Medialab.am-ը գրում է.
Արդարադատության նախարարի պաշտոնում 32-ամյա Արփինե Հովհաննիսյանի նշանակմանը հետևած բուռն, սեքսիստական, ծաղրական բնույթի արձագանքները սոցիալական ցանցերում կանանց հարցերով զբաղվող մասնագետների գնահատմամբ ևս մեկ անգամ ցույց տվեցին հասարակությունում առկա խորը գենդերային ճեղքվածքը և կանանց վերաբերյալ կարծրատիպերի գերակայությունը։
«Այս օրինակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեր հասարակությունը չի ընդունում կնոջը որպես մասնագետ, որպես քաղաքական կամ հասարական գործիչ, այլ ընդունում է որպես կին, երկրորդ սորտի մի էակ. եթե այդպես չլիներ, քննարկումներ չէին լինի կնոջ սեռականության վերաբերյալ, ունակ լինելու աստիճանների վերաբերյալ։ Կասկած չէր դրվի նրա պրոֆեսիոնալիզմի վրա, բայց այդ բոլոր քննարկումներում առաջին հերթին նշվում է, թե արդյո՞ք նման պատասխանատու և դժվար պաշտոնը պետք է կին զբաղեցնի»,- «Մեդիալաբին» ասում է ֆեմինիստ, «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի նախկին ղեկավար Աննա Նիկողոսյանը։
Կապուտաչյա, համակրելի արտաքինով հանրապետական պատգամավորի նշանակումից վայրկյաններ անց սոցիալական ցանցերի հայ օգտատերերը կասկածի տակ առան իրավաբան Հովհաննիսյանի մասնագիտական արժանիքները և սկսեցին թափանցիկ ակնարկեր անել այն մասին, որ նրա մասնագիտական առաջխաղացման համար դեր է խաղացել վարչապետի հետ կապը։ Հովհաննիսյանը 2008-2011 թվականներին եղել է այն ժամանակ խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի խորհրդականը։
Հովհաննիսյանը այս կառավարությունում երրորդ կին նախարարն է՝ Հրանուշ Հակոբյանից ու Հասմիկ Պողոսյանից հետո։ Կանայք շատ փոքր թիվ են կազմում Հայաստանի իշխանության տարբեր ճյուղերում։ Համաձայն Ազգային վիճակագրական տվյալների՝ Հայաստանում չկան կին մարզպետեր և քաղաքապետեր, գյուղապետերի 2.2 տոկոսն է կին, դեսպանների՝ 5, նախարարների՝ 11, բարձրագույն պաշտոններում ընդգրկված քաղծառայողների՝ 14, պատգամավորների՝ 10.7, դատավորների՝ 22 տոկոսը։
«Ծի՜վ... ծի՜վ... Ծիտիկը առաջ թռավ... Ծաղիկներ տվեցին ձեռքն ու տարան... տաշի գոռացողն էլ Հովիկն էր Աբրահամյան, ով վաղուց տաշի էր տվել, պար էր եկել, տիրություն արել, իրենով արել... հիմա էլ տեր է, Արփինեի տերն ու.... Անտեր մնա՝ հիմա էլ Արփինեն պետք է ասի՝ ես վաստակել եմ նախարարի պաշտոնը... հա բա՝ վաստակել է...»,- ահա մեկնաբանություններից մեկը։ «Կույս կանանց միավորում» ՀԿ-ի շնորհավորական գրառման տակ մի օգտատեր էլ հարցրել էր՝ «Կույսը ոնց կարա՞ պաշտոն ունենա»։ Մյուսն էլ հորդորել էր «գնալ, երեխա ոնենալ, հիմարների խելքին չընկնել»։
Հետաքրքրական է, սակայն, որ նորանշանակ նախարարի պառլամենտական հակառակորդները՝ ընդդիմադիր պատգամավորները բարձր են գնահատում նրա մասնագիտական արժանիքները։ Օրինակ, Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի կարծիքով՝ նորանշանակ նախարարը «լավ, բանիմաց իրավաբան է»։
«Կանանց ռեսուրսային կենտրոնի» ղեկավար Լարա Ահարոնյանի համար նման հարձակողական, վիրավորական, ատելությամբ լի մեկնաբանությունները կանանց հասցեին նորություն չեն, սակայն կրկին զայրացնում են նրան, քանի որ նրա խոսքով՝ տղամարդու նշանակման դեպքում չէին անդրադառնա նրա արտաքին, անձնական, սեռական կյանքին։
«Տարբեր հետազոտություններ կան, որոնք ցույց են տալիս, որ մեր հասարակությունը իր մենթալիտետով չի ընդունում և չի ընկալում, որ կինը կարող է լիդեր լինել, կարող է որևէ քաղաքական լուրջ դիրք գրավել։ Սա այն բանի հետևանքն է, որ մենք տարիներով՝ իբրև հասարակություն չենք կարողացել այդ մենթալիտետը փոխել, որ կինն ու տղամարդը հավասար կարողություններ, ունակություններ և գիտելիքներ ունեն։ Քանի դեռ մեզ մոտ ոչ կրթության ոլորտում, ոչ դաստիարակչական ընդհանուր իրազեկման առումով մեծ մասշտաբով ծրագիր չկա, որպեսզի այդ կարծրատիպերը կոտրեն, իհարկե, նման քոմենթներ կտեսնենք։ Ոչ մի լուրջ ծրագիր չկա, որ դրա դեմն առնի»,- ասում է Ահարոնյանը։
«Կանանց ռեսուրսային կենտրոնի» ղեկավարը կարծում է՝ այս կարծրատիպերը հնարավոր կլինի կոտրել, եթե բացի ՀԿ-ներից, կանանց իրավունքների պաշտպաններից այս հարցը իր վրա վերցնի պետությունը։ «Սա ևս մի ապացույց է, թե ինչքան դժվար է կին լինել և մտնել այդ քաղաքական կյանք։ Շատերը ասում են՝ ոչ մի խոչընդոտ չկա, ով ուզում է կարող է մտնել քաղաքական կյանք, սա հստակ ապացույց է, որ այստեղ չգրված օրենքներ կան, որը ցույց է տալիս՝ ինչքան շատ դժվար է կնոջ համար, այսինքն ինքը շատ ավելի ուժեղ պետք է լինի, որ կարողանա այդ դժվարությունը հաղթահարել, որովհետև շուրջը բոլորը տղամարդիկ են լինելու, հերիք չէ դա, ու մի հատ էլ հասարակությունը իրեն չի ուզում, նրան չեն ընկալում՝ պարզապես որովհետև կին է»,- ասում է Ահարոնյանը։
Ինքը՝ Հովհաննիսյանը սեպտեմբերի 4-ին պաշտոնը ստանձնելուց հետո դեռևս որևէ կերպ չի անդրադարձել իր անձի վերաբերյալ մեկնաբանություններին, սակայն մեկ ամիս առաջ տված հարցազրույցում խոսել է գենդերային հավասարության մասին.
«Ես տղամարդկանց հետ քաղաքականության մեջ չեմ մրցակցում, այլ աշխատում եմ տվյալ պարագայում։ Բազմաթիվ անգամ առիթ ունեցել եմ նշելու, որ Հայաստանում, որպես ավելի շատ պատրիարխալ հասարակություն, կարծրատիպեր կան, որ կանայք քաղաքականության մեջ և շատ այլ պետական կառավարման ոլորտներում ասելիք չունեն և նրանց համար բարձունքներ նվաճելը բավականին բարդ է. կանանց ու տղամարդկանց համար մեկնակետը գրեթե երբեք հավասար չի լինում, ժամանակն է շատ բան իր տեղը դնում: Ես կարծում եմ, որ ամեն մեկը պետք է լինի արժանի իր զբաղեցրած տեղին և պաշտոնին՝ իր գիտելիքների ու հմտությունների շնորհիվ, ոչ թե սեռային պատկանելության ուժով»։
Ֆեմինիստ Աննա Նիկողոսյանի համար ցավալի է, որ շատ հաճախ հենց իրենք՝ կանայք են խորացնում այն կարծրատիպերը, որ կինը կարիերայի մեջ հաջողության է հասնում միայն անկողնու միջոցով։
«Ակնհայտ է, որ հանրապետականներին չեն սիրում, բայց ես չեմ կարծում, որ պատճառը նրա հանրապետական լինելն էր, նման գրառումներ մենք բազմիցս ենք տեսել ընդդիմադիր կանանց մասին, կամ այն լիդեր կանանց մասին, ովքեր քաղաքականությունից դուրս են։ Այստեղ կապ չունի ոլորտը և թե որ կուսակցությանն ես հարում, այստեղ հարցն այն է, որ եթե կինը մեր հասարակության մեջ որոշակի հաջողությունների է հասնում, ընդ որում եթե աճը թռիչքային է լինում, այդ դեպքում մարդիկ ոչ թե մտածում են՝ արդյոք իր մասնագիտական ունակություններն են պատճառը, որ այդ աճը ունեցել է, այս սկսում են քչփորել ու մտածել, որ այլ ենթատեքստ, այլ պատճառներ կան, մտածում են, որ մեր հասարակությունում կինը հաջողությունների կարող է հասնել այլ միջոցներով, ոչ թե իր խելքի»,- ասում է Նիկողոսյանը։
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն 2011-2012 թվականներին մի սոցիալական հետազոտություն է իրականացրել կանանց վերաբերյալ գոյություն ունեցող կարծրատիպերի մասին, որի շրջանակներում հարցվածների գերակշիռ մասը կարծիք է հայտնել, որ «կնոջ գլխավոր և միակ առաքելությունն է ընտանիքի մայր լինելն է»։
Համաձայն նույն հետազոտության՝ հարցված տղամարդկանց 60 տոկոսից ավելին կարծում է, որ կինը չի կարող լավ ղեկավար լինել։ Հարցվածների գրեթե տասը տոկոսը նշել է, որ կինը բիզնեսում հաջողությունների է հասնում միայն անկողնու միջոցով։
Լարա Ահարոնյանին Հովհաննիսյանի նշանակմանը հետևած արձագանքները մտահոգում են նաև այն պատճառով, որ կարող են թևաթափ անել այլ կանանց։
«Միգուցե ինքը ուժեղ է, կարող է դիմանալ, բայց ուրիշ կանայք, մանավանդ երիտասարդ կանայք, որ կողքից նայում են, պլանավորում են նման կարիերա իրենց համար, հավանաբար սա իրենց վրա կազդի, որովհետև ահավոր շատ են ատելությամբ լցված քոմենթները, հստակ չեն ուզում, որ կին լինի ղեկավար պաշտոնում կամ չեն վստահում»,- ասում է նա։