Սխալ է, երբ համեմատում են Արցախի ու Ղրիմի խնդիրները, դրանք բացարձակապես տարբեր են: Ղրիմը լրիվ այլ հարց է. դա թերևս կարելի է համեմատել մի գեղեցիկ մատանու հետ, որը սկզբից նվիրաբերվում է, իսկ գժտվելուց հետո ետ է խլվում: Վաղն էլ չի բացառվում, որ հաշտվելուց հետո գուցեև նորից ետ տրվի, Աստված իրենց հետ: Իսկ 1921 թ. Արցախի կարգավիճակի որոշման հարցը, որքան էլ որ պարադոքսալ է, լուծել են ոչ թե Հայաստանն ու Ադրբեջանը, այլ մեկ այլ` երրորդ կողմը, տվյալ դեպքում` Ռուսաստանի կուսակցական մարմինը: Ավելի անտրամաբանական իրավիճակ դժվար թե գտնվի մեր ժամանակներում: Այս որոշումն իրոք որ աննախադեպ իրավական ակտ է միջազգային իրավունքի պատմության մեջ, երբ երրորդ երկրի կուսակցական մարմինն առանց որևէ լիազորության, իրավական հիմքի կամ իրավասության որոշում է մեկ այլ տարածքի կամ մեկ այլ երկրի կարգավիճակը:
Հիշեցնենք, որ 1921թ. հուլիսի 4-ին Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության Կովկասյան բյուրոն Թիֆլիսում հրավիրում է լիագումար նիստ, որի ընթացքում սկզբից հաստատվում է Լեռնային Ղարաբաղը Հայկական ԽՍՀ մաս հանդիսանալու փաստը։ Սակայն Մոսկվայի կուսակցական վերադասի թելադրանքով և Ստալինի անմիջական միջամտությամբ, ինչպես նաև օգտվելով Հայաստանի ջախջախված վիճակից` հուլիսի լույս 5-ի գիշերը վերանայվում է նախորդ օրվա որոշումը: Ընդունվում է Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանի կազմում ընդգրկելու և այդ տարածքում ինքնավար մարզ կազմավորելու վերաբերյալ տրամաբանությունից զուրկ որոշում, այն դեպքում, երբ չէր պահպանվել նույնիսկ բյուրոյի նիստի ձևական ընթացակարգը։



