2011-2014 թվ.-ի ընթացքում ավտոգազալցակայաններում տարեկան տեղի է ունեցել միջինը 20 պայթյուն: Այդ լցակայաններն արդեն 10-15 տարի է, ինչ շահագործվում են և վերջին անգամ հասարակական ուշադրության կենտրոնում հայտնվել էին 2013-ին: Այն ժամանակ անվտանգության նկատառումով գազալցակայաններին պարտադրվեց բաշխիչ աշտարակների տեղադրումը, որոնք բացառում են չափից ավելի գազի լիցքավորումը:
Այնուամենայնիվ, վերջին իրադարձությունները մտածելու բավական մեծ տեղիք են տալիս: Ոլորտում առկա են խնդիրներ ինչպես ավտոմեքենաներում տեղադրվող գազաբալոններին ներկայացվող պահանջների, տեղադրման գործընթացի անվտանգության, ավտոմեքենաների տեխսպասարկման գազաբալոնների անվտանգության հավաստիացման գործընթացի պատշաճ կատարման և հակառակ դեպքում թերացող կազմակերպությանը պատասխանատվության ենթարկելու հարցերը: Այլ կերպ ասած՝ ոլորտում բարեփոխումների կարիք կա:
Երկու օր առաջ գործադիր մարմնի նիստին վարչապետի հանձնարարությամբ ստեղծվեց աշխատանքային խումբ, որը պետք է ներկայացնի փոփոխությունների հայեցակարգային մոտեցումները:
Նպատակը, իհարկե, Հայաստանում սեղմված բնական գազով աշխատելու համար գազաբալոնային համակարգերով լրակազմված ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության բարձրացումն է և գազաբալոնային սարքավորումներով վերասարքավորված տրանսպորտային միջոցների լիցքավորման ժամանակ դժբախտ պատահարների կանխարգելումը:
Ամեն դեպքում, ոլորտի բարեփոխումների հաջողությունը պայմանավորված է պատկան մարմինների պարտականությունների պատշաճ կատարմամբ և թերացումների համար պատասխանատու անձանց պատասխանատվության ենթարկելու պրակտիկայի ձևավորմամբ: