Civilnet.am-ը գրում է.
Ազգային ժողովում այսօր Պետաիրավական հարցերի հանձնաժողովի կազմակերպած նոր սահմանադրության նախագծի քննարկմանը ամուսնությունների վերաբերյալ դրույթի շուրջ բուռն բանավեճ տեղի ունեցավ: Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը հորդորեց ոստիկանների կանչել և նիստերի դահլիճից «հանել ս… անել» այն քաղաքացուն, որը հիմնական զեկուցողներ Վարդան Պողոսյանին և Հրայր Թովմասյանին մեղադրում էր սահմանադրության նախագծով միասեռական ամուսնությունների թույլատրումն ապահովելու համար։ Միասեռական ամուսնությունների մասին հարցը բարձրացրել է հանրային դաշտի ներկայացուցիչ Ժասմինա Ղևոնդյանը։
Հիմնական զեկուցող Հրայր Թովմասյանը, պատասխանելով տիկին Ղևոնդյանին, ասաց, որ եթե ՀՀ-ում գրանցվի միասեռական որևէ ամուսնություն, ապա դա կլինի հակասահմանադրական․ «Մեր սահմանադրությունը միասեռական ամուսնություններն արգելում է»։ Թովասյանի այս դիտարկմանը տեղից արձագանքեց մի քաղաքացի՝ ասելով, թե Թովմասյանը ստում է, քանի որ նախագծի անգլերեն տեքստում գործածված «կին և տղամարդ» եզրույթները դրված են հոգնակի թվով, ինչը ենթադրում է, որ ընտանիք կարող են կազմել չափահասություն ունեցող կին-կին և տղամարդ-տղամարդ քաղաքացիները։ «Ինչպես ուզում եք դա հասկացեք և ինչպես ուզում եք մեկնաբանեք։ Միասեռ ամուսնությունները ՀՀ սահմանադրությամբ ընտանիք չեն և չեն կարող դիտարկվել որպես ընտանիք, գտնվել պետության հոգածության տակ, չեն կարող համարվել հասարակության բնականոն բջիջ»,- ասաց Թովմասյանը: Իսկ երբ քաղաքացին տեղից շարունակեց պնդել, որ վերջինս անկեղծ չէ իր պատասխանում, Թովմասյանը նիստը վարող Հովհաննես Սահակյանին հորդորեց հրավիրել ոստիկաններին և «ս. անել» քաղաքացուն նիստերի դահլիճից։