Իսկ պատահե՞լ է, որ մի հողաշեն արարածի համար զոհես ամենաթանկը, այնպես անես, որ քո շունչը նրա համար ջերմություն տա ոչ թե քամի, ու նա առաց որեւէ լրջագույն պատճառի մի օր որոշի, որ ժամանակին ժամանակը նրա համար սխալ է ժամանել եւ սրտի խորը կսկիծով հայտնի քեզ, որ պետք է շուռ գա եւ դաշույն խրի մեջքիդ:
Եկեք համաձաձայնենք, որ ցայսօր ոչ ոքս էլ չի տեսել հաշվիչ մեքենա, որի մեջ դրամ գցես, ու նա իսկույն սկսի խախտել իրեն ի վերուստ տրված հրահանգները եւ կատարի դեպի քաոսը տանող ընտրություն: Եվ ո՞վ չի տեսել երկիր մոլորակի բանական եւ սրբագույն էակին ու դեմքին, թե երեք  գրոշ ավել նետես, կվաճառի մարմինը, հոգին եւ վերջապես կվաճառի այն ճշմարտությունը, որի հիմքի վրա ստեղծվեց այս աշխարհը: Ու պատճառն այս չէ որ մեր համար ուղեղի ճշմարտությունը օղակաձեւ փշալարված երևույթ է, քանզի այսպես կարծողի նախահայրը՝ Հուդան, տեսել էր այդ բաղձալի ճշամրտությունը իր իսկ աչքերի առջեւ, բայց չնայած դրան՝ վազեց դեպի մատերիան: Եվ ով կարծում է, թե Հուդան պատժվել է, սխալվում է, քանզի Հուդան սերունդ ունի այսօր մեր մեջ եւ վերջինիս պաշտած մատերիան այսօր էլ պաշտվում է:
Փայտից սեղանի համար միեւնույն է՝ իր վրա դրված դագաղը արծաթից կլինի, թե ոսկուց, նրա մեջ դրված կլինի օրվա հաց մուրողի, թե նույն հացը որպես առավելություն օգտագործողի դի. նա խոնարհորեն կկրի իրեն վստահված անպիտան բեռը եւ փայլուն դուրս կգա այս եղծված խաղից: Մինչդեռ անհատը, շվայտ կյանքով ապրածի փոսը կես մետր խորը փորելով, կորցնում է իր դիմագիծը, այն դիմագիծը, որը գծվել էր Եդեմում: Միգուցե եւ ճիշտ է այն փոս փորողը, որը գնահատեց այդ ավել 3 գրոշը, քանի որ ոչ ոք չի տեսել Եդեմը, իսկ արդյո՞ք արժե հրաժարվել նրանից մի բանի համար, որ չես տեսել:
Եկեք պատկերացնենք ժամանակ, երբ 3 օր անընդմեջ զրկված ենք ջրից, ի՞նչ կպատահի. առաջին օրը կհեծեծանք, երկրորդ օրը կաղոթենք, երրորդ օրը կմահանանք: Իսկ ի՞նչ է լինում, երբ զրկվում ենք մեր ամենաթանկից՝ ծնողներից, ում շնորհիվ այսօր երկնքում աստղ ունենք: Առաջին օրը սգում ենք, երկրորդ օրը աղոթում ենք, իսկ երրորդ օրը ապրում ենք 2 օր առաջվա պես: Մի՞թե ծնողը վեհ չէր բոլոր նյութական արժեքներից եւ տեղ չէր զբաղեցնում մեր արժեհամակարգի գագաթին: Բայց արի ու տես, որ արժեքների մասին զրույցները միֆերի սահմանից չեն անցնում, եւ ամենը սկսվել է նյութից եւ կավարտվի նյութով: Իսկ այն արժեքները, որ թյուրիմացաբար անվանել ենք ամենաթանկ, իրականում ցնցվում են ամենաթույլ հովից եւ ի չիք են դառնում հողմի անունը լսելիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել