Tert.am-ը գրում է.

«Գազպրոմ Արմենիա» ընկերության հայտարարությունը, թե ռուսական գազի սակագնի 24 դոլարի նվազեցումը ներքին սպառման շուկայի վերջնական սակագնի վրա չի անդրադառնա, ԱԺ գազի ժամանակավոր հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը մասամբ է տեղին համարում և ընդգծում, որ այդ 24 դոլարի առնվազն 2/3-ով հնարավոր է գազի սակագինը իջնել: 

Tert.am-ի հետ զրույցում Միքայել Մելքումյանը նշեց, որ իհարկե տարադրամի տատանումները մեծ դեր ունեն, և քանի որ «Գազպրոմ Արմենիան» վճարում է դոլարով, իսկ բաժանորդները ստանում են դրամով, այստեղ վնասներ է կրում ընկերությունը:

«Եթե մենք նայենք, 416 դրամով է գազի սակագնի հաշվարկը, իսկ հիմա արդեն 485 է, այսինքն՝ այդ 24 դոլարը պայմանավորված է փոխարժեքի տատանմամբ»,-ասաց նա, բայց միաժամանակ հիշեցրեց՝ «Գազպրոմ Արմենիան» նույն ռուսական Գազպրոմի ձեռնարկությունն է:

«Այդ իսկ պատճառով, շատ ավելի ցանկալի կլիներ, որ դիտարկվեր և որոշակի իջեցում լիներ»,-ասաց նա:

Ըստ նրա՝ Հայաստանը սպառում է 1, 7 մլրդ խմ/մ գազ, որից միայն 550 մլն խմ/մ-ն   բնակչությունն է սպառում:

«Այսինքն՝ դրամով վճարումը իրականացվում է միայն 1/3-րդի մասով, իսկ մյուս մասը՝ դոլարով է վճարում: Եթե վերցնենք, օրինակ, Երևանի ՋԷԿ-ը, Հրազդանի ջերմային կայանը, կամ Նաիրիտը, կամ Կոնյակի գործարանը և այլն, նրանք վճարում են դոլարով: Այսինքն՝ այս մասով 24 դոլարի 2/3-րդ մասով միանշանակ հնարավոր է  իջեցում ապահովել»,-ասաց նա:

Նշենք, որ 24 դրամի 2/3-ը կազմում է 16 դրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել