Ladyhealth.com.ua-ի փոխանցմամբ՝ ճապոնացի գիտնականները բնական հյութերը դասակարգել են ըստ գույների և պարզել են յուրաքանչյուր երանգին բնորոշ օգտակար հատկությունները։
Մրգերից ու բանջարեղենից պատրաստված կարմիր գույնի հյութերն արագացնում են արյան շրջանառությունը և վերականգնում օրգանիզմի էներգետիկ պաշարները։ Այդ գույնի հյութերն օգտակար են այն մարդկանց համար, ովքեր տառապում են սրտանոթային հիվանդություններից։ Նման հյութեր կարելի է պատրաստել լոլիկից, բողկից, կեռասից, բալից, ճակնդեղից, կարմիր կաղամբից։
Նարնջագույն հյութերը մարդուն հաղորդում են տոնուս և բարձրացնում նրա տրամադրությունը։ Այսպիսի հյութեր կարելի է ստանալ նարնջից, մանդարինից, դդումից, գազարից, դեղձից ու ծիրանից։
Դեղին գույնի հյութերն ավելի լավ են թարմացնում ու ակտիվացնում շարժողական գործառույթները։ Բացի այդ, նրանք անփոխարինելի են փորկապության ժամանակ։ Դեղին գույնի հյութեր կարելի է ստանալ արքայախնձորից ու խնձորից, թուրինջից ու մանգոյից, ադամաթզից ու պապայայից։
Կանաչ գույնի հյութը թուլացնում է մարդու նյարդային համակարգն ու մաքրում արյունը։ Այս գույնի հյութեր կարելի է ստանալ կանաչ գույնի տերևակիր բանջարեղենից, օրինակ՝ սպանախից։
Կապույտ գույնի հյութն էլ օգնում է գլխացավի ժամանակ և նվազեցնում օրգանիզմի տոնուսը։ Նման հյութերը ստացվում են հատապտուղներից՝ հապալաս, մոշ, խաղող և սալորի որոշ տեսակներ։



