Tert.am-ը գրում է.
Ըստ էության կան դրույթներ, որոնց վերաբերյալ այս կամ այն չափով կա կոնսենսուսային մոտեցում. այսօր հրավիրված ասուլիսին՝ խոսելով սահմանադրական փոփոխությունների գործընթացից, նման տեսակետ հայտնեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը:
«Խորհրդարանական լսումները շատ լավ խոսում էին այն ձևակերպումների մասին, որտեղ կան կոնսենսուսային լուծումներ, և ողջ շաբաթվա գործընթացը էապես բարելավեց սահմանադրական նախագծի տարբերակը»,- ասաց նա և նշեց, թե քննարկումներն ավելի ու ավելի լայն շրջանակ են ընդգրկել՝ թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական շրջանակներում:
Գագիկ Մինասյանը նշեց, թե որոշ խնդիրներ լսումներին ժամանակ բարձրաձայնվեցին, և պարզ դարձավ, որ ոչ բոլոր մասնակիցներ են ծանոթ նախագծի արդեն փոփոխված տարբերակին:
Նա մասնավորապես անդրադարձավ բարձրաձայնված այն հարցին, որ նոր ձևավորված խորհրդարանի նախագահը կարող է առաջարկել վարչապետի թեկնածու, ինչը չափազանց մեծ լիազորություն է: Մինասյանը նշեց, թե ըստ էության, հասկանալի է, որ խոսնակի լիազորությունն է մեծամասնության կարծիքը ներկայացնելը:
Մինասյանը ներկայացրեց նաև «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության մտահոգությունը, թե՝ կարող եք ցույց տալ այն ճգնաժամային իրավիճակը, որը պարտադրում է սահմանադրության մեջ փոփոխություն իրականացնել:
ՀՀ պատգամավորը նշեց, որ դա կարևոր հարցադրում է և նշեց, որ գործող կառավարման կիսանախագահական համակարգում կա երկու առաջնային մանդատ՝ խորհրդարանի մեծամասնություն և ՀՀ նախագահ, որոնք կարող են տարբեր ուժեր ներկայացնել, կամ էլ նույն ուժը լինելով՝ տարբեր տեսակետներ ունենալ՝ ներքին, պաշտպանության, արտաքին և այլ հարցերում, ինչն էլ կհանգեցնի ճգնաժամի: «Տեսնում ենք ճգնաժամի սաղմերը ամբողջ էությամբ, եթե տարբեր տեսակետներ են ներկայացնում, ապա անխուսափելի է հակամարտությունը և հնարավոր է ծայրահեղ դրսևորում ստանալ»,- ասաց նա:
Մյուս դեպքում, եթե երկու առաջնային մանդատ ունեցողները նույն քաղաքական ուժի ներկայացուցիչ են, այս դեպքում էլ ստացվում է իշխանության գերկենտրոնացում: Մինչդեռ, ըստ նրա, խորհրդարանականի ժամանակ կարող ենք ամեն օր իշխանություն փոխել:
Կայուն մեծամասնությանը վերաբերող հարցի մասով, Գագիկ Մինասյանը նշեց, թե եկան հետևյալ եզրակացության, որ առաջին փուլից հետո, եթե որևէ ուժ մեծամասնություն չի ստանում, ապա առաջին փուլը հաղթահարած քաղաքական ուժերը կարող են ստեղծել կոալիցիա և մեծամասնություն ձևավորել, առաջինով էլ ամեն ինչ ավարտվի, ընդ որում առանց որևէ սահմանափակման: «Բայց եթե չի ստացվում, այդ ժամանակ կարող է խորհրդարանը երկրորդ փուլ անցկացնել ընտրական իրավունքով»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է «Ոչ»-ի ճակատին, ապա Մինասյանը նշեց, որ դժվար է ասել, ինչի կհանգեցնի. «Պետք է բոլորիս պարտադրի, որ ճշմարտությունն ավելի ջանադրաբար ներկայացվի հասարակությանը»:



