Հայ-իրանական երկաթուղու կառուցման թեման կրկին քննարկումների առիթ դաձավ Իրանի և վեցնյակի միջև ձեռք բերված համաձայնությունից հետո: Տեսակետներ էին հնչում` Իրան-Հայաստան երկաթուղին կդառնա տարածաշրջանի կարևորագույն և կենսական նշանակություն ունեցող տրանսպորտային ուղիներից մեկը, որը թույլ կտա էժան և հարմար գներով իրականացնել փոխադրումներ:
Ի հեճուկս այն կարծիքների, թե Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը շատ ծախսատար է և ոչ իրատեսական, վերջին զարգացումները ցույց տվեցին, որ չինական կողմը շահագրգռված է երկաթուղու կառուցման հարցում, ընդհուպ պատրաստ է ֆինանսապես աջակցել, նույնիսկ ծրագրի իրականացման նախագծի վերաբերյալ մի քանի առաջարկներ է ներկայացրել հայկական կողմին: Երկաթուղու կառուցման գործում կան նաև այլ շահագրգիռ կողմեր` ի դեմս Վրաստանի և Ռուսաստանի:
Հայ-իրանական երկաթուղու կառուցման կարևորությանն է անդրադարձել նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, ով նշել է, թե Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումն իրատեսական է համարում և ընդգծել այդ նախագծի կարևորությունը ՀՀ համար: Վ. Ռեբեցը հավելել է նաև, որ երկաթգծի կառուցման համար բավականին երկար ժամանակ կպահանջվի:
Հարկ է նշել, որ առաջինայում սպասվում է ՀՀ կառավարության ղեկավարի այցը Չինաստան, որի շրջանակներում հայկական և չինական կողմերը կքննարկեն նաև երկաթուղու կառուցման խնդիրը, անդրադարձ կլինի ծրագրի ֆինանսավորման խնդրին:
Ծրագրվում է, որ երկաթուղու կառուցումը կիրականացվի 6 տարում։ Նախագծի արժեքը գնահատվում է $3.5 մլրդ: Կարծում ենք՝ ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրի ֆինանսավորումը բարդ չի լինի Չինաստանի նման հզոր պետության համար, և հույս ունենք, որ մոտ ապագայում ականատես կլինենք, որ երկաթուղու կառուցումն արդեն իրողություն է, այլ ոչ թե նախագիծ թղթի վրա: