Image result for վիճակագրությունՉնայած տարեսկզբին տիրող տնտեսական ծանր վիճակին, օրերս հրապարակված Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ սույն տարվա երկրորդ եռամսյակում համախառն ներքին արդյունքը շուկայական գներով կազմել է մոտ 1.1 մլրդ. դրամ, ինչը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ գրանցել է 5.1% աճ, այդպիսով այս տարվա առաջին կիսամյակում ՀՆԱ-ի աճի տեմպը կազմել է մոտ 4%: Հատկանշական է, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ը երկրորդ եռամսյակում կազմել է 369 հազ. դրամ, որը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է մոտ 17%-ով:

Հարկ է նշել, որ ՀՆԱ-ի աճը պայմանավորված է գյուղատնտեսության, արտադրության, շինարարության և ծառայությունների համապատասխանաբար` 14.5%, 5.1%, 0.6% և 3.3% աճով: Իսկ ՀՆԱ աճի տեմպը փոքր-ինչ դանդաղել է առևտրաշրջանառության 5.1% նվազմամբ:
Գաղտնիք չէ, որ ՀՀ տնտեսապես ակտիվ բնակչության մեծ մասը զբաղված է գյուղատնտեսության, ծառայության և արդյունաբերության ճյուղերում, ինչից էլ կարելի է փաստել, որ բարձրացել է բնակչության մեծ մասի կենսամակարդակը, որն էլ ևս մեկ ապացույցն է միջին ամսական անվանական աշխատավարձի աճը` նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նմակտմամբ մոտ 10%-ով, ինչը գրեթե 2.5 անգամ ավելի արագ է քան ՀՆԱ-ի աճի տեմպը, ինչից հետևում է, որ Ազգային եկամտի կառուցվածքի մեջ մեծացել է աշխատավարձի մասնաբաժինը, այսինքն տեղի է ունեցել կապիտալի ցրում դեպի ավելի ցածր կենսամակարդակային շերտեր:

Հարկ է նշել նաև, որ ՀՆԱ-ի 4% աճին զուգահեռ նվազել է արտաքին աշխարհի հետ հարաբերությունների մակարդակը` կրճատվել են արտաքին առևտրաշրջանառությունը, արտաքին տրանսֆերտները և օտարերկրյա ներդրումները: 2015-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 20.6%-ով, ինչը տեղի է ունեցել հիմնականում ներմուծման 27.2% կրճատման հաշվին, իսկ դա իր հերթին պայմանավորված է արտաքին տրանսֆերտների կրճատման ու դրանից բխող ներքին առևտրաշրջանառության նվազմամբ:

Այսինքն՝ ստացվում է, որ առաջին կիսամյակում տնտեսության 4%-անոց աճի դրական ալիքները տարածվել են բնակչության գրեթե բոլոր շերտերի վրա, սակայն առևտրի ոլորտի անկումը բացասական ազդեցություն է թողել ոլորտի ձեռնարկությունների վրա, ինչը հաջորդ ժամանակաշրջաններում կարող է բերել ոլորտի աշխատկիցների աշխատանքային պայմանների վատթարացման: Իսկ ինչ վերաբերվում է արտաքին առևտրաշրջանառության նվազմանը, դրա հիմնական բացասական ազդեցությունը կարող է լինել արտաքին շուկաների կորուստը և գործընկերների հետ հարաբերությունների խզումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել