Հանրային հեռուստաընկերությամբ սեպտեմբերի 13-ից կմեկնարկի նոր՝ «Հայաստանը մենք ենք» հաղորդումը, որի շրջանակներում Արեգ Գալոյանն ու Լիլիթ Թոխատյանը շրջելու են Հայաստանի մարզերով, ծանոթանալու նոր երեխաների հետ, ներկայացնելու են նրանց ապրելակերպը: Ամռանը նրանք եղել են մի շարք մարզերում, հետաքրքիր ու արկածային նկարահանումներ ունեցել:

BlogNews.am-ի հետ զրույցում Լիլիթը պատմեց, որ ծրագրի շրջանակներում Արեգն ուզում է դաշույններ գտնել, ինքը՝ մատանիներ: Այդ հարցում նրանց օգնում են տեղացի երեխաները: «Գնում ենք տարբեր դպրոցներ, լավաշ, փախլավա ենք թխում, ծանոթանում տարբեր երեխաների հետ: Նրանք փորձում են մեզ օգնել»,- ասաց Լիլիթն ու հավելեց, որ նկարահանումները շատ հետաքրքիր են անցնում:

Արեգն էլ նկատեց, որ հաղորդումը շատ հետաքրքիր է, իրենք պտտվում են ամբողջ Հայաստանով, շփվում նոր մարդկանց հետ, նոր բացահայտումներ անում: «Մենք եղանք մի շարք գյուղերում, որտեղ երեխաները շատ ավելի զարգացած են, քան որոշ երևանցի երեխաներ: Այնպիսի պատասխաններ էին տալիս հարցերին, որ երևանցի երեխաները չէին կարող տալ: Շատ հետաքրքիր էր շփվել նրանց հետ: Նրանք այլ հետաքրքրություններ, այլ ապրելաձև ունեն և դրական առումով տարբերվում են երևանցիներից: Ավելի անմիջական են»,- նշեց Արեգը, ով առաջին անգամ չէ լինելու հաղորդավարի կարգավիճակում:

Իսկ ահա Լիլիթը պատմեց, որ սկզբում վախ է ունեցել, որ հաղորդավարուհու կարգավիճակում ներկայանալը բարդ կլինի, սակայն նկարահանումները շատ ուրախ են անցել, և հաղթահարել է վախը: Արկածային նկարահանումների առյուծի բաժինն ապահովել է Արեգը:) «Արեգը շատ ծիծաղելի հումորներ է անում, ու նկարահանումները շատ ուրախ են անցնում: Ես սիրեցի այս նկարահանումները»,- նշեց փոքրիկ դերասանուհին: Արեգն էլ ասաց, որ Լիլիթիկը շատ ուրախ աղջիկ է, նրա հետ նկարահանումները շատ հետաքրքիր են անցնում, պարզապես նա շուտ է հոգնում, ինչը բնական է, քանի որ դեռ փոքր է:

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել