Հաշվի առնելով քրդական հարցը, որն օրեցօր ամուր հողի վրա է կանգնում, ինչպես նաև վերջին շրջանի թուրք-քրդական առճակատումը Թուրքիայում, ՀՀ իշխանություններն անհապաղ պետք է հետ կանչեն իրենց՝ 2009 թվականի ստորագությունը հայ-թուրքական արձանագրություններից ու միջազգային հարթակում, հիմք ընդունելով Հայոց ցեղասպանությունը հայոց բնօրրանում իրականացված լինելու անժխտելիությունը՝ տարածքային պահանջ ներկայացնեն Թուրքիային:
Քրդական պետության ստեղծումը կարծես այլևս սարերի ետևում չէ, և նրա առջև կանաչ ճանապարհ է բացվում միջազգային վերազգային կառույցների կողմից, և որպես տարածք՝ դիտարկվում է Հյուսիսային Իրաքն (Հարավային Քրդստան) ու Արևմտյան Հայաստանը (թուրքերեն՝ Արևելյան Անադոլու (Անատոլիա), քրդերեն՝ Հյուսիսային Քրդստան): 2007 թվականին ընդունված ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ նշված է, որ ՀՀ-ն պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, բայց շուտով Քրդստանի ստեղծմամբ տապանաքար կդրվի Հայ Դատի վրա: Օսմանյան Կայսրության իրավահաջորդը Թուրքիայի Հանրապետությունն է, հետևաբար Հայաստանը կարող է պահանջներ ներկայացնել թուրքական կառավարությանը` ակնկալելով ստանալ հատուցում և նույնիսկ հողերի վերադարձ, եթե այդ տարածքներում Քրդստան չէր ստեղծվելու: Իսկ ստեղծվելիք Քրդստանը Օսմանյան կայսրության իրավահաջորդը չէ, որին հնարավոր կլինի պահանջներ ներկայացնել: Եվ քանի դեռ վերոգրյալ սահմաններով չի ստեղծվել Քրդստանը՝ անհրաժեշտ է դիվանագիտական բոլոր հնարավոր ուղիներով ու միջոցներով ձևակերպել Հայոց տարածքային պահանջատիրությունը: Տարածքային պահանջատիրության առկայության պարագայում այն պահին, երբ Թուրքիան կգիտակցի, որ վերջնականորեն քրդերին է զիջելու Արևմտյան Հայաստանը, հնարավոր է, որ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ իրավական առումով դա անի ի օգուտ Հայաստանի և հայության: Բայց ոչ այնքան մեր սիրուն աչքերի համար, այլ որ վերջնականապես պատմությունից սրբի իր վրա առկա սև բիծը և ազատվի այս խնդրի հետ կապված միջազգային ճնշումներից ու նախապայմաններից:
Քրդստանի ստեղծման դեպքում ցնորամտություն կլինի ՀՀ-ի կողմից հավակնություններ ունենալ մի տարածքի նկատմամբ, որտեղ գրեթե քսան միլիոն մարդ լրջագույն պայքար է մղում՝ իր համար հայրենիք ստեղծելու նպատակով:
Եվ այդ պարագայում ՀՀ-ի ու ողջ հայության համար հավանաբար միակ հնարավոր տարբերակը կմնա նորաստեղծ Քրդստանի հետ հաստատել բարիդրացիական հարաբերություններ, որի արդյունքում հասնել նրան, որ Արևմտյան Հայաստանում առկա հայկական պատմամշակութային ժառանգության օրինական հետնորդը ճանաչվի ՀՀ-ն, ինչպես նաև մի փոքր ավելի դյուրին հնարավորություն ընձեռնվի հայությանը՝ որպես զբոսաշրջիկ այցելելու նախնյաց երկիր, որից էլ առավելապես կշահի հենց Քրդստանի տնտեսությունը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arthur.yeghiazaryan/posts/10207920114988806?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել