Hraparak.am-ը գրում է.

Այսօր առավոտյան լուր տարածվեց, թե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին նշանակել են Կապանի թիվ 6 դպրոցի փոխտնօրեն։ Մամուլում աղմուկ բարձրանալուց ժամեր անց, սակայն, նրա նշանակումը չեղյալ հայտարարվեց։ Բոլորը սկսեցին քննադատել, թե ծեծուջարդերի մասնագետ, կրիմինալ համբավ ունեցող «ախրանիկը» նշանակվել է դպրոցի փոխտնօրեն։ Այս լուրը Hraparak.am-ի հետ զրույցում հաստատեց նաև տվյալ դպրոցի տնօրեն Մարինե Դավթյանը՝ գովասանքի դավթարը բացելով Զարզանդի մասին, թե շատ լավ տղա է, բարյացակամ, հոգատար, վայելում է ուսուցիչների և աշակերտների սերն ու հարգանքը, մի խոսքով՝ իսկը անբասիր վարքով 40 տարվա վաստակաշատ մանկավարժ։ Մամուլում բարձրացված աղմուկից հետո, սակայն, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն արագ արձագանքեց եւ իր ֆեսյբուքյան էջում ավետեց․ «Սյունիքի մարզպետարանի հետ հարցը քննարկելուց հետո որոշվեց չեղյալ անել Կապանի դպրոցներից մեկում փոխտնօրենի նշանակման մասին որոշումը»։ Դեռ մի բան էլ շնորհակալություն հայտնեց լրատվամիջոցներին՝ «օպերատիվ աշխատանքի համար»։ Ասել է թե, մամուլը սթափեցրեց իրեն և բոլորին, հետո էլ կբողոքեն մամուլից, թե գաղջ մթնոլորտ ենք ձևավորում։ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այս հարցով Hraparak.am-ի հետ զրույցում իրարամերժ պատասխաններ տվեց՝ ակամա սուտ հանելով դպրոցի տնօրենին, հասցրեց վիրավորել այս և իր մասին մեկ այլ ինֆորմացիա հրապարակած լրատվամիջոցին ու լրագրողին։ 

-Պարո՛ն Խաչատրյան, Ձեր թիկնապահին նաշանակեցին դպրոցի փոխտնօրեն, հետո նորից ազատեցին, ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

-Ոչ նշանակել են, ոչ էլ ազատել։

-Այսինքն՝ չի՞ նշանակվել փոխտնօրեն։

-Զարզանդը չի նշանակվել, չգիտեմ՝ Ձեզ ով ա ինչ ասել, բայց Զարզանդը փոխտնօրեն չի նշանակվել։ 

-Բայց դպրոցի տնօրենը մեզ հետ զրույցում հաստատեց, ասաց՝ այո, նույնիսկ գովեց, թե շատ լավ տղա է։

-Որ լավ տղայա, չի նշանակում, որ վատ տղայա, դե լավ տղայա, ինչ անենք, որ լավ տղայա, դպրոցի տնօրենն ասի՝ վա՞տ տղայա․․․ ես ասում եմ, որ չի նշանակվել, հիմա ինձանից հարցնում ես՝ նշանակվել ա, թե չէ, ես ասում եմ՝ չի նշանակվել։ 

-Փաստորեն տնօրենը ճիշտ չի՞ ասել։

-Տնօրենը քեզ հաշվետու՞ ա, որ ճիշտ ասի կամ սխալ ասի։ Ինչո՞վ ա հաշվետու Ձեզ, խնդրում եմ հլը ինձ ասա։ 

-Հաշվետուի հարց չի այստեղ, բայց մամուլ ենք, զանգում ենք հստակ տեղեկություն իմանալու․․․

-Բա ինչի՞ մասին ես խոսում, տնօրենը հո ձեզ հաշվետու չի՞։ Դե մամուլ եք, զանգում եք, հիմա, եթե դուք ձեզ թույլ եք տվել մտնեք դպրոցի բաների մեջ, թե դպրոցի տնօրեն ով ա նշանակվել, ով ա ազատվել, տնօրենն էլ կարա ձեզ ոչ ճիշտ պատասխանի։ 

-Բայց դա, ըստ Ձեզ, էթիկապես ճի՞շտ է, որ ճիշտ ինֆորմացիա չտան։

-Իսկ ճիշտ ա, որ մի շաբաթ առաջ գրում էիք, որ քաղաքապետի եմ ծեծել, երբ ընդհանրապես նման բան չի եղել, էդ ճի՞շտ էր, որ գրել էիք։ Ոչ մի անգամ էդ ճիշտը ձեզ չի վերաբերում, հա՞, ուրիշներին ա վերաբերում էդ ճիշտը։ Բա մի անգամ էլ դուք ձեզ ճիշտ պահեցեք, էլի, ոչ թե ուրիշներից էդ ճիշտը պահանջեցեք։ 

-Էդ նյութը մենք չենք գրել, իհարկե, բայց․․․

-Դե, հիմա, ես գրողին էլ եմ ասել, ասել եմ՝ անողի հերն էլ անիծած, գրողին էլ։ Հիմա դա ի՞նչ ա նշանակում, սուտ, սուտ, էդ կարգի՞ սուտ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել