Tert.am-ը գրում է.

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառության ցուցանիշների անկումը հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանը օբյեկտիվ պատճառներով է պայմանավորում և նշում, որ եթե ՀՀ-ն ԵՏՄ-ին չանդամագրվեր, ապա շատ ավելի վատ տնտեսական վիճակում կհայտնվեր:

«ԵՏՄ պատճառո՞վ է եղել անկումը, իհարկե ոչ: Ավելին, եթե մենք չմտնեինք ԵՏՄ, ապրանքաշրջանառությունն էլ ավելի կպակասեր»-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն այս տարվա առաջին կիսամյակում նվազել էր 20.6 տոկոսով, ԱՊՀ երկրների հետ՝ 22.5 տոկոսով: Ռուսաստանի հետ ՀՀ առևտրաշրջանառությունը նույն ժամանակահատվածում նվազել է 21.9%-ով: Հայաստանից դեպի ԵՏՄ երկրներ արտահանման ծավալները ևս նվազել են. ՌԴ-ի պարագայում՝ 47.1%:

Ըստ Մինասյանի՝ պատճառը ոչ թե ԵՏՄ մտնելն է, այլ այն սանկցիաները, որոնք «պատուհասեցին Ռուսաստանին»: 

«Ապրանքաշրջանառությունը պակասել է, որովհետև Ռուսաստանում ռուբլին ընկել է, այնտեղ տնտեսական սանկցիաներ կան և այլն, և այլն»,-ասաց նա:

Իսկ սանկցիաների պատճառը, հիշեցնում է, Արևմուտքի վերաբերմունքն է Ուկրաինայի հարցում: «Այսինքն՝ պատճառները Հայաստանի ներսում չեն»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել