Ինչպես հայտնի է, «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում տեղի ունեցավ Ազգային անվտանգության խորհրդի նիստ՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ապա պետության ղեկավարը կառավարության արտահերթ նիստ հրավիրեց, որից հետո նաև ռազմական դրություն հայտարարվեց (հասկանալի է, իհարկե՝ պայմանական)։
Միաժամանակ, սեպտեմբերի 5-ին՝ ժամը 1:30-ին, Ազգային ժողովի պայմանական հատուկ նիստ գումարվեց՝ օրակարգում ունենալով հանրապետության նախագահի՝ «Ռազմական դրություն հայտարարելու մասին» հարցը: Եվ ինչպես սահմանադրությամբ նախատեսված է, այդ կարգով էլ նիստն ընթացավ:
Բաղրամյան ուսումնական կենտրոնում էլ վրանային ավան էր ստեղծվել՝ պայմանական ռազմական գործողություններին նախապատրաստվելու սցենարի շրջանակում:
Բացի զուտ զինուժին վերաբերող գործողություններից, հետաքրքիր է, որ ռազմական դրության մեջ գտնվող զինվորների համար մշակույթի ու սպորտի նախարարությունները վրանային ավանում կազմակերպել էին մշակութային և մարզական միջոցառումներ, ինչպես ասվում է՝ մարտական ոգին բարձրացնելու համար:
«Մի բան կարող եմ փաստել. զորավարժության ղեկավարությունն իր նպատակին հասել է: Այն նպատակները, որ դրել ենք մեր առջև, իրականացրել ենք: Պաշտպանության նախարարությունն իր նպատակին հասել է, նախագահի աշխատակազմի ղեկավարը, որպես զորավարժության շտաբի ղեկավար, բավականին բավարարված է արդյունքներից»,- զորավարժությունների ընթացքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը: Նրա խոսքով, զորավարժությունների ընթացքում նկատված թերությունները ևս վերլուծության առարկա են դառնալու, հասկանալի է՝ դրանք վերացնելու նպատակով:
Բայց ի հայտ եկած թերություններն էլ, կարծում ենք, հանգիստ կարելի է դասել «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների արդյունքների ակտիվում:
Վերջին հաշվով, նման զորավարժությունները նաև հենց թերություններն ի հայտ բերելու համար են: Եվ, հարկավ, նախընտրելի է, որ այդ թերությունները կամ որևէ օղակի թերացումն ի հայտ գա զորավարժության ժամանակ, երբ ամեն ինչ պայմանական է, քան թե կոնկրետ իրավիճակում, երբ արդեն շատ դժվար կամ անհնար է որևէ բան շտկել:
Մյուս կողմից՝ գոնե առաջին տպավորությունն այնպիսին է, որ չնայած զորավարժությունների աննախադեպ մասշտաբայնությանը՝ պետական բոլոր կառույցների ներգրավմանը, բավական արագ հաջողվեց լուծել առաջադրված խնդիրները. պետության կառավարման անցում պատերազմական վիճակի կամ ռազմական դրության, այսպես ասած՝ «քաղաքացիական» գերատեսչությունների և օղակների կազմակերպված ներգրավում՝ իրավիճակից բխող որոշակի գործընթացներում և գործողություններում, ուժային և ոչ ուժային մարմինների համակարգված փոխգործակցության ապահովում:
Զորավարժություններին վերաբերող անդրադարձերում հաճախ էր նշվում դրանց ընդգրկումն ու առաջին անգամ նման ծավալով գործողությունների պլանավորումն ու իրականացումը: Սակայն այստեղ կարևոր է ոչ միայն ընդգրկումը, այլև զորավարժության բուն նպատակը՝ գործի մեջ տեսնել պետական համակարգի աշխատանքը՝ ամբողջությամբ վերցրած:
Հասկանալի է, անշուշտ, որ, օրինակ, Ադրբեջանի հետ սահմանի փոխարեն ռազմաճակատի ակտիվ գիծ ունեցող մեր երկրում, հատկապես՝ սահմանային գոտուն առնչվող Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում նաև ոչ ուժային պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինները պատրաստ են անցանկալի, բայց հնարավոր այլևայլ զարգացումների:
Կոնկրետ Տավուշի մարզում, հատկապես այս երկու տարիներին, սահմանամերձ բնակավայրերում մեր քաղաքացիներն ապրում ու աշխատում են հենց «ռազմական դրության» պայմաններում: Եվ նշված մարզերում, օրինակ, զորավարժությունների ընթացքում «ռազմական դրության» անցնելը պետք է որ խնդիր չլինի, քանզի առանց զորավարժությունների էլ դա պարբերաբար տեղի է ունենում:
Սակայն կարևոր է, որ պետական կառավարման ամբողջ համակարգը պատրաստ լինի հնարավորինս արագ ու կազմակերպված նման անցում կատարել. խաղաղից՝ պատերազմականի: Դատելով նախնական գնահատականներից՝ համակարգը պատրաստ է, և խաղաղ ու համեմատաբար հանգիստ կյանքից, այսպես ասենք՝ «ժանգոտած» օղակներ կարծես չունենք:
Ի դեպ, առնվազն ուշագրավ է, որ այսօր էլ Ադրբեջանում են լայնածավալ զորավարժություններ սկսվել, որոնք, սակայն, հիմնականում զինուժին են վերաբերում: Կարելի էր կարծել, թե սա ադրբեջանական իշխանության նյարդային արձագանքն է, բայց դա քիչ հավանական է, եթե նկատի առնենք, որ զորավարժությունները սովորաբար շատ ավելի վաղ են ծրագրվում:
Համենայն դեպս, հաշվի առնելով, թե ինչ կարգի հակառակորդի հետ գործ ունենք, չի կարելի բացառել ամենատարբեր սադրանքների փորձերը, որոնց, վստահ ենք, արագ ու համարժեք արձագանք կլինի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել