դա ասում եմ ես՝ 10 տարուց ավել ակտիվ բլոգ վարող ու սոց.ցանցերում չափազանց ակտիվ նվաստս։
Զրո արժեք ունեն ֆեյսբուքյան մեկ-երկու օր տևող թրենդերը, որոնց մասին հեշտությամբ մոռանում ես դրանց առաջանալու ու կորելու հաջորդ օրը։ Սահմանային միջադեպերը, զոհված զինվորները, մատնաքաշերը, պոեզիան, Հրաչյա Հարությունյանը, բանդայի գործը, կուտակային համակարգը, դելֆինարիումը, Նաիրիտը, Իսլամական պետությունը, Ալիևն ու Քիմ Քարդաշյանը՝ բոլորը դասվում են մեկ մակարդակի վրա ու ունեն ժամանակակից մարդու համար մեկ պարզ գործառույթ՝ փարատել մարդու հետաքրքրությունը, զբաղեցնել նրան օրվա որոշ ժամերին, ուրախացնել ու տխրեցնել։ Հաջորդ օրն ամենը կորում է հաջորդ օրվա թեմայի առաջ գալու պահին։
Այս անխուսափելի չարիքն է պատճառը, որ մենք ունենք կիսատ-պռատ մասնագետների բազմություն տարբեր ոլորտներում, ովքեր փոխանակ իրենց մասնագիտությունը շտկեն, զարգանան, օգտվեն համացանցում անհամար կրթական նյութերից, փորձում են գլուխ հանել տեղական ու միջազգային քաղաքականությունից, մակրոտնտեսությունից, ֆինանսական աշխարհից, գողական աշխարհից, այլ ոլորտներից, որոնցում մասնագիտացումն իրենց չի տալիս ուղիղ հաշվով ոչ մի բան, բայց լցնում է օրն ամբողջությամբ՝ առաջացնելով զգացում, որ ողջ օրվա ընթացքում օգտակար գործով ես զբաղվել։ Բայց չես զբաղվել։ Կորցրել ես օրդ, կորցրել ես անթիվ ժամեր ու օրեր, չես աճել, չես աշխատել, չես զարգացել, չես սովորել, չես սովորեցրել, չես ստեղծել։ Բայց կարդացել ես շատ երկար տեքստեր, կարդացել ես՝ այլ մարդիկ այդ երկար տեքստերի մասին ինչ են մտածում, գրել ես՝ դու ինչ ես մտածում այդ երկար տեքստերի մասին ու ուրախ պառկել ես քնելու, որ մյուս օրը շարունակես փարատել հետաքրքրությունդ թեմաներով, որոնք առանց քո մասնակցության կան ու կլինեն այնպես, ինչպես պետք է լինեն առանց քո մասնակցության։
Վերադարձեք աշխատանքի, ժողովո՛ւրդ։