Չինաստանում վարորդների կողմից տարածված երևույթ է դարձել դիտավորյալ սպանել այն հետիոտներին, որոնց վրաերթի են ենթարկել։ Նրանք մի քանի անգամ անցնում են մեքենայի տակ հայտնված մարդու վրայով` համոզվելու համար, որ նա մահացել է։ Մեզ համար դա գազանություն է, բայց Չինաստանում դա արդեն նորմալ երևույթ է դարձել։ Բացի այդ, միշտ չէ, որ վրաերթի հեղինակ վարորդը ստանում է իր արժանի պատիժը։ Փորձենք պարզել, թե ինչու։

Ապրիլ ամսին մրգի շուկայով արագ ընթացող BMW մակնիշի ավտոմեքենան վրաերթի ենթարկեց 2 տարեկան աղջնակին։ Երբ վերջինիս տատիկը բղավեց, որ մեքենան կանգնի, քանի որ երեխային գցել է տակը, ղեկին նստած կինը հետընթաց կատարեց և ևս մեկ անգամ անցավ երեխայի վրայով։ Հետո նորից առաջ շարժվեց... և այդպես երեք անգամ։ Հետ–առաջ անելուց հետո կինը դուրս եկավ մեքենայից և երեխայի տատիկին գործարք առաջարկեց.
–Չասեք, որ ղեկին ես էի, և մենք ձեզ փող կտանք։
Ճանապարհային տեսախցիկներն ամեն օր այդպիսի բազմաթիվ դեպքեր են ֆիքսում, երբ վարորդները, վրաերթի ենթարկելով հետիոտնին, դիտմամբ մի քանի անգամ անցնում են նրանց վրայով, այնուհետև դիմում փախուստի։ Չինարենում նույնիսկ այդ առիթով արտահայտություն է հայտնվել. «Ավելի լավ է միանգամից մահացու վրաերթի ենթարկել, քան հարվածել ու վիրավորել»։
2008 թ–ին նմանատիպ մի դեպք եղավ, երբ Passat-ը վրաերթի ենթարկեց 64–ամյա մի կնոջ։ Ղեկին նստած Չժաո Սյաո Չենը մի քանի անգամ հետ–առաջ արեց կնոջ վրայով, այնուհետև փախուստի դիմեց։
Զարմանալի կերպով Չժաոին չմեղադրեցին դիտավորյալ սպանության մեջ՝ հավատալով նրա այն ցուցմունքին, որ իրեն թվացել է, թե անցնում է աղբի տոպրակի վրայով։ Անփութության համար Տայչժոու քաղաքի դատարանը տղամարդուն դատապարտեց 3 տարվա ազատազրկման։
Այդ ավտովթարը` 45–րդ վայրկյանից
Այս երևույթը գործում է արդեն քանի տասնամյակ։ Այդպիսի դեպքեր լինում են նաև Թայվանում։ Տեղի տաքսու վարորդներից մեկը մի անգամ քիչ էր մնում վրաերթի ենթարկեր մոտոցիկլիստին։ Բայց ամեն ինչ բարեհաջող ավարտ ունեցավ։ Կողքին նստած արտասահմանյան լրագրողին նա ասաց, որ եթե երբևէ մարդ գցի մեքենայի տակ, ապա այնքան կանցնի նրա վրայով, մինչև վերջինս մահանա։ Լրագրողի սարսափած հայացքին ի պատասխան նա բացատրեց, որ վթարի արդյունքում խեղելով մարդուն, նրան հաշմանդամ դարձնելով՝ վարորդը ստիպված է լինում հոգալ նրա ծախսերը մինչև կյանքի վերջ։ Բայց եթե սպանի նրան, ապա միանվագ վճար է կատարում` իբրև թաղման ծախսեր։
Շատերը կարծում են, որ դա նաև կոռումպացված դատական համակարգի հետևանքն է, ովքեր կլորիկ գումարի դիմաց աչք են փակում տեսախցիկների արձանագրած կադրերի վրա։ Չինական մամուլը վերջերս հոդված էր հրապարակել, որում ասվում էր, որ վրաերթի արդյունքում ողջ մնացած, բայց հաշմանդամ դարձած մարդու վրա առաջին 23 տարիների ընթացքում ծախսվել է 400 հազար դոլար։ Հետիոտնի մահվան դեպքում միանվագ վճարը կազմում է 30-50 հազար դոլար, իսկ բուժման ծախսերը կարող են հասնել միլիոնների։
Նման դեպքերից ամենասարսափելին նրանք են, որոնց ժամանակ զոհին լուրջ վնասվածք հասցրած չեն լինում, բայց վերադառնում և սպանում են նրան։ Սինչուան նահանգում հսկայական բեռնատարը վրաերթի ենթարկեց 2 տարեկան տղային։ Երեխան թեթև վախեցավ, բաց ոտքի կանգնեց։ Ականատեսները պատմում էին, որ ոտքի կանգնելուց հետո նա գնացել էր փողոցի մեջտեղում հայտնված իր անձրևանոցի հետևից, բայց բեռնատարը հետընթաց էր կատարել և այս անգամ սպանել երեխային։
Չնայած վկաների ցուցմունքներին՝ տեղի ոստիկանությունը հայտարարեց, որ բեռնատարը հետընթաց չի կատարել և երկրորդ անգամ վթարի չի ենթարկել երեխային։
Բայց ոչ միշտ է, որ ճանապարհային մարդասպաններն անպատիժ են մնում։ Յաո Ցզյասին անունով մարդը 2010 թ.–ին Սիանում վրաերթի ենթարկեց հեծանվորդուհուն։ Որպեսզի հաստատ համոզված լինի նրա մահվան մեջ, տղամարդը նույնիսկ մի քանի անգամ դանակով հարվածեց վիրավոր կնոջը։ Նա ձերբակալվեց և մահապատժի ենթարկվեց։ Եվս մեկը կանխամտածված սպանության համար դատապարտվեց 15 տարվա ազատազրկման։
Իսկ մրգի շուկայում երեխային վրաերթի ենթարկած և նրա տատիկին կաշառք առաջարկած կինը, այնուամենայնիվ, կանգնեց դատարանի առաջ։ Նրա խոսքերով՝ սպանությունը պատահական էր ստացվել։ Մեղադրող կողմն ընդունեց նրա վարկածը և դատավորին խորհուրդ տվեց նվազեցնել դատավճիռը մինչև 2-4 տարվա ազատազրկման։
Ստացվում է, որ մարդուն դիտավորյալ սպանելը Չինաստանում ավելի էժան է, քան վիրավորելն ու հաշմանդամ դարձնելը։



