ԱԺ քննիչ հանձնաժողովները պետք է օժտված լինեն իրական լծակներով, որպեսզի կարողանան իրենց առջև դրված խնդիրները լուծել.
Սահմանադրական բարեփոխումների նախագծի «Ազգային ժողովը» գլխի 108-րդ հոդվածով նախատեսվում է ստեղծել Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովներ, սակայն այդ հանձնաժողովներին չեն տրվում այնպիսի լիազորություններ, որոնք անհրաժեշտ են կառավարման խորհրդարանական համակարգ ունեցող երկրին: Ըստ նախագծի՝ քննիչ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդի պահանջով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են հանձնաժողովին տրամադրել նրա իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ, եթե դրանք օրենքով պահպանվող գաղտնիք չեն:
Այսպիսով, նախագծի հեղինակները նախատեսել են քննիչ հանձնաժողով, որը շատ կարևոր է, բայց միևնույն ժամանակ այդ հանձնաժողովին չեն օժտել այնպիսի անհրաժեշտ գործիքակազմով, որպեսզի այն չլինի հերթական անատամ խորհրդարանական մեխանիզմը: Կարծում եմ՝ խորհրդարանական կառավարման համակարգում անիմաստ է ունենալ այնպիսի քննիչ հանձնաժողով, որն իրավասություն չունի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց պարտադիր մասնակցության կարգով հանձնաժողով հրավիրել և հարցեր ուղղել:
Այստեղ պետք է հիշեցնեմ, որ ՀՀ նախագահի 2008 թվականի հոկտեմբերի 23-ի կարգադրությամբ ստեղծված փորձագետների փաստահավաք խումբը, որն իրականացնում էր 2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների պատճառների վերհանման և բացահայտմանն ուղղված փաստերի հավաքումը, օժտված էր շատ լայն լիազորություններով: «Փորձագետների փաստահավաք խմբի» կարգի 9-րդ կետի համաձայն` խումբն իրավասու էր անցկացնել դռնփակ նիստեր: Նիստերին հրավիրված պետական մարմինների կամ տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողները և պաշտոնատար անձինք պարտավոր էին պատասխանել Խմբի անդամների հարցերին, տալ պարզաբանումներ: Տվյալ պարագայում, այսօրվա գործող սահմանադրությամբ կիսանախագահական կառավարման համակարգում մենք ունեցել ենք նախադեպ, որով ՀՀ նախագահի կարգադրության հիման վրա ժամանակավոր ստեղծված փաստահավաք խումբն ունեցել է այնպիսի լիազորություն, ինչպիսին պետք է ունենա կառավարման խորհրդարանական մոդելի երկրի խորհրդարանի քննիչ հանձնաժողովը:
Այսպիսով, եթե իրապես ցանկություն և քաղաքական կամք կա Հայաստանը դարձնել խորհրդարանական պետություն, ապա առաջարկում եմ սահմանադրության նախագծի 108-րդ հոդվածի («Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովները») 3-րդ մասը լրացնել հետյալ բովանդակությամբ նախադասությամբ. «Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք պարտավոր են քննիչ հանձնաժողովի կանչով ներկայանալ Ազգային ժողով»: