The Local պարբերականի փոխանցմամբ՝ Իսպանիայում տեղի է ունեցել երկրի պատմության մեջ գեյ ոստիկանների առաջին ամուսնությունը։ Չեման և Ջոնաթանը (նրանց ազգանունները չեն հրապարակվում) ամուսնացել են Խերես դե լա Ֆրոնտերա քաղաքում։ Արարողությանը ներկա են եղել մեծ թվով ծառայակիցներ։
Ընդգծվում է, որ երկու տղամարդիկ ծանոթացել են ոստիկանական ծառայության ժամանակ և հանդիպել են 5 տարի, ինչից հետո որոշել են պաշտոնական բնույթ հաղորդել իրենց միությանը։ Իսպանիան միասեռ ամուսնություններն օրինականացրած երրորդ երկիրն է աշխարհում։ Խորհրդարանը համապատասխան օրենքն ընդունել է 2005 թվականի հունիսի 30-ին։
Ներկա դրությամբ միասեռ ամուսնություններն օրինականացված են եվրոպական ևս 12 երկրներում՝ Սլովենիա, Դանիա, Իսլանդիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Նորվեգիա, Շվեդիա, Պորտուգալիա, Բելգիա, Լյուքսեմբուրգ, Իռլանդիա և Մեծ Բրիտանիա։ Ֆինլանդիայում միասեռ ամուսնությունները կօրինականացվեն 2017 թվականին, իսկ Մալթայում դրանք ճանաչվում են, եթե այդ ամուսնությունը կնքվում է արտերկրում։